Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՅԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱՆԱԴԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ

Սեպտեմբեր 15,1998 00:00
sigaret

Հայ-կանադական «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկության գոյության փաստը վերջերս հաճախակի է հիշեցվում ԶԼՄ-ներում։ Ձեռնարկության պարտաճանաչ հարկատու լինելը, հայկական շուկան տեղական արտադրության եւ որակյալ ծխախոտով հագեցնելը, արտասահմանյան անորակ ծխախոտը հայկական շուկայից դուրս մղելը հատկապես հեռուստատեսությամբ՝ հիմնականում ներկայացնում է վերջերս Հայաստան եկած ձեռնարկության գլխավոր մենեջեր, սեւամորթ Մ822182218217Բայ Ամադու Բրունոն (վերջինս ընկալվում է որպես համատեղ ձեռնարկության կանադական կողմի ներկայացուցիչ)։ Խոսվում է արդեն «պատրաստի» ձեռնարկության հաջողություններից, իսկ թե ինչպես եւ ինչից է այն ստեղծվել, ովքեր են ներկայացնում կանադական կողմը ու էլի որոշ հետաքրքիր դրվագներ այնքան էլ լուսաբանված չեն։

Ի սկզբանե «Հայծխախոտն» էր «Հայծխախոտը» հիմնադրվել է Հայաստանում, 1924 թ.։ Տարեկան հզորությունը կազմել է 25 մլն հատ ծխախոտ։ 1967 թվականին տեղադրվել են փափուկ եւ կոշտ փաթեթավորման սարքավորումներ, նույն թվականին էլ ստեղծվել է բարձրորակ ֆիլտրի արտադրամասը։ 1967 թ. առաջին անգամ արտադրվել է ացետատային ֆիլտրով ծխախոտ, որի արտադրությունն աճել է եւ 1988-90 թթ. գործարանն արտադրել է 9,8 մլրդ ացետատային ֆիլտր, որով եւ ապահովել է ԽՍՀՄ-ի ծխախոտի գործարանների ացետատային ֆիլտրի 70 տոկոսը (30 տոկոսը ներմուծվել է արտասահմանից)։ 1983-87-ը «Հայծխախոտը» համարյա ամբողջովին վերազինվել է նոր սարքավորումներով եւ համարվել ծխախոտի բնագավառում ԽՍՀՄ լավագույն գործարանը։

1987-90 թթ. գործարանն ունեցել է 10,44 մլրդ հատ ծխախոտ արտադրելու հզորություն, որի 55 տոկոսն արտահանվել է ԽՍՀՄ հանրապետություններ։ 1988-90 թթ. Հայաստանի տնտեսական ճգնաժամը հանգեցրեց «Հայծխախոտի» անկմանը։ 1994-95 թթ. արտադրվում էր ընդամենը 1,6-2 մլրդ հատ ծխախոտ։ 1995 թ. գործարանը հայտնվեց սեփականաշնորհման շեմին՝ պետությանը 280 մլն դրամ պարտքով։ Պարտքի առաջացման հիմնական պատճառը առեւտրային կազմակերպությունների կողմից սիգարետի վաճառքից առաջացած գումարները «Հայծխախոտին» մասամբ կամ ամբողջովին չվճարելն էր։

Մասնավորապես Լենինականի եւ Կիրովականի քաղառները չմարելով իրենց մոտ 100 մլն դրամ պարտքը՝ լուծարվեցին, եւ «Հայծխախոտը» այդ գումարը դուրս գրեց որպես անհույս պարտք։ Այդ ժամանակ գործարանում աշխատում էր 650 մարդ։ Բաժանիր, որ տիրես 1995 թ. դեկտեմբերի 1-ին «Հայծխախոտը» սեփականաշնորհվեց որպես բաց բաժնետիրական ընկերություն եւ ուներ շուրջ 800 բաժնետեր։ Նրանցից երեքը՝ խոշոր։ Մեկը՝ գործարանի տնօրեն Լիդիա Սարգսյանն էր (23,3 %), մյուս երկուսը՝ նրա տեղակալներ Հրանտ Վարդանյանն ու Ռուբեն Հայրապետյանը (երկուսն էլ՝ 23,3 %)։ Պետությունը բաժնեմաս չուներ։ Գործարանը մինչեւ սեփականաշնորհվելը եղել է աշխատանքային նորմալ վիճակում՝ հագեցած հիմնականում անգլիական, ֆրանսիական, գերմանական սարքավորումներով։ Սեփականաշնորհումից հետո գործարանի վիճակը չթեթեւացավ։

