Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂՔԱՏԻՆ ՀՈՒՅՍ ՏԱԼԻՍ ԵՆ, ԲԱՅՑ ՀԱՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ»

Հուլիս 14,1998 23:17

Հիշում ե՞ք, ինչպես էր Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւում»՝ «Մոսկվայից, Ծմակուտի վրայով, Երեւան հասնում են մի 100 րոպեում, իսկ Ծմակուտից Երեւան հասնելու համար պետք է գնալ մի գիշեր ու մի ցերեկ»։

Հայաստանը նաեւ Ջիլիզան է

Մեծ արձակագրից լավ չես նկարագրի, մանավանդ որ պատկերը ճիշտ եւ ճիշտ Ծմակուտի նման էր, պարզապես խեղճ «ծմակուտցիք» ավելի էին խեղճացել ու չքավոր դարձել։

Հայաստանը որքան փոքր, նույնքան էլ մեծ երկիր է, եւ մայրաքաղաքաբնակներիս ու պետական այրերի համար Հայաստանը Երեւանն է եւ հյուր ունենալիս՝ Սեւանը, Էջմիածինը, Գառնի-Գեղարդը ու էլի 1-2 տեսարժան-պատմական վայր։ Գոնե ես օրերս պարզեցի, որ Հայաստանի Հանրապետությունը միայն վերոհիշյալ տարածքները չէ։ Այդ օրը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Ջիլիզա գյուղ էր տեղափոխվում 120 կվ հզորությամբ գեներատոր։ Ասեմ, որ պրն Դալլաքյանն էլ այս գյուղի գոյության մասին իմացել էր բոլորովին վերջերս՝ դիտելով այդ գյուղի մասին հեռուստահաղորդում։ Սա իբրեւ նախաբան, իսկ հիմա ավելի մանրամասն։

Լոռու մարզպետարան

Հուլիսի 10-ին, ժամը 9.30-ին Վիկտոր Դալլաքյանը, գեներատորի հովանավորը (որն, ի դեպ, ոչ մի կերպ չհամաձայնեց բացահայտվել), «Ազգի», «Լրաբերի», «Առավոտի» թղթակիցների ուղեկցությամբ շարժվեցին Լոռու մարզ։ Երբ հասանք մարզպետարան, քարտուղարուհին հայտարարեց, թե մարզպետը միայն Վիկտոր Դալլաքյանին կարող է ընդունել (այսինքն՝ եթե ուզում ես արժանանալ մարզպետի ընդունելությանը, պետք է ամենաքիչը Վիկտոր Դալլաքյան լինես)։ Իսկ կիսամութ միջանցքում խմբված մարդկանց ուղղված «Ազգի» այն հարցին, թե ինչու լույսը չեն վառում՝ մարզպետարանի լրատվության պատասխանատուն ասաց. «Ինչո՞ւ վառենք, որ հետո գնաք գրեք, թե մարզպետարանում լույսերը անխնա վառվում էին, իսկ Ջիլիզայում լույս չկար», «Ազգի» դիմադրությանը, թե «չենք գրի», նույն պաշտոնյան պնդեց. «Դուք չգրեք, «Առավոտը» կգրի», ինչպես տեսնում եք՝ սիրով կատարում ենք ձեր «պատվերը»։ Առաջ ընկնելով ասեմ, որ այդ օրվա բազմաթիվ հանդիպումների ընթացքում հաճախ էր հնչում «Առավոտը» կգրի» արտահայտությունը։ Իսկ մարզպետարանում քիչ մնաց երեւանաբնակներիս խելագարների տեղ դնեին, երբ լսեցին, որ ուզում ենք Ջիլիզա գնալ։

Պտույտ մը Վանաձորի փողոցներում

Մինչեւ Ջիլիզա ճանապարհվելը, Վ. Դալլաքյանը որոշեց լրագրողներիս ծանոթացնել շինարարական այն կառույցների հետ, որոնք նաեւ իր ջանքերով են իրականացել՝ շնորհիվ իր առաջարկությունների։ Նախ, եղանք թիվ 1 հիվանդանոցում, որն արդեն 10 տարի տնակային պայմաններում է գործում։ Պրն Դալլաքյանը տեղեկացրեց, որ 1998 թ. փետրվարին, դեռեւս վարչապետ եղած ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որոշում է ընդունել հիվանդանոցի կառուցման համար պահուստային ֆոնդից հատկացնել 140 մլն դրամ։ Ներկայումս շինարարներն աշխատում են եւ բացի այն, որ ոչ մի լումա աշխատավարձ չեն ստացել, դեռ շինարարական ապրանքներն էլ ձեռք են բերում սեփական գումարներով, ավելի ճիշտ՝ պարտքով։ Այն դեպքում, երբ պրն Դալլաքյանի պնդմամբ մեկ ամիս առաջ կայացած կառավարության նիստում, աղետի գոտու 10-ամյակի քննարկումների ժամանակ, վարչապետը հանձնարարական է տվել ֆինանսների նախարարին աղետի գոտու կապիտալ շինարարությանը հատկացնել 20%-ի կանխավճար։

