Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ. «ՄԻՇՏ ՀԱՅ ԵՄ ԻՆՁ ԶԳԱՑԵԼ»

Հոկտեմբեր 10,1998 00:00
Mayrik-Anri Vernoy

Արագընթաց գնացքը սլանում էր Ժնեւյան լճի գեղատեսիլ ափով։ Ասել, թե գեղեցիկ բնություն էր, կնշանակի ոչինչ չասել, ուրեմն եւ ավելացնեմ միմիայն, որ բնության այդ շնորհը հասցված է կատարելության՝ մարդկային բարեխիղճ, գորովալից գործունեությամբ։ Կարծես կային բոլոր նախադրյալներն անդորրի մեջ այս հաճույքը վայելելու, բայց ձեռնարկած ճանապարհորդությանս նպատակը ինձ պատել էր մեծագույն հուզմունքով։ Մտքերս առաջ ընկնելով իմ գնացքից, արդեն այնտեղ էին՝ Լոզանում, ավելի ճիշտ՝ նրա առանձնատներից մեկում ինձ սպասող Անրի Վերնոյի կամ Աշոտ Մալաքյանի հետ։ Իմ առջեւ է ժպտուն, ուրախ, արտակարգ աշխույժ, բարետես մի հայ, ողջունում է ինձ անբասիր հայերենով եւ հետո ողջ զրույցը տանում է միմիայն իր մայրենի լեզվով։

– Ամբողջ ընտանիքս ծնունդով Ռոդոստայից է եւ նավաշինարարներ էին։ Մոտ 50 նավ ունեինք, ինչպես նաեւ բազմաթիվ առանձնատների սեփականատեր էինք։ Հարուստ եղած են ծնողքս։ Մեծ հայկական համայնք կար, որը երկու եկեղեցի ուներ՝ Սուրբ Խաչ եւ Սուրբ Թագավոր. ես այս թաղեն եմ, եւ քանի մի պատկեր մանկությունից գլխիս մեջ պատկերված են եւ երբեմն-երբեմն կգան աչքիս առջեւ։

– Իսկ ձեր արմատները որտեղի՞ց են, ովքե՞ր են եղել ձեր ծնողները,- ընդհատում եմ ես Վերնոյի հուզված խոսքը իմ առաջին հարցով։

– Քիչ բան է այդ հարցի շուրջ խոսված, քանի որ գիտեք, երբ թողեցինք մեր տները, գեշ պայմաններու մեջ հայտնվեցանք։ Ամենը գիտեմ հորս պատմություններից։ Գիտեք, եթե ես մի փոքր իսկ կտոր տաղանդ ունեմ, դա, անշուշտ, հայրիկիցս է։ Ինչպե՜ս էր կարողանում պատմել, նշանավոր պատմիչ էր, հարյուր հոգանոց դահլիճը իր պատմությամբ կարող էր գերել եւ ստիպել լռությամբ ընկալել իրեն։ Ես այդ պատմությունները անգիր գիտեի, անգամ համարակալած էի եւ խնդրում էի՝ «Հայրի՛կ, N 8-ը պատմիր մեկ անգամ եւս»։ Կարողանում էր պարուրել քեզ իր պատմությամբ եւ աչքերիդ մեջ էր խորանում՝ զգալու համար, թե իր պատմածը ամբողջությամբ ես ստանո՞ւմ, թե՞ ոչ։ Հիանալի պատմիչ էր, գիտեք, դա դժվար բան է՝ լավ պատմել։ Միեւնույն բանը մեկը կպատմե, ոչինչ չես զգա, մյուսը կարող է հոգիդ շարժել։ Տաղանդ է պատմելը, եւ հայրս այդ տաղանդին լիակատար տիրապետում էր։ Հույս ունիմ, որ եթե ես մի փոքր տաղանդ ունիմ, դա հորս կտակն է, անշուշտ։ Կարեւոր է, թե ինչ լույսի ներքո ես ներկայացնում պատմությունդ, ըստ այնմ այն հետաքրքրական է դառնում կամ ոչ։