1995 թ., ապա 1996-ին ֆինանսական դրությունը լարվեց. պետությանը պարտքերն աճում էին։ 1996 թվականին արտադրվում էր տարեկան մոտ 126 մլն հատ ծխախոտ։ Այդ տարի նախագահի հրամանագրով պարտապան ձեռնարկություններին առաջարկվեց մինչեւ դեկտեմբերի 1-ը պետությանը վճարել հիմնական պարտքերը՝ դրանով իսկ ազատվել տուգանքներից։ «Հայծխախոտը» փորձեց մարել պարտքերը, սակայն բավարար գումար չուներ (1996 թ. հոկտեմբերին պետբյուջեին պարտքը կազմում էր 600 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ ժամանակ էլ վերոհիշյալ խոշոր բաժնետերերից մեկը՝ Հրանտ Վարդանյանը, խոստանում է վճարել բյուջեի պարտքը՝ փոխարենն առաջարկելով կնքել պայմանագիր կանադական մի ֆիրմայի հետ (որն, ի դեպ, հենց ինքն էլ ստեղծել էր Կանադայում՝ «Գրանտ Տաբակ» անվանումով), համաձայն որի՝ «Հայծխախոտն» այդ ֆիրմային է վաճառում իր հիմնական միջոցների մի մասը։ Ստորագրվում է առքուվաճառքի պայմանագիրը։ Կանադայում ստեղծելով «Գրանտ Տաբակ» ֆիրման, Վարդանյանը որոշում է Հայաստանում էլ ստեղծել հայ-կանադական «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկությունը (փաստորեն՝ իր եւ իր միջեւ)։

Դիմում է «Հայծխախոտին, որ հիմնական միջոցները ոչ թե «Գրանտ Տաբակին», այլ «Գրանդ Տոբակոյին» տա, որին էլ կանադական կողմը զիջում է իր լիազորությունները։ Շարվում է պատ «Հայծխախոտի» եւ «Գրանդ Տոբակոյի» միջեւ, հիմնական միջոցները տեղափոխվում են «Գրանդ Տոբակոյի» տարածք, եւ այսպես ստեղծվում է հայ-կանադական «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկությունը։ Ընդ որում՝ «Հայծխախոտի» վաճառած հիմնական միջոցների արժեքը շուրջ 814 հազար դոլար է, որից «Գրանդ Տոբակոն» վճարել է միայն 600 հազարը, եւ, փաստորեն, «Հայծխախոտին» պարտք է 214 հազար դոլար։ «Գրանդ Տոբակոյի» փայատերերը Նրանք երեքն են՝ «ՌՌՌ» ՍՊԸ-ն, «Սամսուն» ՍՊԸ-ն եւ «Գրանդ Տաբակը» (թեեւ հիմնադիր պայմանագրում «տաբակը» տեղ-տեղ գրվում է «տոբակո»՝ թյուրիմացության մեջ գցելով՝ ի վերջո ով ով է)։ Առաջին երկուսը սեփականության 33 տոկոսի տերն են, երրորդը՝ 34 տոկոսի։