Վիկտորի ճամբարները

Այնուհետեւ եղանք մի քանի դպրոցներում, ճամբարներում, զրուցեցինք Վանաձորի բնակիչների հետ։ Իմ այն հարցին, թե Վանաձորի խնդիրներով պատգամավորներից միայն Վ. Դալլաքյա՞նն է զբաղվում, նա խորհուրդ տվեց դիմել բնակիչներին, որոնք էլ «սազն առած» գովում էին պրն Դալլաքյանին։ Իսկ երբ կատակով ասացի՝ «Հիմիկվանից պրն Դալլաքյանը պատրաստվում է նախագահական հաջորդ ընտրություններին», պրն Դալլաքյանն ինքնագոհ նշեց. «կասկածում ե՞ս»։ Իսկ ճամբարների մասին այսպես արտահայտվեց. «Հիմա ունենք 40 ճամբար, 8 ճաշարան, 200 երեխա ենք կերակրում։ Իմ ճամբարներն ընդգրկում են քաղաքի ուղիղ կեսը, այսինքն՝ միայն իմ տարածքը չի»։ «Էդ որ ասում եք իմ ճամբարները, իսկապե՞ս պատգամավոր Դալլաքյանինն են» հարցիս՝ պատասխանեց. «Հա, իմ ճամբարները, երեխեքը ասում են «Վիկտորի ճամբարներ»։

Ջլիզ դենը

Հետկեսօրին ճամփա ընկանք Ջիլիզա. Երբ հասանք Ալավերդու Մադամ բնակավայրին, պարզվեց, որ այստեղ է տեղավորված Ջիլիզայի մաքսատունը։ Այն դեպքում, երբ Ջիլիզա հասնելու համար պետք է կտրեինք-անցնեինք 25 կմ, ավելի քան 3-ժամանոց անանցանելի ճանապարհ։ Այդ ճանապարհն ավելի առարկայական պատկերացնելու համար առաջարկում եմ մտովի վերհիշել ամերիկյան «Սիրավեպ քարի հետ» ֆիլմի Կոլումբիայի ջունգլիների տեսարանը, երբ ճանապարհին ավտոբուսը վթարվում է՝ ամեն մեկը վերցնում է իրերը եւ ոտքով շարունակում ճանապարհը։ Չնաշխարհիկ, էկզոտիկ բնություն ու երեւի «100 տարին մեկ անգամ» մարդ արարած տեսնող ճանապարհ, որ չգիտես մի մետրի վրա կշարունակվի, թե՝ ոչ, կամ երբեւէ կվերջանա՞։ Ավելի քան 3 ժամ այդ աստվածային բնության միջով ճամփորդելուց հետո երբ հանդիպեցինք մարդկանց՝ ինձ համար շատ տարօրինակ թվաց։

Սեզախոտով հարուստ վայր

Գյուղ հասանք ժամը 19-ի սահմաններում։ Գյուղապետ Մհեր Վարդանյանը հայտնեց, որ գյուղն ունի 64 տնտեսություն, 210 մարդ։ Սակավահողության պատճառով համայնքն հիմնականում զբաղված է անասնապահությամբ, թեեւ այստեղ եւս գյուղացին հանդիպում է բնական եւ արհեստական խոչընդոտների։ Պարադոքս է, բայց փաստ, որ Լալվարի հյուսիսային լանջի անծայրածիր թվացող տարածքի միակ հայկական գյուղն ունի նաեւ արոտավայրի եւ խոտհարքի խնդիր։ Բանն այն է, որ գյուղն ունի ընդամենը 20 հա խոտհարք։ Համայնքի գերխնդիրը էլեկտրաէներգիայի գրեթե բացակայությունն է։

Ջիլիզան մարզի, գուցե հանրապետության միակ գյուղն է, որ սնվում է հարեւան պետության էլեկտրաէներգիայից, իսկ Վրաստանում նույն ճգնաժամային իրավիճակն է, ինչ 2-3 տարի առաջ մեզ մոտ։ 1-2 ժամ էլեկտրաէներգիա է տրվում, այն էլ անկանոն ռեժիմով, մարդկանց հուզող մյուս հարցերն ուղղակի թե անուղղակի ածանցվում են էլեկտրամատակարարման խնդրին եւ շեշտակի ընդգծում մեր հանրապետության էներգահամակարգից գյուղի շուրջօրյա սնուցումն ապահովելու կարեւորությունը։ Էլեկտրաէներգիայի խնդրից զատ՝ գյուղապետը նշեց նաեւ գյուղի խմելու ջրի, հեռախոսակապի, դպրոցի, Ալավերդուց Ջիլիզա տանող 30 կմ գրունտային ճանապարհի խնդիրները։

Ի դեպ, դպրոցի մասին. այն տեղավորված է 50-ական թվականներին կառուցված մի հյուղակում, որի դասասենյակներն ընդամենը 5 քմ են։ Դպրոցն ունի 39 աշակերտ եւ 8 ուսուցիչ։ Ինչ վերաբերում է ինձ շատ հետաքրքրող հարցին, թե որտեղից է առաջացել գյուղի անունը՝ գյուղապետ Վարդանյանը հայտնեց, որ մեծերի պնդմամբ, երբ մարդիկ հաստատվել են այդ բնակավայրում, ասել են՝ «գնում են ջլիզ դենը», այսինքն՝ ավելի հեռու։ Իսկ ինքը՝ գյուղապետը կարդացել է, որ Ջիլիզա նշանակում է սեզախոտով հարուստ վայր։

Ջիլիզեցիք պարզ, միամիտ մարդիկ էին, աշխարհից ու նրա խարդավանքներից կտրված եւ, չնայած չքավորությանը, ոչ միայն չէին դժգոհում իրենց վիճակից, այլ նույնիսկ օգնում են իրենց քաղաքաբնակ զավակներին։ Երբ արդեն գեներատորը տեղադրվել էր եւ «մթնշաղի անուրջներով» վերադառնում էինք Երեւան՝ ուղեղումս անընդհատ գյուղացիներից մեկի միտքն էր հնչում. «Աղքատին հույս են տալիս, բայց հաց չեն տալիս»։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031