Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՂ, ԹՈՒԹՈՒՆ, ԱԽՊԵՐՈՒԹՈՒՆ»

Հուլիս 31,1998 00:00
sigaret

Կամ ծխախոտային մեծ կրքեր

Վերջին տարիներին «Հայծխախոտ» բաժնետիրական ընկերությունը առնվազն երկու անգամ «պղտորել» է հասարակության հանգիստը։ Առաջին անգամ՝ երբ սեփականաշնորհվում էր։ Այդ պահին ցուցակներ ընդգրկված մեկ այլ ձեռնարկության՝ Շամպայն գինիների գործարանի հետ պատճառ դարձավ վաուչերների գնի կտրուկ աճի։ Երկրորդ անգամ՝ մեկ ամիս առաջ, երբ հանկարծ սկսեց չաշխատել։

«Հայծխախոտը» Հայաստանի հին ձեռնարկություններից մեկն է։ Հիմնադրվել է 1922թ.։ Ծխախոտագործությունը լայն իմաստով մեր տնտեսության համար ավանդական ճյուղերից մեկն է։ Երեւանի ծխախոտի գործարանի անցած փառքից խոսելով, հին մասնագետները (չշփոթել նոր արհեստավարժների հետ) ոգեւորված կարող են ասել, որ այս գործարանը խորհրդային տարիներին ապահովել է ֆիլտրի արտադրության 90 տոկոսը։ Գործարանը 1980 թվականին արտադրել է 22 միլիարդ հատիկ ծխախոտ։ Բնական է, որ նման ձեռնարկությունը սեփականաշնորհման պահին մեծ հետաքրքրություն էր ներկայացնում։ Սեփականաշնորհումից հետո, երբ ռեստոր կոչվող գրքում գրանցվեցին սեփականատերերի անունները, պարզվեց, որ ձեռնարկությունն ունի չորս խոշոր սեփականատեր։ Նրանց ձեռքին էր գտնվում բաժնետոմսերի մոտ 70-75 տոկոսը։ Մնացած 25-30 տոկոսը, բնականաբար, գտնվում է մանր սեփականատերերի ձեռքին։

Սեփականաշնորհումից հետո 1995 թ. բաժնետերերի խորհրդի նախագահ ընտրվեց չորս սեփականատերերից մեկը՝ Լիդա Սարգսյանը, գործադիր տնօրեն նշանակվեց Դավիթ Ղալումյանը։ Երկուսն էլ ծխախոտի արտադրության ոլորտում նոր չէին։ Ծխախոտի արտադրությունն ամբողջ աշխարհում համարվում է խիստ շահութաբեր ոլորտ։ Այս ոլորտում տնտեսավարումը մյուսների հանդեպ ավելի կանխատեսելի է։ Նոր սեփականատերերին գործարանի ունեցած մեծ պարտքերը սարսափելի չէին թվում։

1995 թ. վերջին ձեռնարկությունը միայն բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամ էր պարտք։ Կային ուրիշ պետական ու ոչ պետական պարտքեր։ Սակայն ուղիղ մեկ տարի անց՝ 1996 թ. վերջին ամսին, բյուջետային պարտքերը մարվեցին։ Ձեռնարկությունը 1996-ի դեկտեմբերին պետբյուջե մուծեց մոտ 600 հազար դոլարին համարժեք գումար։ Այս հովվերգական պատկերը կտրուկ խաթարվեց 1997 թ. ամռանից։ Աշխատանքից հեռացվեց (բնականաբար, ընդունված կարգով՝ իր դիմումի համաձայն) ձեռնարկության գործադիր տնօրենը։ Ընդունված կարգի համաձայն՝ մեկ ամիս նրան փոխարինելու իրավունք ունի բաժնետերերի խորհրդի նախագահը։ Հետո, սակայն, գործադիր տնօրեն այդպես էլ չնշանակվեց։

