Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ԶԱԴՈՅԱՆ. «ՄԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ, ՈՐ ԸՏԵՂ ԳՅՈՒՂ ԿԱ»

Հուլիս 30,1998 00:00
Davit Zadoyan

Վերջին ժամանակներս առաջին երեք իշխանությունների կողմից ինչ-որ ընդգծված վերաբերմունք է նկատվում չորրորդ իշխանության նկատմամբ։ Եվ գոնե ինձ համար դեռեւս պարզ չէ՝ առաջին երե՞քն են չափազանց զգուշավոր դարձել, թե՞ չորրորդ իշխանությունն է կայանում։ Ինչեւէ, այս կամ այն գերատեսչության քննարկման հիմքը հանդիսանում է մամուլի որեւէ հրապարակումը։ Այս անգամ հրավերքը ստացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, ուր խորհրդակցության առիթ էր հանդիսացել մեր թերթի հուլիսի 14-ի «Աղքատին հույս են տալիս, բայց հաց չեն տալիս» հրապարակումը (ներկայացված խնդրին անդրադարձել են նաեւ «Հայաստանի Հանրապետութիւն», «Ազգ» օրաթերթերը եւ «Լրաբեր» ծրագիրը)։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ խնդիրը վերաբերում էր Լոռու մարզի Ջիլիզա գյուղին։ Այն հանրապետության միակ գյուղն է, որ սնուցվում է հարեւան հանրապետության էլեկտրաէներգիայից, իսկ Վրաստանի էներգետիկ ճգնաժամի պատճառով ներկայումս օրական տրվում է ընդամենը 1-2 ժամ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, գյուղի հիմնական խնդիրներից մեկն է Ալավերդուց Ջիլիզա տանող 30 կմ գրունտային ճանապարհը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի, խնդրի հետ առնչվող նախարարությունների պաշտոնյաների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը նախարար Դավիթ Զադոյանը սկսեց չորրորդ իշխանության հասցեին ուղղված երախտիքի խոսքերով։ Նա նշեց, որ իրենց նախարարությունում ավանդույթ է դարձել ուսումնասիրել թերթերը եւ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հրապարակման առիթով կազմակերպել նմանատիպ քննարկումներ։ Ինչպես եւ սպասվում էր, քննարկման հիմնական նյութ դարձան Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի եւ էլեկտրաէներգիայի խնդիրները։ Երկարատեւ բանավեճի առիթ հանդիսացավ այն հարցը, թե Ալավերդի-Ջիլիզա ճանապարհը հանրապետական, թե՞ մարզային ենթակայությա՞ն է պատկանում։

«Տրանսպորտի նախարարությունը ինձ գրել է, որ ճանապարհը իրենը չէ, սխալ ա՞ գրել»,- ասաց Դավիթ Զադոյանը, որին հետեւեց Հենրիկ Քոչինյանի խոսքը. «Ճանապարհի կարգավիճակը որոշված չի, դա ոչ մեկինը չի, օդում կախված է, դրա համար ես վերցրել եմ իմ բալանսում, պետք է հստակեցնել էս ճանապարհի կարգավիճակը»։ Պարոն Քոչինյանին առարկեց պարոն Զադոյանը. «Ուրեմն էլ մի հստակեցրու, վերցրու, գրի քո բալանսում» եւ շարունակեց. «Հենց էտի խոսում ա էն մասին, որ մենք մոռացել ենք, որ ըտեղ գյուղ կա»։ Ի վերջո որոշվեց, քանի որ բյուջեով Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի համար գումարներ նախատեսված չէ, ուստի որոշվեց դիմել կառավարությանը Պրիվոլնու ճանապարհի վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար։ Այն է, Պրիվոլնու ճանապարհի համար բյուջեով նախատեսված 200 միլիոն դրամից 30 միլիոն դրամ հատկացնել Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի ջրահեռացման եւ հողային աշխատանքների համար՝ պայմանով, որ եկող տարվա բյուջեում այդ նպատակով կհատկացվի նախնական հաշվարկներով 50-70 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է Ջիլիզայի էլեկտրաէներգիայի խնդրին, որոշվեց մնալ գոյություն ունեցող տարբերակի հույսին (այն է՝ Վրաստանից տրվող 2-ժամյա էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ դիզելային վառելիքի ապահովման ճանապարհով գյուղին էլեկտրաէներգիա տալ գեներատորների միջոցով)։ Առաջարկվող երկրորդ տարբերակը հետեւյալն էր՝ պայմանավորվածություն ձեռք բերել վրացական կողմի հետ եւ էլեկտրաէներգիայի գիծը անցկացնել Այրումից դեպի Բագրատաշեն, այնտեղից էլ՝ Ջիլիզա։ Եթե Վրաստանը համաձայնի, ըստ Դ. Զադոյանի, շատ կարճ ժամկետում էլեկտրաէներգիայի հարցը կլուծվի առանց գեներատորի։ Չնայած, խորհրդակցության ժամանակ պրն Զադոյանը նշեց նաեւ, որ հեռախոսազրույցի ժամանակ Գագիկ Մարտիրոսյանը ասել է. «Ավելի լավ է՝ ամեն տարի 200 հազար փող տամ, քան՝ գիծը կառուցեմ, քանի որ հնարավոր է Վրաստանի գիծը վերականգնվի»։ Դե, ինչ, Դավիթ Զադոյանի խորհրդով գրենք հաջորդ հոդվածները, որպեսզի առաջին երեք իշխանությունները զբաղվելու բան ունենան։

ԼՈՒՍԻՆ ԵՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031