Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ռաբիս աշխարհընկալում

Մայիս 11,1998 00:00
Agasi enoqyan

Ճիշտ կլինի ազգային գաղափարախոսությունը ենթադրել ոչ թե որպես մի փարոս, որին պետք է ձգտեն ազգը եւ պետությունը, այլ որպես այն հոգեւոր իրողությունը, որտեղ ապրում ենք եւ գործում: Նման մոտեցումը իրական է, քանի որ ապագայի ծրագրերի փոխարեն տալիս է իրականության գաղափարական պատկերը, ուր քաղաքական որոշումներ են կայացվում: Թերեւս, ակնհայտության պատճառով, չարժե կրկին անդրադառնալ իրողությանը համարժեք որոշումներ կայացնելու կարեւորությանը: Համաձայն արդեն տրված սահմանման, ռաբիսը մտածողության եւ գործունեության այն ձեւն է, որտեղ իրականության օբյեկտների փոխարեն օգտագործվում են փոխմիջոցները (սուռոգատ), եւ ազգային գաղափարախոսության մեջ ու հանրային մտածելակերպում ռաբիսը դարձյալ դոմինանտ է մնում:

Պատմություն

Բեռնատարի կամ ավտոբուսի սալոնում, բացի կիսամերկ աղջիկներից ու բենգալացի գեղեցկուհիներից, կարող ենք տեսնել Անդրանիկի, Ստալինի կամ Վարդան Մամիկոնյանի լուսանկարները: Սա պատմության ու հայրենասիրության մեր ամենակենցաղային ըմբռնումն է, ընդ որում՝ նկարները փոխատեղելի են: Մեր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ բոլորս էլ քաջատեղյակ ենք պատմությունից, սակայն այն ընդունում ենք միայն հատվածաբար եւ անպայման՝ նեղացած: Եղեռնի կամ 1921թ. Կավբյուրոյի որոշման մասին բոլորս գիտենք, սակայն ժողովրդական գիտակցության մեջ երբեք անհրաժեշտություն չի առաջանում քննել դրա պատճառները, այլ գործում է սուռոգատների՝ ի ծնե արնախում թուրքերի, հայատյաց Ստալինի, իրենց շահը չգիտակցող ռուսների մասին պատկերացումների միջոցով:

Մի կողմից՝ սա բնական երեւույթ է, քանի որ երկրի բոլոր քաղաքացիները չեն կարող պատմաբան լինել, սակայն այն վտանգավոր է դառնում ներկայի՝ քաղաքական անցքերի ու կենցաղի վրա պատմության ունեցած ճնշող ազդեցության պատճառով: Ավելին, պատմություն-իրականություն կապը մեզանում ունի նաեւ հետադարձ բնույթ, այսինքն, մեր պատմությունը փոխվում է, կախված ներկայից: Խնդիրը միայն սովորական կոնյունկտուրիզմը չէ, երբ ասենք, Ավարայրում պարտությունը ներկայացվում է որպես փառապանծ էջ, կամ մայիսի 9-ը հանվում է տոնացույցից, որպես կոմունիստական մնացուկ: Պատմությունը վերակերտելու օրինակ է Չեխովի կիսանդրին հանել-դնելը: Հատվածական ընկալվող ռաբիս պատմությունը վերածվում է ինքնագովազդի կամ այլոց հասցեին հայհոյանքների, դառնում այնպիսի ուսուցիչ, որը երբեք անցյալի սխալների վրա չի սովորեցնում: Գործում է ռաբիսի ընկալման ընդհանուր օրինաչափությունը՝ կետի միտող աշխարհայացքը, եւ պատահական չէ, որ հայոց հինգհազարամյա պատմությունը սկսվում է արդեն Խանասորի արշավանքից:

