Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈԲԻՆ ՀՈՒԴ ՉԿԱ

Սեպտեմբեր 29,1998 00:00
Edvard Egoryan

«Եթե Սահմանադրական դատարանը չընդունի այս դիմումը, կցուցաբերի նույնպիսի հանցավոր անգործություն, ինչպես այսօր նախագահի պաշտոն զբաղեցնողը»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով ԱԺ արտահերթ նիստ չհրավիրելը հակասահմանադրական քայլ բնորոշելով ՍԴ-ի շաբաթ օրվա աշխատակարգային նիստի ժամանակ։

Երբ ՍԴ-ը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշելու, թե ԱԺ 71 պատգամավորների դիմումը ընդդատյա է, թե ոչ, հողաթափերով ՍԴ եկած Էդվարդ Եգորյանը հեռացավ, ասելով, թե իր համար արդեն պարզ է, որ ՍԴ-ն մերժելու է դիմումը։ Մենք պարոն Եգորյանին խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի։

– Երբ դիմում էիք դատարան, հույս ունեի՞ք, որ դատարանը կընդունի ձեր դիմումը եւ նախագահի քայլերը կհամարի հակասահմանադրական։

– Հաճախ իրավական քայլերը, որոնք տանում են հարցի ճիշտ եւ նորմալ կարգավորմանը, պետք է անես անկախ նրանից, թե ինչ ես մտածում։ Իհարկե ես այնքան նայիվ չէի, որ ենթադրեի, թե այսօրվա Սահմանադրական դատարանը եւ նրա նախագահը ի վիճակի են այդքան համարձակություն ցուցաբերել՝ ճիշտ որոշումներ կայացնելու։ Բայց եթե քայլ կա, այն պետք է կատարվի, որպեսզի Սահմանադրական դատարանի այս նախագահը արժանանա գնահատականի, եւ նրա հաջորդը այդ դեպքում գուցե ավելի լուրջ դիրք գրավի՝ դառնալով Սահմանադրության պաշտպան եւ ոչ թե ցանկացած տվյալ պահի իշխանության կամակատար։

– Քանի որ դուք գիտեիք արդյունքը, նշանակում է փորձում էիք մեկ անգամ եւս «փչացնել» ՍԴ նախագահին։

– Ամեն մարդ ինքն իրեն է փչացնում։ Եվ իմաստ չունի քողարկել եւ չփչացնել մի մարդու, որը որեւէ լավ գործ չի անում երկրի համար։

– Ի՞նչ կարող էր անել Գագիկ Հարությունյանը, որ չարեց։ Ներկայիս Հայաստանում այլ վճիռ հնարավո՞ր էր։

– Գագիկ Հարությունյանը՝ ոչ, բայց Հայաստանում նման մարդիկ կան։ Դրա համար ընդամենը քաղաքական քաջություն եւ համարձակություն է պետք։

– Քաղաքական քաջությունը եւ համարձակությունը կարո՞ղ էին պատժվել։

– Անկախ դրանից պետք է աներ։ Իսկ մենք նրան կպաշտպանեինք ինչպես Ռոբին Հուդին։

– Ո՞րն է այսօր ավելի առաջնային, կոնյակի գործարանի վաճա՞ռքը, թե՞ Սահմանադրության ոտնահարման փաստը։

– Ավելի շուտ՝ հակասահմանադրական քայլերը։ Երբ մենք բարձրացնում էինք կոնյակի հարցը, չէինք ենթադրում, որ նախագահը մի կոնյակի հարց լուծելու պատճառով կդիմի այսպիսի հակաօրինական կեցվածքի։ Այսօր նման կեցվածքը կարող է կոնյակի նման շատ այլ հարցերի լուծման խնդիր առաջացնել եւ առաջացնում է։ Արդեն եւս մեկ ակնհայտ հակասահմանադրական հրամանագիր է ստորագրվել որակավորման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ հրամանագրով նախագահը փորձ է անում ձեւավորելու ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, այլ ՀՀ արքայի դատական համակարգ։

David Shahnazaryan

Նույնատիպ հարցերի խնդրեցի պատասխանել նաեւ Դավիթ Շահնազարյանին։

– Ավելի քան վստահ էի, որ դատարանը մերժելու է գործի քննությունը։ Քաղաքական գործունեությունը խստորեն պետք է լինի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։ Թեկուզ նրա համար, որ մեզ չմեղադրեն, թե ինչու այդ չեք արել։ Ներկայիս Հայաստանում բացառված էր, որ Սահմանադրական դատարանը որեւէ լուրջ վճիռ կայացներ, որովհետեւ Սահմանադրական դատարանը քաղաքականացված մարմին է, զբաղված է նույնպիսի անգործությամբ, ինչպես նախագահի պաշտոն զբաղեցնողը։ Սահմանադրական դատարանը իր ողջ գործունեության ընթացքում վարկաբեկել է այդ ինստիտուտը, որը մեծ հարված է թե մեր ազգային արժեքներին, թե մեր պետականությանը։

– Ո՞րն է ձեզ համար առաջնային, կոնյակի գործարանի վաճա՞ռքը, թե՞ նախագահի անգործությունը։

– Ոչ, սա կոնյակի գործարանի հետ ուղղակի կապ չունի։ Սա հերթական սահմանադրական խավարումն է, որը խրախուսվում է ՍԴ172ի կողմից։ Մենք այժմ կարիք չունենք նախագահի հրամանագրի, այժմ հերթական նստաշրջանն է, եւ մենք այդ հարցը եւ էլի այլ հարցեր կլուծենք այդ նստաշրջանում։

– Ի՞նչ եք մտադիր անել մերժելուց հետո։

– Այժմ կարեւորագույն խնդիրը քաղաքական դաշտի համախմբումն է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար։ Որովհետեւ ներկա իշխանությունների մնալը մեծ վտանգ է ներկայացնում թե մեր ազգային արժեքների, թե պետականության, թե տարածաշրջանային կայունության համար։

– Ժողովրդավարական ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանություններ փոխել։ Չէ՞ որ 1995 թ. հետո յուրաքանչյուր ընտրություն ավելի վատն էր։

– Այո, եթե 1995-ի ընտրությունները վատն էին, ապա 96-ին շատ վատը, իսկ 98-ին ընդհանրապես ընտրություններ չեղան։ Այսօրվա իշխանությունը ընտրությունները դարձրել է արարողակարգ։ Պետք է ժողովրդի միջից վերացնել այն մթնոլորտը, թե ամեն ինչ անիմաստ է, կապ չունի՝ մենք կգնանք ընտրության, թե ոչ, կամ միեւնույն է, թե ով կընտրվի։ Իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին, քանի որ այսօրվա իրավիճակը առավել անհեռանկարային է, քան երբեւէ եղել է անկախության 7 տարիներին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930