«Գրանդ Տոբակոյի» հիմնադիր պայմանագիրը կնքվել է 1997 թվականի ապրիլի 21-ին, իսկ պետռեգիստրի կողմից գրանցվել է 1997 թվականի մայիսի 5-ին։ . .. Իսկ մինչ այդ «Հայծխախոտի» երեք խոշոր բաժնետերերից երկուսը՝ Վարդանյանն ու Հայրապետյանը, որոշում են «իրենց շարքերից» հեռացնել երրորդին՝ Լիդիա Սարգսյանին, որպեսզի անարգել եւ վերջնականապես լուծեն «Հայծխախոտի» հարցը՝ հօգուտ «Գրանդ Տոբակոյի»։ Ս/թ հունիսի 18-ին հրավիրվում է «Հայծխախոտի» բաժնետերերի ընդհանուր ժողովը, ուր բաժնետերերի խորհրդի անդամներն ընտրվում են «Գրանդ Տոբակոյից»։

Փաստորեն, «Գրանդ Տոբակոն» իր կազմից նախագահ է ընտրում Ռուբեն Հայրապետյանին՝ այդ պարտականությունից ազատելով արդեն նախկին նախագահ Լիդիա Սարգսյանին։ Վերջինս «Հայծխախոտում» աշխատել էր երեսուն տարի, որից տասը՝ որպես տնօրեն։ Քանի որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հսկիչ փաթեթ չունեցող բաժնետերերի իրավունքները լիարժեք պաշտպանված չեն, Լիդիա Սարգսյանն էլ՝ չգտնելով նրանց դեմ պայքարի այլ ձեւ, բոլորի համար անսպասելիորեն որոշում է իր բաժնետոմսերը վաճառել Կարեն Բաբայանին՝ հաստատ համոզված, որ նա կվերականգնի արդարությունը՝ պաշտպանելով նաեւ մյուս բաժնետերերի շահերը։ Ի դեպ, ըստ Լիդիա Սարգսյանի, մինչ այդ նա Կարեն Բաբայանին չի ճանաչել անգամ դեմքով։ Վաճառքը կատարվում է հունիսի վերջին։ Թեեւ տիկին Սարգսյանն իրեն վճռական մարդ է համարում, սակայն պայքարել «Գրանդ Տոբակոյի» զորեղ հովանավորների դեմ, չէր կարող։ Ինչեւէ։

Մամուլում եղած հրապարակումները, թե «Հայծխախոտը» չի աշխատում Կարեն Բաբայանի հրավիրած աուդիտի պատճառով, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ գործարանը դադարել է աշխատել բաժնետերերի ժողովի օրվանից, իսկ աուդիտը հրավիրվել է հունիսի 24-ին (մեկ շաբաթ անց) եւ աշխատանքն ավարտել հուլիսի 31-ին։ Ի դեպ, գործարանը մինչ օրս չի աշխատում, թեեւ ապահովված է ե՛ւ հումքով, ե՛ւ աշխատուժով։

Կարեն Բաբայանն այսօր «Հայծխախոտի» ամենախոշոր բաժնետերն է։ Նրա հրավիրած անկախ աուդիտի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ «Գրանդ Տոբակոն» առանց որեւէ հիմնավոր փաստաթղթի, ապօրինաբար իր տարածք է տեղափոխել շուրջ 180 անվանում մեքենասարքավորումներ։ Պատը, որով կիսվել է երկու գործարանների տարածքը, կառուցված է հակառակ գլխավոր հատակագծի։ Դրա հետեւանքով, «Գրանդ Տոբակոյի» տարածքում են հայտնվել 16 անվանում շենքեր, շինություններ։ Մինչ օրս դրանք գտնվում են «Հայծխախոտի» հաշվեկշռում եւ դրանց դիմաց հարկերը վճարում է միայն «Հայծխախոտը»։ Ընդհանուր կոմունիկացիաների գումարն էլ է մինչ օրս վճարում «Հայծխախոտը» (էլեկտրաէներգիա, ջուր եւ այլն)։