– Իսկ ինչո՞վ էր զբաղվում ձեր հայրը, ի՞նչ մասնագիտություն ուներ։

– Նավաշինարար էր, եւ քանի մը խանութների տեր էր, գիտեք, այսպես խանութներ, որտեղ ամեն ինչ կա նավարկության համար, նավավաճառի ամեն բան կվաճառվի, անշուշտ, հետո ամեն ինչ կորցուցինք։ Երկու տարի Հունաստանում մնալուց ետքը շատ ծանր պայմաններու մեջ՝ ճանապարհ ընկանք դեպի Մարսել։ Դա 1924 թիվն էր։ Երկու տարի մնացինք Հունաստանում՝ շատ գեշ, խեղճ վիճակի մեջ։ 30-40 տարի վերջը ֆիլմս դարձուցի Հունաստան, Աթենքի մեջ։ Ժան-Պոլ Բելմոնդո, Օմար Շարիֆ, մի քանի մեծ ամերիկյան դերասաններ, եւ մայրս ալ տարի այնտեղը, Հիլտոնի ամենամեծ ապարտմանը առի, պատուհանը բացավ։ – Ի՞նչ կուզես տեսնել, մայրի՛կ,- հարցրի,- կա՞ռքը, վարորդի՞ն։ – Ոչ,- պատասխանեց, միմիայն այն անկյունը, ուր ապրած էինք երկու տարի գեշ, Էլեֆսինա կուզիմ տեսնիլ, կարելի՞ է, մանչս։

– Այո,- ըսի։ Կառքը մյուս օրը առավ, գնաց Էլեֆսինա։ Հիմա շոֆյորը ինձի կպատմե կոր, դուռը բացավ՝ կառքի դուռը, նայեցավ այդ անկյունը, դուռը գոցեց եւ ըսավ՝ հիմա կրնամ մեռնիլ, եւ գնաց։ Եվ դա վերջին բանն էր, որ տեսավ։ Ուրեմն, հասած էինք Մարսել, հայրս ամենացածր բաներուն կգործեր, սուպրոլետարիատ կսեն, շաքարի մաքրման գործարանում գիշերները կաշխատեր, որովհետեւ ավելի դրամ կուտային։ Եվ ես միշտ կմտածեի ինքզինքս, թե ինչո՞ւ հայրս անկողինը չի մտնում։ Միշտ անկողինը շինած էր, վերջը հասկցա։ Եվ, իհարկե, ինձ ամենամեծ դպրոցը դրին։ Դե, գիտեք, հայի սովորություն է՝ ամեն լավը երեխային։ Ըսկսանք սովրել։ Ամենակարեւորը այն էր, որ այդ տունին մեջ սերը որ կար՝ «Iamour absolut»։ Գիտեք, մոռացեք դա, չկա «Iamour absolut», գոյություն չունի մեր այդ մթնոլորտեն դուրս։ Ամբողջ կյանքս փնտրեցա դա եւ չգտա, անկարելի է։

– Այո, այո, հասկանում եմ, հայ ընտանիքին բնորոշ մթնոլորտ։

– Այո, ասում էի՝ «Մայրի՛կ, գունավոր մատիտների պետք ունինք։ -Մանչս,- ասում էր,- գիտես ուր է դրամը։ Եվ էտաժների վրա տուփ մը կար, այդ տուփին մեջը ամբողջ ընտանիքին դրամը, մորաքույրներս, մայրս, իմ բազմապատիկ մայրերս կսեի իրենց- երեք մայր ունեի, չէին գիտեր, թե որքան դրամ կա մեջը,- ինչ պետք ունիս, առ՛, մա՛նչս,- կըսեին։ Եվ այդ վայրկյանին սենյակից դուրս կուգային, վստահում էին, կրնայի մեկ ֆրանկ ավել առնեի՝ տասը սանտիմ պակաս, կխորհիմ՝ մեկ սանտիմ ավել չէի առնի, ինչպես կրնաս սանտիմը ավելի առնի, եթե մայրս սենյակեն դուրս կուգար, որ առնես այնքան, որքան պետք ունիս։ Ամբողջ ատիկա էր։ Ամենակարեւորը՝ քսան տարի այդ ընտանիքին մեջը ինչ-որ հայ մտավորական մնացած էր, այս մեր տունեն անցած էր։ Ես ապրել եմ ահա այդ մթնոլորտի մեջը։ Քսան տարի հայերեն կմտածեի եւ ֆրանսերեն բան մը ըսելու համար կթարգմանեի ֆրանսերեն։ Հիմա ավելի լավ կրնամ ուղղակի ֆրանսերեն խոսիլ։ Բայց գիտեք, ինչքան դժվար է, օրինակ, բան մը պիտի ըսեմ, անշուշտ, գիտեմ ֆրանսերեն ինչպես պիտի լինի, նախեւառաջ հայերեն կմտածեմ կոր, հետո կթարգմանեմ ֆրանսերեն։ Կրնամ ուղիղ ըսել ֆրանսերեն։