1997 թ. հունիսին կայացավ բաժնետերերի ընդհանուր ժողովը։ Երբ քննարկվում էր տարեկան հաշվետվությունը, ձեռնարկության մանր բաժնետերերից մեկը, օրինակ բերելով հանրապետությունում գործող մյուս ծխախոտ արտադրող գործարանը՝ «Գրանդ տոբակոն», փորձեց պարզել, թե ինչո՞ւ են գործերը վատ «Հայծխախոտում»։ Ստվերային տնտեսության մասնագետներին 1997 թ. «Հայծխախոտի» արտադրական ցուցանիշները ինքնին հետաքրքիր են։ Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում պաշտոնական տվյալներով ձեռնարկությունը թողարկել է մոտ 123 մլն հատիկ ծխախոտ։ Իսկ մնացած չորս ամիսների ընթացքում՝ մոտ 260 մլն հատիկ։ Արտադրության կտրուկ աճի պատճառը տնտեսավարման ոլորտի նորարարության արդյունք չէ։

Տնտեսական այս հրաշքը ապահովվեց ակցիզային դրոշմանիշեր մտցնելու կառավարական որոշմամբ։ «Աճի» այս ծավալներն էլ չփոխեցին ձեռնարկության տնտեսական ցուցանիշները։ Գործարանն այսօր 360 մլն դրամ պարտք ունի։ 366 հազար դոլար պարտք է հնդկական մի կազմակերպության, մոտ 200 հազար դոլար՝ պետբյուջեին եւ այսպես շարունակ։ Բաժնետերերի ընդհանուր ժողովը փոխեց իրենց խորհրդի նախագահին։ Պաշտոնավարման վերադարձավ նախկին գործադիր տնօրենը։ Իսկ հետո կատարվածն ավելի հետաքրքիր է։

Ինչն է իրականում ավելի վտանգավոր

Առողջապահության նախարարությունը, գործող օրենքի համաձայն, պահանջում է, որ ծխախոտի արտադրությունն անպայման ունենա ծխելու վտանգավորության մասին անհրաժեշտ նշում։ Ոչ ոք չի պահանջում, որ ծխախոտ արտադրողները որեւէ տեղ նշեն, որ ծխախոտի արտադրությունն էլ է վտանգավոր արտադրողի համար։ Հայրենական արտադրողները գործում են բաց շուկայում, որը հեղեղված է արտասահմանյան արտադրության հայտնի ու անհայտ ծխախոտներով։ Ծխախոտի ներմուծումը մեր տնտեսական կյանքում բիզնեսի ամենաշահութաբեր ոլորտներից է։ Հանրապետությունում երկու ձեռնարկություն՝ «Գրանդ տոբակոն» եւ «Հայծխախոտը» զբաղված են էժանագին սիգարետների արտադրությամբ։

Ըստ պաշտոնական եւ փորձագիտական տվյալների, գործունեության մեկ տարվա ընթացքում «մերն ուրիշ է» կարգախոսը որդեգրած հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն արդեն գրավել է ներքին շուկայի 35-40 տոկոսը։ «Հայծխախոտը» միշտ այդ շուկայի 5-8 տոկոսն է զբաղեցնում։ Արտադրական հզոր պոտենցիալ ունեցող այս ձեռնարկությունը կարծես չի էլ փորձում ակտիվացնել իր գործունեությունը։ Շատերը հակված են այս փաստի հիմնավորումը ուրիշ տեղ փնտրել։ Արտասահմանյան էժանագին սիգարետների ներմուծումը կապվում էր ազդեցիկ գործիչներից մեկի հետ։ Համենայնդեպս, այդպես էր վկայում ժողովրդական բանահյուսությունը։

