Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա հողի շուկա

Հոկտեմբեր 15,1998 00:00
hox

Հարթավայրում մեկ հեկտար առաջին խմբի վարելահողի գինը կամ նրա կադաստրային արժեքը սահմանված է 12 միլիոն դրամ։ Ոչ մի գյուղացի, իր հողերը խոշորացնելու նպատակով, չի կարող գնել այդ հողը։ Եթե այսպես շարունակվի, մեր երկրում ապրանքային տնտեսություն չի՛ զարգանա։

Այդ անծանոթ բառը՝ կադաստր

– Ի՞նչ է նշանակում կադաստր,- հարցնում եմ ՀՀ գյուղնախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի հողային կադաստրի բաժնի պետ Գ. Հակոբյանին ու խնդրում պարզաբանել։

Իսկ պարզաբանելու բան շատ կա։ Նախ, «կադաստրը» լատինական ծագում ունեցող բառ է եւ նշանակում է տեղեկությունների ամփոփագիր, որը զբաղվում է գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման հարցերով։ Կադաստրը վերաբերում է ոչ միայն հողին, այլեւ անշարժ գույքին, ջրին, օդին, անտառին, ճանապարհին, բնության ստեղծածին ու մարդու ստեղծածին։ Պրն Հակոբյանի ասելով, խորհրդային ժամանակներում կազմված հողային կադաստրի հիմնական էլեմենտները դրվում են նաեւ այսօրվա կադաստրի հիմքով եւ էականորեն չեն փոխվել, փոխվել են դրանց նկատմամբ պահանջները, այսօրվա վիճակով։ Եթե սովետական տարիներին կատարված աշխատանքները ծառայում էին պլանավորման համար, այսօր օգտագործվում է միայն հարկային քաղաքականություն մշակելու, գյուղացի-պետություն հարաբերությունները ճշտելու եւ հողի առքուվաճառքի դեպքում գնահատման վերջին արդյունքները, հողի գինը որոշելու համար, ծայրահեղ դեպքում, գոնե հողի մեկնարկային գինը որոշելու համար։

– Իրավաբանական ձեւակերպում տալու ժամանակ հողի գինը ֆիքսվում է, որին կադաստրային գին ենք ասում կամ կադաստրային արժեք։

Զարգացած երկրներում գոյություն ունի հողի բորսա Այսօրվա վիճակով հողի մեկնարկային գնի հիմքում (նաեւ սեփականաշնորհված հողի) նրա կադաստրային արժեքն է։ Բայց զարգացած շատ երկրներում, բացի կադաստրային հաշվարկից (որը պետության կողմից նրա ֆիքսված գինն է), գոյություն ունի հողի շուկա, գոյություն ունի հողի բորսա, որտեղ առաջարկի ու պահանջարկի հիման վրա որոշվում է հողի գինը՝ կամ բարձրանում է, կամ ցածրանում։ Ե՛վ յուրաքանչյուր վաճառող, ե՛ւ յուրաքանչյուր գնորդ, մինչեւ չիմանա թե հողից ինչ արդյունք է ստանալու… Իսկ մեզանում։ Մեզանում յուրաքանչյուր գնորդ իր տված գումարի չափով էլ ծախս պիտի անի հողի վրա, մինչեւ հողը հող դառնա։

– Այսօրվա գործող կադաստրը հաշվարկված է հողի պոտենցիալ հնարավորություններով։ Մենք մեխանիզմը կատարելագործում ենք. ուղղակի հաշվառման մեթոդ ենք իրականացնում 65 համայնքներում,- ասում է մասնագետը։

Եթե հարկման հիմք համարվի հողի պոտենցիալ հնարավորությունը, ուրեմն պիտի չֆիքսվի շատ բան. Արարատյան դաշտում հողը աղակալվում է, պիտի չֆիքսվի, լեռնային շրջաններում հողերն անապատացվում, էրոզացվում են, պիտի հաշվի չառնվի։ Մինչդեռ, գնահատման ընթացքում հողի կարգերը փոխվում են։ 90 թ. կադաստրով հանրապետությունում եղել է 30.000 հա առաջին կարգի վարելահող, 97 թ. գործող կադաստրով՝ 22-24 հազար հեկտար։ Այսօրվա դրությամբ, մասնագետների՝ (Շիրակի մարզում) ամփոփ տվյալները ցույց են տալիս, որ 23.000 հեկտար ջրովի վարելահողերից մարզում մնացել է 9 հազար հեկտար առաջին եւ երկրորդ խմբի բարձր որակ ունեցող հող, մնացածները՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ կարգի հողեր են։