Եկեղեցի

Կարող ենք մեծամիտ հանգստությամբ հայտարարել, թե ամեն հայ էլ Հայ առաքելական եկեղեցու գառն է, քանի որ սովորաբար բոլորն էլ մատաղ ուտում են եւ գոնե տարին երկու անգամ մոմ են վառում: Անգամ հայ կրոնավորը չի ընդունում, որ եկեղեցին ոչ թե քարե շինությունն է, այլ ժողովուրդը: Վերացել է ծխական քահանայի ինստիտուտը, որը շրջում էր իր ծխում, ծանոթանում մարդկանց կենցաղի հետ ու Աստծո խոսքը հիշեցնելով, կիսում նրանց հոգսերը: Փոխարենը նա նախընտրում է սպասել, թե երբ են բերելու աղը, որ օրհնի: Այս կրոնը բավարարում է նաեւ անհատապաշտությամբ ապրող քաղքենուն, որն իր հաջողությունները պայմանավորում է միայն ճարպկամտությամբ, իսկ Աստծուն հիշում է, երբ արդեն իր բանականությունը չի բավարարում նույն հաջողության համար: Տարածվող ռաբիս կրոնական գիտակցությունն է, որ «հավատացյալ» ասելով հասկանում է աղանդավորին, ինչը բնական է, քանի որ նեղացնելով Աստծո Տաճարը, այն ազգային ավանդույթներով սահմանափակելը, հայ եկեղեցուն է տալիս զուտ նոմինալ, ինքնաբավ ֆունկցիա, եւ շատերին է դուրս դնում այդ շրջանակներից: Նոմինալ եկեղեցին բավարարում է հիմնական զանգվածի նոմինալ, ռաբիս եկեղեցասիրությունը, որին որպես նախընտրական քարոզ, հայրենասիրության, ազգային միասնության ու հոգեւորի դրսեւորում, հայտարարում են, թե «Մեզ համար է հնչում զանգը», առանց հասկանալու վերջին իմաստության ողբերգական խորհուրդը:

Սփյուռք

Ռաբիսի պատմաբանները հիշում են, որ հերթական կասետը ստեղծելու համար կիթառիստը գալիս էր Բաքվից, թմբկահարը՝ Թբիլիսիից, իսկ ակորդեոնիստը՝ Կիսլովոդսկից: Երկար ժամանակ ռաբիս երգերի գերակշիռ լեզուն ռուսերենի Կիրովաբադի բարբառն էր, որը հարազատ ու ընդունելի էր թե՛ Հայաստանի, թե՛ խորհրդային Սփյուռքի հայերի համար: Ընդհանրապես, ռաբիս երաժշտությունը եզակի հնարավորություն էր ստեղծում ազգայինի այս փոխմիջոցը քարոզելու եւ որպես պատասխան՝ ազգային միասնության փոխմիջոցը ստանալու ու ցուցադրելու համար: Նույն ֆունկցիան ուներ Մասիսներով յուղանկարը եւ, ընդհանրապես, հայկականության սիմվոլը կրող ցանկացած երկ՝ անկախ նրա գեղարվեստական արժեքից: Նույն կերպ էր ընկալվում Սփյուռքում կերտված ցանկացած ստեղծագործություն, քանի որ համարվում էր, որ այնտեղ ստեղծագործելը ինքնին քաջություն է: Այս «քաջությունը» մատուցվում էր որպես գեղեցկություն, եւ այդ նենգափոխման անհեթեթությունը չէր կարելի բացահայտել, քանի որ դա կորակվեր որպես ապազգային մտածողություն: Ընդհանրապես, Սփյուռքին հիմնականում բավարարում է հայրենասիրության փոխարինումը ինչ-ինչ հայկական սիմվոլների պաշտամունքով: Նմանապես, հայաստանցին Սփյուռքի ներուժի ընկալումը եւ մեր՝ որպես համաշխարհային ազգի ինքնագիտակցումը, փոխարինում է այնտեղից ստացվող փողի ակնկալիքով:

Համառոտ ակնարկում անհնար է անդրադառնալ ազգային գաղափարախոսության ձեւավորման վրա ազդող բոլոր գործոններին, սակայն անգամ այս քննարկումից ակնհայտ է փոխմիջոցային մտածողության ընդգրկումը: Եվ այսպես, ռաբիսը հանդիսանում է ծեր եւ «ինչո՞ւ-ինչո՞ւ», «ո՞ւր էիր, Աստվա՛ծ», «թույլ տուր թքնեմ» հարցադիմումներից ձանձրացած ազգին ամենահարմար աշխարհայացքը:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031