Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔ ՏԱԼԸ ՀԵՇՏ Է, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ՝ ԴԺՎԱՐ

Սեպտեմբեր 04,1998 00:00
Hermine Nagdalyan

Այս հրապարակումը պատրաստել է մեր թղթակից Ավետիս Բաբաջանյանը՝ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ զրույցից հետո։

Հայտնի եւ անվիճելի ճշմարտություն է՝ պարտք վերցնելը հեշտ է, վերադարձնելը՝ դժվար, որովհետեւ վերցնում ես ուրիշի դրամը, իսկ վերադարձնում՝ քոնը։ Վերջին տարիներին այս ճշմարտությունը կրկնվել է հարյուր անգամ՝ հարստացնելով փորձի շտեմարանը։ Մամուլում բազմիցս գրվել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի, գործով տուժող Դավիթ Բեգլարյանի եւ Լեւուշ Հակոբյանի դատական վիճաբանութայն մասին։ Սակայն մշտապես հնչել են Լեւուշ Հակոբյանի տեսակետները։

Այս հրապարակման նպատակը տուժող կողմի տեսակետները ներկայացնելն է, նաեւ մեր թերթի թույլ տված բացը լրացնելը։ Լեւուշ Հակոբյանի խաբեությունների շղթան կարելի է սկսել այն պահից, երբ նա Հայներարտ բանկից 30.06.94թ. իր «Օազիս» ՓԲԸ-ի եւ «Լիլիթ» սրճարան-կոոպերատիվի անունով ստանում է 98 հազար ամերիկյան դոլարի վարկ, որը չի վերադարձնում։ Որպես գրավ՝ բանկի կողմից վերցվում են «Օազիսի» գույքը եւ 0,5 հա տարածքով երեք ջերմոցներ։ Սակայն այդ նույն ջերմոցներից երկուսը արդեն 1995թ. ապրիլին նույն Հակոբյանը իր «Օազիս» ՓԲԸ-ով եւ «Պանտերա» արտադրական կոոպերատիվով (տնօրեն՝ Լեւուշ Հակոբյանի քրոջ որդի Խաչատուր Մարտիրոսյան) երկրորդ անգամ գրավ են դնում Երեւանի ոսկերչական գործարանում, դրա դիմաց ստանում երաշխավորական նամակ, որով հետագայում «Մեծ» բանկից ստանում են 12 միլիոն դրամի վարկ։

Վարկերը չմարելու պատճառով Երեւանի ոսկերչական գործարանին պատճառվում է 17 միլիոն դրամի վնաս։ Լեւուշ Հակոբյանը 1994թ. հունվարին «Նոյ» բանկից վերցնում եւ չի վերադարձնում 35 հազար դոլարի վարկ, պատճառաբանելով, թե Մեղրի-Երեւան ճանապարհին մեքենաները մնացել են բքի մեջ, եւ ներմուծվող սննդամթերքը ցրտահարվել է։ Բանկը երկարատեւ բանակցություններից եւ վարկը վերադարձնելու պահանջները չկատարելուց հետո ձեռնարկում է Լեւուշ Հակոբյանի տեխնիկայի եւ գույքի վաճառքը։ Լեւուշ Հակոբյանը դիմում է Հերմինե Նաղդալյանին եւ Դավիթ Բեգլարյանին՝ իրեն 10 օրով պարտք տալու խնդրանքով։ Դավիթ Բեգլարյանը համաձայնվում է, Հերմինե Նաղդալյանը՝ ոչ։