Եվ այսպես, «Հայծխախոտը» արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Դրանից առաջ հայտնի դարձավ, որ բաժնետիրական ընկերության նախկին նախագահ Լիդա Սարգսյանը իր արժեթղթերը փոխանցել է (նվիրել կամ վաճառել է) Կ. Բաբայանին։ Վերջինս ԼՂՀ պաշտպանության նախարարի եղբայրն է եւ, հանրապետությունում տարածված կարծիքի համաձայն՝ էժանագին արտասահմանյան ծխախոտի հիմնական ներմուծողներից։ Նույն կապիտալի կամ նույն շրջանակների կողմից թե՛ արտադրության, թե՛ ներմուծման կազմակերպումը, բնականաբար, միանշանակ չընկալվեց։ Մինչեւ այս, արտադրողների եւ ներմուծողների միջեւ բնական հակասություն կար եւ այդ դիմակայությունը սովորաբար ավարտվում էր ներմուծողների հաղթանակով։ Ծխախոտի բիզնեսի ոլորտում այսօր Հայաստանում գործում է հաստատված վճարների համակարգ։ Ներմուծողը մեկ տուփ ֆիլտրով ծխախոտի համար մուծում է 25 դրամ, արտադրողը՝ 24 դրամ։ Հարկային պարտավորությունների իմաստով նրանք համարյա հավասարեցված են։ Արտադրող-ներմուծող հակասության իմաստով էլ «Հայծխախոտում» կատարվող դեպքերը հետաքրքիր են դառնում։ «Հայծխախոտն» իր արտադրանքի մի մասը մատակարարում է բանակին։

Որոշ լուրերի համաձայն, մեր զինծառայողները, տեղական ծխախոտից բացի, օրապահիկի հետ ստանում են նաեւ ներմուծվող ծխախոտ։ Հետեւաբար, այս ոլորտում եւս մրցակցություն կա։ Մինչ տնտեսության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչ նպատակով է կատարվել արտադրական եւ առեւտրական կապիտալի միաձուլումը, «Հայծխախոտը» չի աշխատում։ Այս ընթացքում հետաքրքիր դեպքեր են կատարվում։ Սեփականատերերի կազմի փոփոխությունից հետո բաժնետոմսերի մոտ 55 տոկոսը գտնվում է երեք սեփականատիրոջ ձեռքում։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ ձեռնարկության մանր բաժնետերերին առաջարկություններ են արվում վաճառել դրանք։ Բաժնետոմսերի առքուվաճառքի երկրորդային քաղաքակիրթ շուկա Հայաստանում դեռ չի ձեւավորվել։ «Հայծխախոտի» տասը հազար դրամ անվանական բաժնետոմսերն այսօր եւս շուկայում արժեն երեքից վեց դոլար։

Շուկայական տնտեսության այս հատվածը հասարակությանը համարյա անծանոթ է։ Բոլորը գիտեն, կամ մոտավորապես պատկերացնում են, թե ինչ է նշանակում հսկիչ ծրար։ Սակայն քչերը գիտեն, թե ինչ է նշանակում, ասենք, 30 տոկոս արժեթղթեր ունեցող սեփականատեր։ 30 տոկոս արժեթղթեր ունեցող սեփականատերը եւս բավական լայն լիազորություններ ունի։ Նրա կարծիքը, օրինակ, պարտադիր է ձեռնարկության կանոնադրական կապիտալի փոփոխության համար։ Առանց այս բաժնետիրոջ համաձայնության, անհնար է կանոնադրական կապիտալի 50 տոկոսից ավելի պայմանագրերի կնքումը (ասել է թե՝ արտադրության ծավալների մեծացումը)։ Իսկ այսօր փաստն այն է, որ տեղական արտադրության ձեռնարկություններից մեկը չի գործում։ Փորձագետների կարծիքով, «Հայծխախոտ» ձեռնարկության աշխատանքների նորմալ կազմակերպման համար այսօր մոտ մեկ միլիոն դոլար նախնական ներդրում է անհրաժեշտ։ Եվ չաշխատելն, օրինակ, կարելի է հիմնավորել հենց այս պատճառաբանությամբ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031