Խնդրում եմ պրն Հակոբյանին այս խնդիրը պարզել գումարային արտահայտությամբ։

Անջրդի վարելահողերի 60%-ը մշակվում է վնասով

Գլխավոր տարբերությունն առաջին եւ հինգերորդ կարգի հողերի մեջ հետեւյալն է։ Հողի վրա դրված ծախսերը կարող են նույնը լինել, բայց, բերքատվությունից ելնելով, նրանց համախառն արդյունքը կարող է հսկայական տարբերություն ունենալ՝ 6-10 անգամ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ հանրապետության բարձրադիր գոտում անջրդի վարելահողերի 60%-ը մշակվում է վնասով, բայց պետությունը նրանցից դեռ հողի հարկ էլ է գանձում։ Չէ՞ որ մշակողը վնաս է անում եւ ոչ թե օգուտ։ Հանրապետությունում պիտի քաղաքականություն մշակվի այս հարցերը կարգավորելու ուղղությամբ։

Օրինակ, եթե հարթավայրի սեփականատերը ունի 5000 քմ վարելահող, նրա միջին շահույթը տարեկան կարող է հասնել 1000 դոլարի։ Իսկ բարձրադիր գոտում, երբ հողի մեկ մասնաբաժինն անհամեմատ մեծ է՝ 2 հեկտար, 5 հեկտար, շահույթ չի ստացվում։ Պատճառները շատ են։ Նախ՝ բնակլիմայական պայմանները նրան արդեն պատժել են, երկրորդ՝ վեգետացիայի տեւողությունն է կարճ, վերջին տարիների հողերի պարարտազուրկ վիճակը, անջրդիությունն էլ՝ վերադիր։ Անջրդիության պայմաններում հանրապետության ամենախոնավ գոտում՝ Լոռվա մարզում, հեկտարից ստացվում է ընդամենը 10-12 ց հացահատիկի բերք, եւ սա՝ լավագույն դեպքում։ Պրն Հակոբյանն ավելի է խտացնում գույները։

– Հանրապետությունում շրջաններ կան, որտեղ մարդիկ կարող են հողից հրաժարվել. Ամասիայի, Ղուկասյանի շրջանները, Սյունիքի մարզի բարձրադիր համայնքները։ Նրանք հողից արդյունք չեն ստանում։ Կարող են լքել հողերը, եւ կարճ ժամանակում այդ հողերը կանապատացվեն։ Բայց չէ՞ որ այդ հողերը մշակելի են դարձել հազարամյակների ընթացքում, կամ եթե նոր յուրացված հողեր են, սովետական կարգի եւ միլիոնավոր ռուբլիների ներդրման գնով։ 2000-4000 քմ հողով ապրանքային տնտեսություն չի՛ զարգանա Հանրապետությունում գրեթե չի գործում սեփականաշնորհված հողերի շուկան։ Լավագույն դեպքում հողի առքուվաճառքը վերաբերում է տնամերձ հողերին։ Հողային շուկան չի գործում, իսկ հողի կադաստրային արժեքը շատ բարձր է։ Հարթավայրում 1 հեկտար առաջին խմբի վարելահողը արժե 12 միլիոն դրամ։ Ոչ մի գյուղացի, եթե ուզենա իր հողերը խոշորացնել (իսկ դրա կարիքը շատ է զգացվում), ի վիճակի չի գնելու այդ գումարով։ Եթե այսպես շարունակվի, մեր երկրում ապրանքային տնտեսություն չի զարգանա, քանի որ 2000 կամ 4000 քմ-ով ապրանքային տնտեսություն չի զարգանում, լինում է բնատնտեսություն։

Ապրանքային տնտեսության ստեղծման համար անհրաժեշտ է հողերի խոշորացում։ Հողերի խոշորացում կլինի միայն այն ժամանակ, երբ գործի հողի շուկա, եւ հողի գինը հասու լինի գյուղացու գրպանին։ Մեր անկայուն էկոնոմիկայի պայմաններում, մասնագետի պնդմամբ, սա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ գյուղացին ի վիճակի չլինի իր հողի իսկական արժեքը իմանալ։ Իսկ հիմա հանրապետությունում հողի առքուվաճառք իրականացվում է հետեւյալ սկզբունքով. վաճառողը ստիպված («տոկոսի տակ» է, կամ հանրապետությունը «կուլտուրական» ձեւով լքելու փող չունի) վաճառում է, գնորդն էլ, ենթադրելով, որ մի տասը տարի հետո 10-20 անգամ ավելի կվաճառի այսօրվա իր տված գումարից, գնում է։ Այսինքն, այսօր հողի առքուվաճառքը մեծ մասամբ կախված է ժողովրդի սոցիալական վիճակից։ Եվ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գյուղացին ի վիճակի չէ իր հողի իրական արժեքն իմանալ։

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031