«1994թ. նոյեմբերի 30-ի երեկոյան Աբովյան փողոցում, «Նոյ» բանկի առաջ, Լեւուշ Հակոբյանն իր հարազատների եւ բազում այլ մարդկանց ներկայությամբ ձյան վրա չոքել է իմ դիմաց եւ համբուրելով վերարկուիս փեշը խնդրում էր. «Քույր ջան ինձ փրկի, ես խայտառակվում եմ։ Ես էլ որոշեցի փրկել»,- պատմում է Հերմինե Նաղդալյանը։ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանը բանկում ունեցած իր ավանդային գումարներով փակում է Լեւուշ Հակոբյանի պարտքը, որը տոկոսներով 81 հազար դոլար է կազմում։ Հետաքրքիրն այն է` սկզբում Լեւուշ Հակոբյանը եւ իր հարազատները բողոքել են հանրապետության 9 ղեկավար մարմիններին, հոդվածներ են տպագրել, որոնց իմաստն այն է, որ իրենք պարտք են, իսկ պարտատերերը ուժով եւ սպառնալիքներով ցանկանում են խլել իրենց ունեցվածքը։ Սակայն երբ քննությունը պարզեց, որ ոչ մի սպառնալիք էլ չի եղել, բողոքողները փոխում են իրենց վարքագիծը եւ առաջնորդվում նոր սկզբունքով. «Մենք ոչինչ էլ պարտք չենք»։

Հետաքրքիր է, որ բացի Լեւուշ Հակոբյանից, այս խմբի բոլոր անդամներն ընդունում են իրենց մեղքը։ Եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ Հ.Նաղդալյանը եւ Դ.Բեգլարյանը հետապնդում են Լեւուշ Հակոբյանին, իսկ իրավապահ մարմինները կատարում նրանց պատվերը, ապա ինչպես բացատրել մնացած 5 հոգու նկատմամբ քրեական գործերի հարուցումը։

Հարց է ծագում նաեւ, թե ինչ են եղել Լեւուշ Հակոբյանի երեք տարբեր բանկերից վերցված վարկերը։ Պարզվում է, որ այս տարաբախտ առեւտրականի բախտը երբեւէ չի բերել։ Երեք անգամ էլ կազմակերպելով ներմուծում՝ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իրանից, նրա ապրանքը կամ թալանվել է, կամ փչացել։ Մինչդեռ իրականացված ֆինանսական մեքենայությունների արդյունքում պետության եւ տարբեր կազմակերպությունների պատճառվել է 341 հազար դոլարի վնաս։ Կատարված խարդախությունների եւ անօրինականությունների համար Լեւուշ Հակոբյանը Էջմիածնի ժողդատարանի կողմից ՀՀ քր.օր-ի 89 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափի խարդախություն), 162 հոդվածի 4-րդ մասով (հարկերից չարամիտ խուսափում) եւ 187 հոդվածով (պաշտոնական կեղծիք) դատապարտվում է 8 տարի ազատազրկման, իսկ նրա մյուս գործընկեր Խաչիկ Մարտիրոսյանը գտնվում է փախուստի մեջ։

«Օազիս» եւ «Պանտերա» ֆիրմաների գլխավոր հաշվապահ Ն. Գրիգորյանի եւ այս խմբի մյուս անդամների՝ Լ.Հակոբյանի խնամիներ Գեւորգ Գեւորգյանի եւ Թամարա Ավագյանի նկատմամբ կիրառվում է համաներում՝ պետությանը պատճառած վնասի դիմաց բռնագանձելով գույքը։ «Եթե ես չլինեի ԱԺ պատգամավոր եւ լայն շրջանակներում հայտնի չլինեի, ապա չէր լինի նաեւ այս ամբողջ աղմուկը՝ հոդվածները թերթերում, բողոքները պետական եւ պաշտոնական մարմիններ», Հերմինե Նաղդալյանի այս միտքը հաստատում է նաեւ Լեւուշ Հակոբյանի «մենք չենք բողոքել, որ Ձեզ դատեն, մենք գրել ենք, որ դուք ձեր հեղինակության համար անհանգստանալով մեր պարտքերը զիջեք» արտահայտությունը։

Սակայն Հերմինե Նաղդալյանը համոզված է, որ Լեւուշ Հակոբյանի եւ նրա ազգականների հերյուրանքներով լի դիմում-բողոքներից իր հեղինակությունը բոլորովին էլ չի վնասվում եւ ինքը չի պատրաստվում որեւէ խարդախի ձեռքում գործիք դառնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930