Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին որեւէ հոսանքի հակազդելու խնդիր չունի

Սեպտեմբեր 08,1998 00:00
Garegin

Աղանդավորական հոսանքների՝ Հայաստանում ծավալած օրինական կամ ապօրինի գործունեությունը՝ հնարավոր բոլոր հետեւանքներով, հսկայական վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։ Եվ այս հարցում նշանակալից դեր ունի եկեղեցին՝ որպես հայ հոգեւոր կյանքի կարեւորագույն օջախ։ Ավելի հստակեցնելու համար եկեղեցու դիրքորոշումն աղանդների ու դրանց ծավալած գործունեության նկատմամբ, դիմեցինք Արարատյան թեմի հայրապետական առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին։

– Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս է հակազդում աղանդավորական հոսանքների ներթափանցմանը եւ տարածմանը Հայաստանում։

– Հայ առաքելական եկեղեցին որեւէ հոսանքի հակազդելու խնդիր չունի, եթե նրանց գործունեությունը օրինազանց չէ։ Եկեղեցին խնդիր ունի հաջողելու իր առաքելության մեջ՝ արդյունավետ գործունեությամբ իր հովանու ներքո ապահով ու անվրդով համախումբ պահելու հավատավոր իր հոտը։ Խոստովանեմ, որ մեր եկեղեցին պատրաստ չգտնվեց անկախությամբ ընձեռված ազատության պայմաններում լիարժեք գործելու։ Պատճառներ, անշուշտ, կան, որոնց վրա չծանրանալով, հիշեմ, թերեւս, ամենակարեւորը՝ հոգեւոր սպասավորների եւ միջոցների պակասը։ Այսօր առաջնահերթ խնդիրը գործունեության ընդարձակումն է, քարոզչության ծավալումը բոլոր միջոցներով, առավելագույնս արագ լրացնելու բաց թողնվածը, ներթափանցելու հասարակական կյանքի բոլոր ոլորտները՝ մինչեւ ընտանիք եւ անհատ, որպեսզի եկեղեցու հետ հայ մարդու շփումը դառնա առօրյա, նրա կյանքի բնական մաս։ Այս մտայնությամբ է, որ ծրագրեր են մշակվում եւ իրականացվում ներկա հնարավորությունների սահմաններում։

– Ըստ Ձեզ, այսօր գոյություն ունեցող օրենսդրական դաշտը որքանո՞վ է նպաստում աղանդների տարածմանը։

– Օրինազանցությունների անպատժելիությամբ, նաեւ՝ օրենքում առկա թերասացություններով։

– Որո՞նք են աղանդավորական հոսանքների տարածմանը նպաստող պայմանները։

– Հայտնի է, որ խորհրդային շրջանից եկող հոգեւոր դատարկությունն ազատ երկրում լցվելու պահանջ ուներ։ Ինչպես նշեցի, Հայ եկեղեցին առարկայական պատճառներով պատրաստ չգտնվեց իրավիճակը տնօրինելու եւ հոգեւորի պակասը լիարժեքորեն լրացնելու, որով եւ աղանդների համար բաց ասպարեզ մնաց։ Քիչ դերակատարություն չունեցան նաեւ քաղաքական արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական ծայրահեղ դժվարությունները, ժողովրդի կենսամակարդակի կտրուկ անկումը, որոնք ի տեղի օգտագործեցին աղանդները՝ իրենց ֆինանսական մեծ հնարավորություններով զբաղվելով ուղղակի հոգեորսությամբ, այսինքն՝ Ավետարանի բարոյականի եւ Հանրապետության օրենքի դեմ։ Ներկայիս աղանդները նոր, առավել ճկուն կերպեր ու միջոցներ են գտնում օրենքը շրջանցելու՝ գործելով որպես բարեգործական, մշակութային կազմակերպություններ։

– Հայ առաքելական եկեղեցին միեւնույն մոտեցո՞ւմն ունի բոլոր աղանդների նկատմամբ։

– Եկեղեցին աղանդների նկատմամբ իր մոտեցումներում խտրականություն չի դնում։ Շեղված են ուղղափառությունից, օտարամուտ են եւ խորթ մեզ հոգով, մտայնությամբ, իրենց շահերով ու նպատակներով, արժեքների համակարգով ու ճանաչումով։

– Այսօր եկեղեցին հայտարարված է պետությունից անկախ։ Պետությունը պե՞տք է միջամտի աղանդ-եկեղեցի փոխհարաբերություններին։

– Աղանդ-եկեղեցի փոխհարաբերություններին՝ ոչ։ Սակայն աղանդավորությունը ավերիչ եւ վտանգավոր է հենց ազգային եւ պետական առումով։ Եթե կուզեք, Հայ եկեղեցին, հայ հոգեւորականը ոչ այնքան կրոնական իմաստով են անհանգստացած աղանդների հարցում, որքան առավել ազգային նկարագրի ու արժեքների պահպանման եւ պետական հիմքերի ամրապնդման։ Այսօր, կարծում եմ, կարեւորվում է արդեն համազգային դիրքորոշումը աղանդավորության դեմ, որպես երեւույթի՝ ամբողջությամբ ընկալված։ Գնահատականը պետք է տալ ոչ միայն նայելով, թե ի՛նչ է ասում այս կամ այն աղանդավորական ուղղությունը, այլ՝ հատկապես ի՞նչ է մտնում մեր կյանք աղանդավորությամբ։

Պատասխանը միանշանակ է։ Աղանդավորությունը քանդում է հայ հասարակական կյանքի, հայ պետականության եւ ազգային համահավաքության հիմքերը, մարդուն դուրս գցում իրականությունից, զրկում իր ընտանիքին, ժողովրդին ու երկրին պիտանի լինելու առողջ գիտակցությունից, որով եւ՝ երջանիկ լինելու հնարավորությունից։ Այս ամենով էլ, կարծում եմ, ճշտվում են պետության միջամտության սահմանները աղանդների հարցերում։

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930