1998 թ. օգոստոսի 5-ին պարոն Բաբայանը նամակով դիմում է «Գրանդ Տոբակոյի» գործադիր տնօրեն Հրանտ Վարդանյանին։ Նամակում ասվում է, որ իր հանձնարարությամբ աուդիտի կողմից իրականացվել է «Հայծխախոտի» աուդիտորական ուսումնասիրություն եւ պարզվել է, որ «Հայծխախոտին» պատկանող հիմնական միջոցների մի մասը առանց հիմնավոր փաստաթղթերի, տեղափոխվել է (կամ գտնվում է) «Գրանդ Տոբակոյի» տարածքում։ Նամակում առաջարկվում է սեղմ ժամկետներում դրանք վերադարձնել «Հայծխախոտին»։ Ինչպես նաեւ, «Հայծխախոտին» վերադարձնել 1996 թ. նոյեմբերի 25-ին գործարանի եւ «Գրանդ Տոբակոյի» միջեւ կնքված պայմանագրով վաճառված մեքենասարքավորումները եւ 1997 թ. հունիսի 12-ին նույն կողմերի միջեւ կնքված պայմանագրով վաճառված շենքերն ու շինությունները, քանի որ մինչ օրս «Գրանդ Տոբակոն» չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները։ Այն է՝ «Հայծխախոտին» պարտք է մնացել 214 հազար ԱՄՆ դոլար։

Առաջարկվել է նաեւ «Հայծխախոտին» փոխհատուցել վերջինիս կատարած ծախսերը՝ «Գրանդ Տոբակոյի» հետ համատեղ օգտագործվող կոմունիկացիաների օգտագործման համար։ Նամակը մնացել է անպատասխան։ Օգոստոսի 21-ին հրավիրվեց «Հայծխախոտ» ԲԲԸ-ի խորհրդի նիստ, ուր քննարկվեց գործարանի առողջացման եւ սեպտեմբերից վերագործարկման հարցը։

Հ. Վարդանյանը (որպես օգնություն) «Հայծխախոտին» առաջարկեց «Գրանդ Տոբակոյից» գնել համատեղ ձեռնարկությանը պատկանող ապրանքանիշերով մի քանի անուն արտադրատեսակների թողարկման լիցենզիա, ընդ որում՝ առաջարկը բանավոր էր եւ առանց որեւէ քիչ թե շատ լուրջ հաշվարկների ու ծրագրերի։ Պարոն Բաբայանն այդ առաջարկը չընդունեց, քանի որ «Հայծխախոտը» ֆինանսական նեղ վիճակում է, իսկ ծայրահեղ դեպքում առավել շահավետ է գնել հայտնի ֆիրմաների արտադրատեսակների թողարկման լիցենզիա։ Ով մեզ հետ չէ՝ մեզ դեմ է 1997 թ. նոյեմբերի վերջերին «Գրանդ Տոբակոյի» անդամներից մեկը՝ «Սամսուն» ՍՊԸ-ն, դիմում է ներկայացնում իրեն հասանելիք գույքով «Գրանդ Տոբակոյից» դուրս գալու մասին։

Դիմումին հետեւում է մի քանի ամսվա լռություն, ապա հունիսի վերջին «Սամսունը» պատահականորեն իմանում է, որ արդեն հեռացված է «Գրանդ Տոբակոյի» կազմից… Ըստ «Հայծխախոտի» մասնագետների Այս տարի Հայաստանում սպասվում է 400 տ ծխախոտի բերք։ Ղարաբաղում՝ մոտ 80 տ։ 1997-ին հավաքվել է 150 տ ծխախոտ։ Հայ-կանադական ձեռնարկությունն այդ տարի ոչ մի տերեւ չի հավաքել, քանի որ նախապատրաստման արտադրամաս չուներ։

«Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գործադիր տնօրենը եւ այլ ղեկավարներ հնարավորությունն ու առիթը բաց չեն թողնում հասարակությանը ներկայանալ որպես տեղական արտադրողի ու արտադրության բարենպաստ պայմանների կողմնակից հայրենասերներ։ «Հայծխախոտի» կազմակերպված անկումն ու նրա հաշվին կասկածելի համատեղությամբ նոր գործարան ստեղծելով՝ անկախ հովանավորների աստիճանից, ազնիվ ու խաղաղ արտադրությամբ զբաղվելը այնուամենայնիվ, դժվար է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930