Բայց այս է, որ կուզիմ հասկանալ, որ ես ապրել եմ այդ կոկոնին մեջը, իսկական հայկական։ Ամեն կիրակի առավոտ, հինգ տարեկանեն սկսեալ, մոմակալ եղած եմ ես եկեղեցիին մեջ։ Եկեղեցիին մեջ շարականները առավոտվա յոթեն՝ «Խորհուրդ խորինը» կսկսի, բայց ոչ, ես առավոտ հինգից գիտեմ ինչ են երգում՝ «Առավոտ լուսո», «Հայրն ամենակալ, արարիչն երկրի ու երկնի, երեւելյայ ինձ», ամեն մեկը մյուսից շատ, երգել եմ ընթերցված «Դանիել մարգարե» (եւ ով էր Աստվածը, որ կփրկե ձեզ): Սկսում է գեղեցիկ ձայնով կարդալ եւ ապա ծիծաղելով շարունակում է։ Ամենամեծ երազս՝ կուզեի գրաբարը իմանալ, ադենը չունեցա։ Կգրեմ հայերեն, կկարդամ, գրաբարը չիմացա։ Գիտեք ինչ եմ անում, երկու-երեք օրով դուռս փակում եմ եւ շարականներ եմ երգում (Քրիստոս, որ մեր մեջ հայտնվեցավ)։ Մոցարտ է, իրական Մոցարտ։ Ապրել եմ այդ մթնոլորտի մեջ։ Եվ այնուհետեւ, կրնաս առնել այդ տղան եւ ձգել մյուս, օտար մթնոլորտի մեջ, բայց անկե վերջը ան ալ չի փոխվի։ Խցանը բռնված է, քսանութ տարի ապրել եմ այդ մթնոլորտի մեջ։ Ամենն ալ ճանաչել եմ, ամեն նրանց վեճերի մեջ եմ եղել, Չոբանյանը, ամենը, ամբողջ ամեն ինչ իմացել եմ։

– Ո՞ր հասակից եք ձեզ հայ զգացել։

– Միշտ զգացած եմ։

– Եվ ե՞րբ զգացիք, որ բան կրնաք անել։

– Կարծիքս այն է, որ անիկա գիտե, որ որեւէ բան ունի ըսելու, չպիտի ասի, թե ահա ժամը 11 անց է 31, եւ ես պատրաստ եմ բան ըսելու։ Ֆրանսիական արտահայտություն մը կա, ասում են, եթե բանաստեղծ ես, չպիտի ասես թե բանաստեղծ ես, քո բանաստեղծությունը ինքը կգա, առանց քո գիտության կգա, ուրեմն՝ չեմ կրնա ըսել, թե երբ։

– Մարդու բնավորության ո՞ր հատկանիշն եք ընդգծում։

– Արժանապատվությունը։ Դա շատ կարեւոր հարցումն է, որովհետեւ կպատասխանի շատ դեմերուն։ Առաջին պատասխանս այն է, որ կհարցնեմ ինքզինքս, թե չեմ գիտեր, Աստծո կհավատա՞մ, թե՞ ոչ։ Դա կարեւոր չէ։ Ես անգամ պրեզիդենտ Շիրակին ալ պատմել եմ, թե մեր կրոնը միակն է, որ հավասարաչափ կողք-կողքի կդնի հավատացյալին ու անհավատին, եւ անոնք միասին կգան եւ Կոմիտասի պատարագը մտիկ կընեն իրենց ինքնությունը զգալու համար։ Անիկա, որ կհավատա, միեւնույն առաջնությունը ունի եւ կզգա, որ Աստված իր կողքն է, իսկ այն, որ չի հավատա, միեւնույն հաճույք ունի, եւ միմյանց հետ հոգիները կխոսին։ Միակ կրոնքն է, որ կուգա իբրեւ մշակույթի օջախ- սա է մեր եկեղեցին, ֆանատիզմ չկա։ Եթե Աստված չէ, այնինչ-այսինչ գաղափարախոսությունը չէ, որ ինձ կպահե, ուրեմն՝ ի՞նչ է, որ առաջնորդում է ինձ որոշումներ ընդունելիս։ Միմիայն իմ ներքին արժանապատվությունը, որպեսզի առավոտը բացվելուն ես ինձ հայելու մեջ ամոթով պիտի նայեմ, թե՝ ոչ։ Ուրեմն շատ բան կա, որ չես անում, եւ շատ բան կա, որ կորցնում ես, բայց դրա համար պիտի վճարես, ամեն ինչի համար հատուցում կա։

