Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Օգոստոս 20,1998 00:00
javaxq

Ըստ էության, միանգամայն արժանիորեն Հայաստանի մամուլը վերջին օրերին ուշադրության կենտրոնում է պահում Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունները։ Միանգամայն բնական են հնչում հարցադրումները՝ կազմակերպված սադրա՞նք էր դա, պատահականությո՞ւն, ո՞ր կողմը որքան մեղք ունի, հնարավո՞ր են, արդյոք, դիպվածի կրկնություններ եւ այլն։

Հիշեցնենք, որ հայ-վրացական տարբեր սրության հակասություններ անկախության այս վերջին տարիներին տեղ գտել են։ Սկզբնական փուլում դրանց կարգավորմամբ զբաղվում էր ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը, իսկ հետագայում, կարծես թե, որեւէ պատասխանատու այդպես էլ չերեւաց։ Հիմա ավելի կոնկրետ այս վերջին միջադեպի «թաքնված» փուլի մասին։

Հայ-վրաց-ռուսական համատեղ զորավարժություններ անցկացնելու գաղափար, իրոք, եղել է, եւ անցյալ տարի նույնիսկ այն իրագործելու որոշակի նախապատրաստական համաձայնություններ արդեն իսկ ձեռք բերված են եղել։ Սակայն ռուս-վրացական սահմանային երկարատեւ անհաշտությունը, որն ի վերջո հանգուցալուծվեց Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Նիկոլաեւի հրաժարականով, ՌԴ պաշտպանության նախարարին հանգեցրեց այն մտքին, թե պետք է հրաժարվել համատեղ զորավարժություն անցկացնելուց։ Առկա խորապատկերի վրա միանգամայն բնական է Ռուսաստանի այս ռեակցիան, ինչը, սակայն, վրաց զինվորականների օրակարգում փոփոխություններ չի կատարել։

Ընթերցողին հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մեկ անգամ եւս, իսկ դա արդեն 1998-ի ընթացքում, խոսվեց Ջավախքում տեղակայված ռուսաստանյան զորքը դուրս բերելու մասին, որին, բնականաբար, պիտի փոխարինեին վրացական ստորաբաժանումները։ Դեպքերի նման զարգացման դեպքում շատ հստակ էր ուրվագծվում առնվազն 3 հեռանկար։

ա) Հայաստան-Ջավախք հարաբերությունները, որոնք մասնակի վերապահումներով մինչեւ օրս ունեցել են անմիջական բնույթ, միջնորդավորվում էին վրացական զորքի հայտնությամբ, որը Հայաստանի հետ սահմանը վերահսկելու էր՝ ռուսաստանյան բանակի շինությունները եւ տեխնիկական հնարավորությունները օգտագործելով։

բ) Թե քաղաքական, եւ թե մանավանդ կենցաղային առումներով ռուսաստանյան զորքը Ջավախքում որոշակիորեն երաշխավորել է կայունություն։ Բազմաթիվ հայեր իրենց ապրուստը հոգում են ռուսաստանյան հենակետում ծառայելով, ուստի նաեւ զուտ կենցաղային հողի վրա խնդիրը կարող է լուրջ կրքեր հարուցել, որոնք, վտանգավոր զարգացումների դեպքում, հնարավոր է եւ քաղաքական բնույթ ձեռք բերեն։ Իսկ ռուսաստանյան այս ստորաբաժանումում աշխատող հայերի թիվը բավականին մեծ է։

գ) Երրորդ կարեւոր խնդիրը, որը մտահոգում է տեղի հայությանը, Թուրքիայի հետ կապող երկաթգծի կառուցումն է։ Այս ամենի արձանագրումը բերում է այն եզրակացության, որ տեղի հայ բնակչությունը վստահություն չունի վրացական կողմի նկատմամբ, ինչի հետ պետք է հաշվի նստեն խնդրի կարգավորմամբ շահագրգիռ բոլոր ուժերը։ Պետական ընդհանուր քաղաքականությունը եւս չի նպաստում անվստահության մթնոլորտի ցրմանը։

Մարզի կենտրոնը Ախալքալաքում չէ, այլ Ախալցխայում, ուր բնակչության մեծամասնությունը հայեր չեն, իսկ Ջավախքի մեծամասնությունը հայեր են։ Ամեն մի աննշան տեղեկանքի համար անգամ մարզկենտրոն մեկնելու կարիք է լինում։ Ծանր է նաեւ սոցիալական վիճակը։ Էլեկտրականությունը տրվում է օրական 2-4 ժամ։ Աշխատելն անգամ անիմաստ է, որովհետեւ գյուղատնտեսական արտադրանքը մի կողմից մրցակցություն չի բռնում Թուրքիայից Վրաստան ներկրվող էժան բնամթերքի հետ՝ թանկ արտադրվելու պատճառով, իսկ մյուս կողմից էլ՝ ջավախեցիների առջեւ դժվարություններ են հարուցում նաեւ հայ մաքսավորները՝ բարդություններ հարուցելով արտադրվածը Հայաստանում իրացնելու ճանապարհին։

Այս ամենի հիմքի վրա էլ պետք է արձանագրենք, որ Ջավախքում իրավիճակը միշտ էլ պայթյունավտանգ է, ինչը կոնսերվացված վիճակում պահելու անհրաժեշտության առջեւ են կանգնած ե՛ւ հայերը, ե՛ւ վրացիները՝ աստիճանաբար որոնելով լուծումներ առկա հարցերին։ Այլապես՝ դրսի ուժերը չեն հրաժարվի ձեռնտու պահին բորբոքել տարածաշրջանային անկայունության եւս մեկ օջախ, ինչը, հաստատ, հարկավոր չէ ոչ մեզ, եւ ոչ էլ վրացիներին։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31