Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ

Օգոստոս 12,1998 00:00
Gyumri

Գյումրիի միջազգային առաջին Բիենալե

Պաշտոնական մաս

Արդի արվեստի կողմնակիցները որոշեցին առիթը բաց չթողնել եւ երկրաշարժի ավերակների մեջ ժամանակակից արվեստի փառատոն՝ «Գյումրիի միջազգային առաջին Բիենալե» անցկացնել։ Գաղափարը եւ նախաձեռնությունն արվեստագետներինն էր, գաղափարի պաշտպանությունն ու հոգածությունը՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնինը։ Փառատոնի տեւողությունը մեկ ամիս է՝ օգոստոսի 5-ից սեպտեմբերի 5-ը։ Օգոստոսի 5-ին փառատոնի կազմակերպիչները մամլո ասուլիս հրավիրեցին։

Գյումրիի քաղաքապետարանն այս տարի նախատեսել է երկրաշարժի տասնամյակին նվիրված մի շարք միջոցառումներով նշանավորել քաղաքի վերածնունդը եւ վերակառուցումը. «ոչ թե այդ միջոցառումները վերածենք սգահանդեսի, այլեւ դրանցով նշենք, որ քաղաքը վերականգնվում եւ վերակառուցվում է»,- ասաց մշակույթի բաժնի աշխատակիցը։ Նախատեսված է անցկացնել ցուցահանդեսներ՝ սրահներում եւ բացօթյա տարածքներում, հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ, ռոք եւ ջազ խմբերի համերգներ՝ Ամենափրկիչ եկեղեցու փլատակների մոտ, ցուցադրություն՝ Սեւ ամրոցում։ Քաղաքի ամբողջ տարածքը տրամադրված է նկարիչներին։ Ցուցահանդեսներ էին բացվել Ձիթողցյանների տանը՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում եւ Գեղարվեստի ակադեմիայում։

Փառատոնին իրենց ներկայությամբ եւ աշխատանքներով մասնակցում էին ամբողջ ամսվա ընթացքում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Մոսկվայից, Ուկրաինայից, Վրաստանից, Էջմիածնից, Վեդուց, Արցախից, Երեւանից, Գերմանիայից հրավիրված արվեստագետներ։ Փառատոնի վերջում պետք է «Սորոս» հիմնադրամի եւ ՄԱԿ-ի աջակցությամբ տպագրվի կատալոգ։ ՄԱԿ-ի հովանավորությամբ Մարդու իրավունքների հռչակագրի 50-ամյակի կապակցությամբ 50 (50×50) կտավների վրա մեկ ամսվա ընթացքում փառատոնի բոլոր մասնակիցները պիտի նկարեն, որը հետագայում ցուցադրվելու է Նյու Յորքում։

Հայտնի դարձավ նաեւ, որ Գյումրու քաղաքապետ Միքայել Վարդանյանը (որը նկարիչ է) անձամբ իր միջոցներով է հովանավորում այս միջոցառումը, հյուրերի՝ հյուրանոցում տեղավորելու եւ սնունդով ապահովելու ծախսերը։ Տեղական պետբյուջեից ոչ մի գումար չի վերցվել։ Փառատոնի նախահաշիվ է կազմվել՝ 5000 դոլար, քաղաքապետն արդեն տրամադրել էր 1000 դոլար։ Ասուլիսում հայտնվեց ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արամ Մանուկյանը, որին հրավիրեցին բեմ՝ ասուլիսին բեմից մասնակցելու։ Իր արտիստիկ ոգին եւ անմիջականությունը ցուցադրելով պրն փոխնախարարը թռիչք-ցատկով հաղթահարեց դահլիճից-բեմ տարածությունը։

Նրան ուղղված շատ պարզ հարցին, թե մշակույթի նախարարությունն ինչպե՞ս է աջակցել փառատոնին, նա շատ կարճ ասաց՝ ոչ մի աջակցություն, բայց փոխարենը երկար պատմեց իր նախագահած «Art-1700» մշակութային կազմակերպության եւ վերջին ժամանակներս նկարիչների հետ շփումներից ստացած՝ առհասարակ Բիենալեի մասին կուտակած ողջ ինֆորմացիան։ Ամենակարեւորը, փոխնախարարը չմոռանալով լուր տալ, թե Գյումրու Բիենալեն փորձարարական մի բան է, բայց ա՜յ, «Art-1700»-ը Երեւանում կկազմակերպի… (այսինքն՝ պետբյուջեի գումարներով իր կազմակերպությունը Բիենալե կանի Երեւանում…)։

Ո՞ւր են իտալացիների նվիրած նկարները

Լրագրողներից մեկն ասուլիսում հարց տվեց, թե Իտալիայից գյումրեցիներին (մարզպետարանին) իտալացի առաջատար նկարիչների բազմաթիվ ստեղծագործություններ են նվիրել, ինչո՞ւ չեն ցուցադրվում։ Գյումրու քաղաքապետը տեղյակ չէր դրա մասին եւ խոստացավ մարզպետարանից հետաքրքրվել։