– Եղբայրներ, քույրեր, երեխաներ՝ ի՞նչ ունեք։

– Մինակ եմ, եղբայր, քույր չունիմ, շարքին մեջը ժամանակ չէր։

– Այ, դուք հայ եք, համարձակորեն կասեմ՝ իսկական հայ եւ ֆրանսիացի արվեստագետ դառնալու համար անհրաժե՞շտ է փոխել ազգային հոգեբանությունը, թե՞ ոչ։

– Երբեք, Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ազգային ֆանատիզմ չկա, եւ ես իմ 70 տարվա կյանքիս ընթացքում երբեւէ չեմ զգացել իմ հայ լինելու խանգարող հանգամանքը՝ հակառակը։

-Անշուշտ, Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ արվեստի մարդն ունի ծավալվելու լայն հնարավորություններ, այդպես է, չէ՞։

– Ամերիկայի մթնոլորտը, օրինակ՝ դոլարն է, եթե այնտեղ արվեստի մեջ գործ ես սկսում, դա կարող է շատ շահութաբեր լինել, ես շատ դոլար վաստակեցի Ամերիկայի մեջ։ Բայց երբ սկսում էի, միտքս այդ չէր։ Եթե սկսեն դրամով մտածել, պետք չի արվեստ ընել։ Կշահես կամ ոչ, բայց պիտի այդ ռիսկը անել։ Ամերիկայում առաջինը դոլարն է, ուրեմն՝ ավելի կոմերսանտների երկիր է։

– Դուք Հայաստանում հատկապես մեծ ճանաչում ստացաք «Մայրիկ» ֆիլմով։ Ե՞րբ առաջացավ «Մայրիկ»-ի գաղափարը։

– Մորս կորցուցի, վերջինը ընտանիքիս անդամներից, ինչպես գրում եմ գրքիս մեջ։ Ամբողջ երեկոն մայրս հետս էր, հիվանդությանս ժամանակ ձեռքս բռնած։ Հայ մայրը տանը պիտի մեռնի։ Եվ կգա մի պահ, երբ ոչինչ այլեւս չես կարող անել։ Երբ մայրս կորցուցի, մտածեցի, որ ամբողջ կյանքս մեկ անգամ իսկ չեմ ըսել՝ մայրիկ, քեզ կսիրեմ։ Վերջը մտածեցի նմանապես, որ եթե ըսեի, մայրս պիտի զարմանար։ Իհարկե, կսիրենք միմյանց, մենք իրար ի ծնե սիրում էինք։ Հասկանո՞ւմ եք, ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն՝ պետք չունեի ըսելու։ Մայրս կորցուցի, երեք բառ գրեցի թղթի վրա. «Մայրս մեռնում է», եւ սկսա նկարագրել այդ երեկոն, բոլոր հիշողությունները, որ իր հետ կապված էին, մինչեւ այն վայրկյանը, որ իր հետ չէի կրնա երթալ, որովհետեւ անիկա կհավատար։ Մայրս ութսունչորս տարեկան էր։ Եվ ըսի այդ վայրկյան. «Նա գնաց դեպի իր աշխարհը եւ կմնա մի բուռ մոխիր»։ Երկու ժամից գրքի միտքը կար եւ քսանչորս ժամից այն ամբողջությամբ պատրաստ էր։ Հրատարակիչ մը գնեց, եւ մեկ միլիոն տասը երկրի մեջ թարգմանված է։

– Ինչպիսի՞ն է արվեստի մեջ իր տեղը գտնելու ուղին, դպրոց պիտի անցնե՞լ, թե՞ յուրաքանչյուրն իր արահետն իր ուժերով պիտի հարթի։

– Եթե անցնիս, վատ չի ըլլա, բայց կարեւորը հողն է՝ հող պիտի լինի։ Եվ հետո մի հանգամանք եւս, արվեստի մեջ շատ խելացի լինել պետք չէ, սիրտդ է, որ պիտի տաս, որ պայթի՝ ձգես որ պայթի։ Խելքը չէ, որ մեծ արվեստական բաներ կընե։ Խելքը շատ բան մըն է, խելքը շատ մեծ, մեծ բաներ կուտա, մեծ մաթեմատիկոսներ, բայց արվեստի մեջ սիրտդ է։ Ուրեմն, երբ որ կխոսիս մեծ անուն հանած մեկի հետ, կրնաս հիասթափվիլ, թե շատ խելացի չի, պետք չունի, ձգե, թող իր արվեստը ընե։

ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեւանի պետական համալսարանի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Լուսանկարում դրվագ՝ Անրի Վերնոյը «Մայրիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031