Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ ձայն էր միշտ պակասում կոնյակի խնդիրները քննարկելու համար

Հունիս 06,1998 18:58
trchunich

Արտահերթ նիստ հրավիրելու համար հարկավոր է ԱԺ-ի 1/3-ի՝ 64 պատգամավորների պահանջը։ Այդ քանակը երեկ կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու նախաձեռնողները չկարողացան պահպանել։

«ԲԱԶԱՐ-ԲԼՈՏՆ» ԱԺ-ՈՒՄ
Այս վերնագիրը լրագրողներին «պարտադրեցին» Արշակ Սադոյանն ու Խորեն Սարգսյանը (լուսանկարում)։ Նման բնորոշման առիթ էր դարձել խորհրդարանում արտահերթ նիստի հրավիրման պահանջով ստորագրությունների թիվը հաճախակի հաշվելը։ Այսպես, Խորեն Սարգսյանը հունիսի 4-ին Խոսրով Հարությունյանին էր ներկայացրել 67 ստորագրություն, իսկ նա դարակից հանել եւ ցուցադրել էր 4 պատգամավորների դիմումներ, որոնք հրաժարվել էին իրենց ստորագրություններից։ Հաջորդ օրն առավոտյան, պարոն Սարգսյանն արդեն իսկ 69-ը ստորագրություններ էր ներկայացրել եւ անմիջապես էլ պարոն Հարությունյանը 6 պատգամավորների հրաժարականներն էր դարակից հանել։ Ընդ որում, Խորեն Սարգսյանը պատմեց, որ հրաժարվողներից մեկը՝Մելս Հակոբյանը, նախապես չէր էլ ստորագրել։
Ի դեպ, Ալբերտ Բազեյանը տեղեկացրեց, որ արտահերթ նիստ պահանջող 19 երկրապահներից եւ ոչ մեկը չէր հրաժարվել իր ստորագրությունից։
Բազմաթիվ պատգամավորներ ե՛ւ այս առիթով հրավիրված ճեպազրույցում, եւ «Առավոտին» առանձին տրված մեկնաբանություններում վստահություն հայտնեցին, թե «հրաժարիմքների» այս շարանը որոշակի լուրջ ճնշումների հետեւանք է։

«Ինձ համար, համենայնդեպս, զարմանալի եւ ցավալի է, որ ԱԺ նախագահը պատգամավորներին համոզելու նախաձեռնությունն իր վրա վերցրեց, երբ որ դրա կարիքը չկար»,- ասաց Վահագն Խաչատրյանը։
Հետաքրքիր էին նաեւ Խորեն Սարգսյանի այն պատմությունները, թե ինչպես էին փաստարկել պատգամավորները ստորագրելուց իրենց հրաժարվելը։ Մարզպետները՝ «էդ շառ ու փորձանքից մեզ հեռու պահեք», երկրապահները՝ «Սմբատ Այվազյանը ստորագրե՞լ է, կառավարությունն ի՞նչ կասի»։ Այժմ էլ ստորագրություններից հրաժարվել են մասնավորապես «Քիմռեակտիվների» եւ «Կանազի» գործարանների տնօրենները եւ, պարոն Սարգսյանի մեկնաբանությամբ, այն պատգամավորները, որոնք պաշտոնի հույս ունեն՝ Հակոբ Հակոբյանին, ասենք, գյուղնախարարությունում ինչ-որ բան են խոստացել։
«ԽՆԴԻՐՆ ԱՌԱՎԵԼ ԿԲԱՐԴԱՆԱ»
Արտահերթ նիստի չկայանալու փաստը բավական դժգոհությունների առիթ էր դարձել անգամ այն պատգամավորների համար, որոնք կոնյակի գործարանի սեփականաշնորհման կողմնակից են։ Նրանցից է, ասենք, «Հայրենիք» խմբի անդամ Արմեն Կիրակոսյանը. «Այո՛, ես սկզբունքորեն կողմ եմ «սեփականաշնորհմանը, բայց անթույլատրելի եմ համարում այն «կուլուարային» պայմաններում կատարելը։ Ոչ ԱԺ-ն, ոչ էլ առավել եւս հասարակությունը տեղյակ չէ, թե մեր սեփականությունը ինչ սկզբունքով եւ ծրագրով է վաճառվում»։ Ուստիեւ, կարելի է արձանագրել, թե պատգամավորական փակ լսումներում կառավարությունը բավարար տեղեկատվություն չէր ներկայացրել։
Արմեն Կիրակոսյանն ինքն էլ ստորագրել էր արտահերթ նիստի պահանջի տակ եւ այժմ կանխատեսեց. «Սա է՛լ ավելի կսրի իրավիճակը։ Արտահերթ նիստը պարզաբանումներ ներկայացնելու հնարավորություն էր նաեւ, որի կանխումն այժմ ավելորդ լարվածություն կստեղծի»։