Ինչ խոսք, դժվար է Հայաստանում նման միջոցառում կազմակերպել, սակայն Գյումրի ժամանած 2 ավտոբուս մասնակիցներն ու հյուրերը բավականին խառնաշփոթի մեջ հայտնվեցին։ Մասնակիցներից շատերը չգիտեին՝ որտեղ է իրենց ցուցադրության համար նախատեսված տարածքը, ո՞ւր են խոստացած նյութերը… Մի քանիսն էլ հետո պարզեցին, որ իրենք մեկ շաբաթից են իրենց աշխատանքը ցուցադրելու, ստիպված Գյումրիի ճանապարհը կտրած-բերած նյութերը թողեցին ու վերադարձան Երեւան։ Շատերը վիրավորվեցին կազմակերպիչներից, կազմակերպիչները՝ հասկանալու եւ վիճակի մեջ մտնելու անընդունակ նկարիչներից։ Որոշ արվեստագետներ էլ (երեւանցիներ) խորին տխրությունից, որ իրենք չեն Հայաստանում առաջին միջազգային Բիենալեի կազմակերպողները, ցանկացած լարվածություն օգտագործում էին աղմուկ ստեղծելու համար։

Արվեստագետների եւ քաղաքապետարանի՝ վիրավոր քաղաքին տոն նվիրելու, ոգի տալու ցանկությունն, ինչ խոսք, բարի եւ ազնիվ քայլ է, սակայն Գյումրիի փողոցները, կիսափուլ եւ ավերված շինությունները, մարդկանց դեմքերը տեսնելիս այդ տոնական տրամադրությունը գրեթե չէր նկատվում։ Ցուցահանդեսներն ու Ձիթողցյանների բակում կազմակերպված Գյումրիի «Բամբիռ» ռոք խմբի (որի 20-ամյա տարելիցը երեկ էր) ելույթները միայն մանուկներին ու պատանիներին էին լավ տրամադրություն փոխանցում։ Համերգը լսելու հավաքված մեծահասակ գյումրեցիները կիսաանշարժ դիտում էին, տեղ-տեղ հարցնում՝ բա սրանով փո՞ր կկշտանա կամ՝ ի՞նչ է Բիենալեն (մեկ-մեկ այդ բառն աղավաղված էին արտաբերում), մանուկները պարում էին հայ նկարիչների եւ արդեն գինովցած ռուս արվեստագետների հետ…

Մի խոսքով, կարելի է ասել, որ իրենց քաղաքի պես կիսավեր գյումրեցիներին ինչ-որ չափով ավելի ուրախացրեց համերգը, քան ցուցահանդեսները։ Նրանց հայացքները հարցնում էին՝ ովքե՞ր են այս մարդիկ, եւ ի՞նչ են անում… Ու իսկապես, կարծես անկախ այդ քաղաքից եւ մարդկանցից, այլ մոլորակից ուրիշ տեսակի մարդկանց մի խումբ էր եկել, իրենք իրենց համար, իրենք իրենցով ինչ-որ բաներ էին անում, գյումրեցիներն էլ ավելի շատ՝ թամաշա էին, ոչ թե՝ հանդիսատես կամ մասնակից։ Հարազատ էր իրենց «Բամբիռին», երկրաշարժին նվիրված երգը, որը փոքր-ինչ շարժում առաջացրեց, եւ բոլորը ոտքի կանգնեցին. դա է իրենցը, արդեն 10 տարի, ու հայտնի չէ մինչեւ երբ՝ դա են իրենք։

Ձիթողցյանների տուն

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի շենքը պատկանել է մեծահարուստ Ձիթողցյանների ընտանիքին։ Շենքի մի քանի ցուցասրահներում, ուր մինչ երկրաշարժը Գյումրիի արհեստներն էին ցուցադրվում, այժմ ավագ սերնդի (Վ. Սուրենյանց, Հ. Այվազովսկի, Փ. Թերլեմեզյան եւն) նկարիչների ստեղծագործություններն էին։ Առիթը որսալով թանգարանի ներկա վիճակի մասին հետաքրքրվեցի։ Թեեւ թանգարանի շենքը երկրաշարժից չէր վնասվել, բայց փոխարենը տուժել էին ցուցանմուշները եւ ստենդները։

Երկրաշարժից հետո ցուցադրության որոշ մասը թանգարանի աշխատակիցները փորձել են վերականգնել եղած լուսանկարների հիման վրա։ Ջեռուցում չի եղել, ցուցանմուշները խոնավությունից ճկվել-վնասվել էին, եւ հնարավոր չէր վերականգնել ցուցադրությունն ամբողջությամբ։ Երկրաշարժից հետո թանգարանը վերաբացվել է ընդամենն անցյալ տարի։ Այն գործել է 1984 թվականից։ Բաժանված էր երկու մասի. մի մասում ներկայացվում են գյումրեցի արհեստավորի, արհեստագործ մարդու, մյուսում՝ մեծահարուստ առեւտրականի բնակարանները։ Թանգարանն Ազգագրության պետական թանգարանի մասնաճյուղն է։ Չցուցադրվող եւ վերականգնման կարիք ունեցող ցուցանմուշները պահվում են ֆոնդերում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31