Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մինչ այդ՝ վճարիր նրա համար, ինչը չես խմել

Մայիս 28,1998 00:00
jur

Մեզանում դա շատ սովորական պատմություն է: Երիտասարդ հայուհին ռուսական դպրոցում ռուսերեն էր դասավանդում։ Շուտով արշավանք սկսվեց օտար լեզվի դեմ, բազմաթիվ լավ մասնագետներ միանգամից հայտնվեցին կրթական հաստատությունների դարպասներից դուրս։ Իսկ երիտասարդ կինը երկու մանկիկ ուներ, որոնց կերակրել էր պետք։ Թոշակառու ծնողներին դռնեդուռ գցած հայրենի երկրում, նա իր երեխաների հետ Մոսկվա մեկնեց, ուր թեեւ աշխատանք գտավ, սակայն հուսալիորեն հիմնավորվել չկարողացավ, քանզի համաձայն լուժկովյան դատավճռի՝ դասվում էր «կովկասյան ազգության անձանց» թվին։ Կարո՞ղ էր նա իրեն թույլ տալ մտածելու այն մասին, թե կարող է բնավորվել Մոսկվայում։ Այսպես էլ ահա արդեն հինգ տարի ապաստանում է օտար քաղաքում։ Ապրում է թռչնի իրավունքով՝ յուրաքանչյուր անգամ ենթարկվելով ստորացուցիչ տուգանքների: Իսկ մինչ այդ նա գրանցված էր այն տանը, ուր ծնողներն են ապրում, որտեղ ծնվել է, մեծացել, որտեղից էլ օտարության է մեկնել։ Ծնողները նրան դուրս չեն գրում բնակարանից, ո՛չ նրան, ո՛չ թոռներին։ Քանզի լավ են հասկանում, որ այդ գրանցումը թերեւս վերջին թելն է, որը դեռեւս կապ է հաստատում իրենց հարազատ դստեր հետ, ինչպես հազարավոր այն հայերի, որոնք թողել են Հայաստանը՝ իրենց հողը հայրենի։

Հասկանում են, այդ պատճառով էլ լռելյայն իրենց աղքատիկ թոշակներից վճարում են դստեր եւ թոռների համար։ Վճարում են այն ջրի համար, որը նրանք չեն խմում, որից նրանք չեն օգտվում։ Յուրաքանչյուրի համար ամսական՝ 420 դրամ։ Այսինքն՝ 1260 դրամ՝ հացին հազիվ հերիքող իրենց թոշակից։

Սպանդարյանի մարզպետարանի թիվ 1/2 ԲՇՏ-ի պետ Վանիկ Աթաբեկյանը, հիանալի հասկանալով իրավիճակի ողջ անհեթեթությունը, երբ սպառողի բացակայության դեպքում հարազատների կամ մոտիկների կողմից վճարվում է չօգտագործված «արտադրանքի» համար, ինքն էլ զարմացած ուսերն է թոթվում, իբր, ոչնչով օգնել չեմ կարող։ Հայը թեկուզ Չուկոտկայում էլ ապրի, եթե գրանցված է Երեւանում, պարտավոր է ջրի համար վճարել։

Վերջերս մամուլում խոսք գնաց այն մասին, որ ժողովուրդը վատ է վճարում ջրի վարձը։ Շուրջ 10 տոկոսն է վճարվել պահանջվածից։ Չեմ առարկում, վճարել պետք է։ Մենք շուկայական հասարակության մեջ ենք ապրում, իսկ շուկայում անվճար բան չկա։ Միայն թե նա՞ էլ պետք է վճարի, ում ճակատագիրը օտար երկիր է նետել։ Ես ոչ մեծ մի հաշվարկ կատարեցի։ Այսօր հայրենիքը թողածների թիվը հասնում է 800 հազարից մեկ միլիոն մարդու։ Հաշվենք, որ գրանցված են մնացել 600 հազարը։ Եթե նրանցից յուրաքանչյուրի համար «ջրարտադրողների» գրպանը 420-ական դրամ մտնի, մի մեծ կլորիկ գումար չի՞ ստացվի անօրեն եկամուտներից։ Ամիսը շուրջ 500 հազար դոլար։ Գուցե այդ հիմնահարցը հետաքրքրի կառավարությանը կամ արժանանա դատախազության ուշադրությանը։

ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031