ՈւՇԱՑԱԾ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ
Նույն կանխատեսումն արեց նաեւ Վահագն Խաչատրյանը, որի շնորհիվ էլ այս «ապուրը սկսեց քլքլթալ»։ Ի դեպ, նա ճեպազրույցում հայտնեց, թե ծառայողական հետաքննություն է սկսված՝ պարզելու, թե ինչպես էր բանակցությունների գաղտնիք հանդիսացող գործարանի վաճառքի գնի վերաբերյալ տվյալն իրեն հայտնի դարձել։ Այնուամենայնիվ, պարոն Խաչատրյանին առանձին ուղղված մեր հարցն այլ էր. եթե սեպտեմբերին նա հետ չվերցներ իր նախաձեռնությունը կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու վերաբերյալ՝ այսօր արդեն իսկ ստորագրման շեմին հասած գործարքը վիժեցնելու մեջ ԱԺ-ն չէ՞ր մեղադրվի։ «Համաձայն եմ։ Բայց ես այն ժամանակ չէի պատկերացնում, թե կփորձեն կոնյակի գործարանը նման գնով վաճառել»,և մասնավորապես պատասխանեց նա։
«Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանից, որը նույնպես գործարանի վաճառքը կասեցնելու կողմնակից է՝ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր հապա այլ պատգամավորների հետ միասին այսօր «ազգային հարստություն» անվանվող այդ գործարանը սեփականաշնորհման ցանկում ընդգրկելուն 1995-ին «կողմ» քվեարկել. «Ես հիմա էլ եմ կողմ, որ սեփականաշնորհվի, բայց խոսքը սկզբունքային մի քանի պայմանների մասին է։ Ավելի հարմար կլիներ, որ այն համատեղ ձեռնարկություն դառնար, որտեղ Հայաստանի գործարարները բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կունենային։ Եվ սեփականաշնորհումն էլ պիտի ավելի հրապարակային բնույթ ունենար։ Այս ամենը չքննարկելը համազոր է ջայլամի քաղաքականություն վարելուն»։

...ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Ճեպազրույցում Ալբերտ Բազեյանն այս նախաձեռնությունը ժամանակավրեպ անվանեց եւ նշեց, թե միջազգային մրցույթով սեփականաշնորհումը անվավեր ճանաչելը «պետության վարկի եւ հեղինակության հարց կդառնա եւ Հայաստանի Հանրապետությունը ոչ լիարժեք գործընկեր կդիտվի նման այլ գործարքների դեպքում»։
Տեղում Մկրտիչ Գիմիշյանը նրան առարկեց, թե այդ արտահերթ նիստում անպայման գործարանը սեփականաշնորհման ցանկից չէին հանելու. «Գուցե քննարկումից հետո այն մնար ցուցակում։ Խնդիրը պարզելն է, թե ինչ պայմաններով է վաճառվում գործարանը, եւ դրանից հետո կորոշվի, թե որն է ճիշտ՝ պետության պատիվը բարձր պահելու համար պահպանե՞լ մրցույթի արդյունքները, թե՞ սխալի կեսից հետ կանգնել»։
Ստորագրահավաքը նախաձեռնողները, այնուամենայնիվ, հույս ունեին, թե այս բոլոր հարցերը կհաջողվի քննարկել երկուշաբթի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930