Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՇԵԼ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ

Մայիս 28,1998 00:00
sparoxakan zambyux

Անցած շաբաթ թունդ-թունդ եղան Ազգային ժողովի պատգամավորների սրտերը։ Հասարակության այս հատվածը սովորաբար հազվադեպ է սոցիալական հարցեր քննարկում՝ ընտրություններից-ընտրություն։ Եվ ահա հերթական ընտրություններից մեկ տարի առաջ եւ մի քանի տարվա ընդմիջումից հետո նրանք նորից հիշել էին «սպառողական զամբյուղ» տերմինը։ Սոցիալական հարցերի մասին խոսելը վերջին տարիներին համարվում է պոպուլիզմ։ Սակայն ինչ-որ բան մեր քաղաքական դեմքերին հուշել է խորհել այս խնդիրների մասին։ Բնակչության կենսամակարդակի հարցով առաջինը «հուզվել» էր գործադիր իշխանությունը։

Հանրապետության տնտեսության 1997 թվականի վերլուծության ընթացքում ուսումնասիրվել էր եւ այս խնդիրը։ ՀՀ վիճվարչությունը 100 գյուղերում եւ 28 քաղաքներում անցկացրել էր 5040 տնային տնտեսությունների հետազոտություն։ Ուսումնասիրության արդյունքներն արդեն հրապարակվել են։ Պատգամավորներին, հնարավոր է, որ հենց այս հետազոտությունն էլ հուշել էր կենտրոնանալ սոցիալական հարցերի շուրջ։ Հնարավոր է, որ նրանց զայրացրել ու գրգռել էին հրապարակված թվերը։ ՀՀ կառավարության տվյալներով ու պատկերացումներով հանրապետության բնակչությունը բաժանվում է երեք մեծ խմբերի՝ ա) ոչ աղքատներ, որոնք կազմում են 45,3 տոկոսը, բ) աղքատներ՝ 27 տոկոս, գ) շատ աղքատներ՝ 27,7 տոկոս։

Միանգամից նշենք, որ անհասկանալի է, թե ի՞նչ չափանիշներով են իրարից տարբերվում աղքատ եւ շատ աղքատ սոցիալական խմբերը։ Մանավանդ, որ բնակչության եկամուտների ուսումնասիրության ընթացքում արձանագրված թվերը, որոշ իմաստով կարելի է վարդագույն կամ լավատեսական համարել։ Ըստ պաշտոնական տվյալների, բնակչության եկամուտները մեկ շնչի հաշվարկով մոտ 12 հազար դրամ են։ Մյուս կողմից բնակչությունը ծախսում է շատ ավելի մեծ գումար։ Բնակչության ծախսերի կեսից ավելին պաշտոնական տվյալներով «ստամոքսային» ծախսերն են՝ սննդամթերքի վրա ծախսվում է 51 ու կես տոկոս։ Աղքատության նման նկարագիրը հուզել էր պատգամավորներին, օգտվելով օրենսդիրի իրենց լիազորություններից նրանք փորձում էին որեւէ կերպ բարելավել բնակչության կենսամակարդակ կոչվածը։ Նրանց պոռթկումն ազնիվ էր։ Պատկերացրեք՝ ապրում ես քեզ համար, աշխատում, օրենքներ գրում, երբեմն էլ կարդում։ Ու հանկարծ կարդացածդ տեղեկագրում նշված է, թե բնակչության մոտ 55 տոկոսը աղքատ է ու շատ աղքատ։ Պատգամավորը պարբերաբար այդ աղքատների քվեն ստանալու կարիք ունի, հետեւաբար նրանց զայրույթը շատ ազնիվ է։ Գործադիր իշխանությունը ոչ մեկի քվեի կարիքը չունի՝ հատկապես աղքատի քվեի, հետեւաբար երբեք չի զայրանում։

Չզայրացած գործադիր իշխանության պաշտոնական տվյալներով պատկերն այնքան էլ վատ չէ։ Նրանց ուսումնասիրությունների արդյունքով հանրապետության բնակչությունը օրական ծախսում է 1003 դրամ, միայն սննդամթերքի վրա։ Այդ են «վկայում» նրանց ուսումնասիրությունները։ Ընդ որում, այս եզրակացությանը նրանք հանգել են ուսումնասիրելով ծախսերը՝ «24 ամենաօգտագործելի սննդամթերքների գնմանն ուղղված փաստացի ծախսերի հիման վրա»։ Պատկերացրեք, որ դուք գործադիր իշխանության անդամ եք (կամ ներկայացուցիչ) եւ անպայման կհավատաք այս թվերին։ Հաշվելով, որ բնակչությունը մեկ շնչի հաշվարկով ամսական 60 դոլար ծախսում է միայն սննդամթերքի վրա, հուզվելու որեւէ առիթ չեք ունենա։ Չեք էլ հուզվի։ Հուզվողներին էլ պոպուլիստ ու ավելի փիս բան կհամարեք։ Բայց ուսումնասիրելով բնակչության ծախսերի կառուցվածքը, անգամ գործադիր իշխանության ներկայացուցիչը, իհարկե, ոչ հաճելի փաստ կարձանագրի։

Օրինակ. «Հետազոտված ժամանակահատվածում տնային տնտեսության մեկ անդամի կողմից սպառված սննդամթերքի ամենամեծ բաժինը կազմում է ցորենի հացը՝ 42,6 տոկոսը (ըստ գնումների) եւ 53,5 տոկոսը (ըստ կալորիականության)»։ Հավանաբար այս փաստի ազդեցության տակ վիճվարչությունը ստիպված է եղել հաշվարկել՝ «Բնակչության մեկ շնչի հաշվով հանրապետության միջին նվազագույն սպառողական զամբյուղը (աղքատության գիծը) կազմել է 10784 դրամ»։ Ամենեւին ուշադրություն չդարձնելով այն փաստի վրա, որ պաշտոնապես հրապարակվող թվերը խիստ հակասում են իրար, մենք մեթոդական պարզագույն եւ խիստ կարեւոր մի հնարավորություն ունենք։ Շատ հեշտ կարող ենք պարզել՝ աղքա՞տ ենք մենք արդյոք։ Կառավարությունը քաշել է աղքատության գիծը։ Եթե ձեր ընտանիքի ծախսերը մեկ շնչի հաշվարկով պակաս է 10784 դրամից՝ դուք աղքատ եք։ Իսկ եթե ավելի է, ապա դուք ոչ աղքատ եք։ Ուրիշ ոչինչ։ Աղքատ կամ ոչ աղքատ լինելը ոչ ոքի չի ազատում ջրի կամ էլեկտրաէներգիայի վարձը մուծելու քաղաքացիական պարտավորությունից։ Որովհետեւ պարենային նվազագույն զամբյուղը 6612 դրամ է, հետեւաբար դուք առնվազն 4 հազար դրամ ունեք մուծումներ կատարելու համար։

Պաշտոնական տվյալներով աշխատանքը Հայաստանում աղքատությունից խուսափելու ձեւ չէ։ Շատ աղքատ բնակչության միայն 36 տոկոսն է գործազուրկ, իսկ «զբաղվածության խմբում (աշխատանք ունեցողների մեջ – Ա. Գ.) նույնպես շոշափելի է շատ աղքատ բնակչության բաժինը՝ 21 տոկոսը»։ Փաստորեն շատ աղքատ բնակչության 57 տոկոսը կազմում են գործազուրկներն ու աշխատանք ունեցողները։ Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ մնացած շատ աղքատների 43 տոկոսը կազմում են թոշակառուները, պատգամավորներն ու կառավարության անդամները։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031