Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐՆ ԱԿԱՆՋ ԷԻՆ ՍՂՈՑՈՒՄ

Հուլիս 07,1998 14:34

Շուրջ 2 ամիս առաջ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի հայտարարած մաքսային գործի լսումները հուլիսի 4-ին վերջապես կայացան։

«Опять двойка» մանկուց հայտնի կտավի հերոսին նմանվող Մաքսային վարչության պետը նիստերի դահլիճի ամբիոնի մոտ սպառեց իր սուղ բառապաշարը։ Զուր էր մեծարգո եւ մեծահոգի նախագահող Խոսրով Հարությունյանը ՄՎ պետի համար հայերենից հայերեն թարգմանում դահլիճի հարցերը, եւ վերծանելով ելույթ ունեցողի առանձնահատուկ լեզվաոճը, փորձում բացատրել, թե ինչ էր ուզում նա ասել։ Հարցերի մի մասին հոդաբաշխ պատասխան չտրվեց, մյուս մասին Մաքսային վարչության պետը պատասխանեց անմեղսունակ ճշտախոսությամբ, ի լուր աշխարհի բացահայտելով իր ղեկավարած համակարգի գործունեության ստվերային, մինչ այժմ խնամքով սքողված անցքերը։

Բացի պատգամավորներից, լսումներին հրավիրված էին արտասահմանյան դիվանագետներ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, մաքսային գործի մասնագետներ եւ գործարարներ։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Փիթեր Թոմսենին, օրինակ, այստեղ էր բերել ավելի վաղ նախագահ Քոչարյանին հայտնած այն մտահոգությունը, թե մաքսավորները Հայաստան մուտք ու ելք անող քաղաքացիներին վերաբերվում են որպես պոտենցիալ հանցագործների։ Սրա վառ օրինակ հանդիսացավ «Լոռու կարի ֆաբրիկա» ՓԲԸ նախագահ Արամ Մուքոյանը, որը եկել էր գանգատով. ընկերությանը հասցեագրված բեռների ձեւակերպումը ապօրինաբար ձգձգվում է, եւ ինքը ստիպված է 20 հազար ԱՄՆ դոլար մուծելու ռուսաստանյան գործընկերոջը։ «Մշակ» ՓԲԸ նախագահը անհամեմատ լավ վիճակում էր. նրան Մաքսային վարչությունում ընդամենը արգելել էին արտահանել սեփական միջոցները՝ ստիպելով համապատասխան կետ ավելացնել կանոնադրության մեջ։ Ինչպես պարզվեց, պահանջն ապօրինի էր։

Մյուս դեպքերում չհաջողվեց պարզություն մտցնել նույնիսկ ԱԺ-ի հեղինակավոր լսարանին։ Մասնավորապես ումի՞ց եւ ինչպե՞ս հետ ստանա Վաճառականների միությունը Փոթիում թալանված եւ տեղ չհասած բեռների ներմուծման համար մաքսավորներին վաղօրոք վճարված գումարները։ Կամ ինչո՞ւ ՄՎ-ն, խախտելով անմեղության կանխավարկածը, չի վստահում Կոոպերատորների միությանը, անխղճորեն բարձրացնելով նրանց հաշիվևապրանքագրերում նշված գները։ Փաստորեն, առաջին անգամ հրապարակավ խոսվեց ՄՎ գործունեության 1997 թվականից արմատացած «ստվերային կողմերի»՝ «հսկիչ գների» կիրառման եւ ներմուծողներից կանխավճարների գանձման մասին։

Այս երեւույթների առկայությունը չժխտեց նաեւ ՄՎ պետը։ Այսպես կոչված, հսկիչ գների ցանկից մաքսային տեսուչն օգտվում է այն դեպքերում, երբ կասկածում է հաշիվևապրանքագրում նշված գնի իսկությանը եւ ինքն է որոշում ապրանքների հարկման բազան՝ մաքսային արժեքը։ Սակայն հսկիչ գները չեն սահմանվում իրավաբանական ուժ ունեցող որեւէ հայտնի փաստաթղթով, դրանց կիրառումն անվերահսկելի է եւ հաճախ՝ կամայական։ Ինչպես հաստատեց ՄՎ պետը, այս հարցը կարգավորվում է «մարդկային հարաբերությունների» մակարդակով։

Ըստ Արմեն Եղիազարյանի, կասկածի տեղիք է տալիս նաեւ հավաքված հարկերի եւ տուրքերի ամսական շարժը։ Դրանք գրեթե բացակայում են ամսվա սկզբում եւ «հանկարծակի» ավելանում վերջին շաբաթվա ընթացքում։ Կարելի է ենթադրել, որ մաքսատունն ունի ամենամսյա պլաններ, որոնց կատարման համար գանձումները որոշ դեպքերում կատարվում են նախքան ներմուծումը՝ կանխավճարի տեսքով։ Դժվար է պարզել. հարկադրաբա՞ր է դա արվում, թե՞ կամովի, քանի որ գործարարը կախյալ է մաքսավորից եւ զգուշանում է փչացնել հարաբերությունները վերջինիս հետ։

Ոչ պակաս անօգնական են մաքսային գոտին անցնող քաղաքացիները։ Ճամպրուկների ստուգման տեխնոլոգիան չի փոխվել 1992 թվականից եւ գործում է առանց ընտրականության, գլխավորապես տեսուչի ձեռքերի միջոցով։ 1993 թվականից չի վերանայվել մաքսային օրենսգիրքը, չի գործում մաքսասակագնային խորհուրդը, թերի են դրոշմավորման եւ բանկերի միջոցով բյուջետային գումարների գանձման գործընթացները։ Պատկերը լրացրեց Ազգային ժողովում ներկայացված ՄՎ կադրային քաղաքականությունը, որի արդյունքում մասնագետները դրսում են, ջուրն են գցվել նրանց վերապատրաստման համար ժամանակին ծախսված գումարները, իսկ «ներսում» հայտնվել են գործից անտեղյակ մարդիկ։

ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հ.Գ. Լսումների պահին, ինչպես ասում են, դեռ չէր հասցրել չորանալ ՄՎ պետի նոր հրամանի թանաքը. արհեստավարժ Աշոտ Պետրոսյանը նշանակվեց Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ։ Այդ պաշտոնում նա փոխարինեց ուղիղ վեց տարվա աշխատանքային փորձ ունեցող Ռազմիկ Դավթյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031