Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ 2.

Նոյեմբեր 27,1998 00:00
Alvard Barxudaryan

Խաղաղություն պատերազմի եզրին

Կովկասում ապրող տասնյակ ժողովուրդներից ոչ մեկը պատերազմ չի ուզում, սակայն երերուն խաղաղությունը պահպանելու համար բոլորն էլ պատրաստվում են (պատրաստ են) պատերազմի: Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում, Ինգուշեթիայում եւ Չեչնիայում 1992 թվից սկիզբ առած խռովություններն ու հակամարտությունները հենց այդպես էլ կոչվում են՝ չեչենական պատերազմ, օսեթ-ինգուշական: Արդյունքը՝ Վլադիկավկազից մինչեւ Նազրան (Ինգուշեթիայի մայրաքաղաք-Ա.Բ.) փաստականների տասնյակ ճամբարներ, զոհվածների հարյուրավոր շիրիմներ: Արդյունքը՝ Չեչնիայի՝ հողին հավասարեցրած, հանրապետություն: Բայց այն, որ Կովկասի լեռնցիները խաղաղասեր ժողովուրդ են, վկայում է թեկուզեւ Նազրանի կենտրոնում հաստատված հսկայական պաստառը՝ ” թպվպՐՈս խպոպՊՖ-չպվպՐՈս ՎՌՐՈ” խոստովանությամբ: Երբեմնի մի միասնություն՝ Չեչենա-Ինգուշական ինքնավար հանրապետությունը, 1991-ից անաղմուկ տրոհվեց: Այժմ նրանք երկու առանձին սուբյեկտներ են՝ մեկը, իբրեւ անկախ, մյուսը՝ Ռուսաստանի մեջ: Բայց երկուսն էլ պատերազմ տեսած:

Պատերազմի պատանդները

«Նախ, ոչ մի տեղ չասես, որ լրագրող ես, այն էլ՝ Հայաստանից, երկրորդը՝ Չեչնիա չես գնա»,- գրեթե խնդրելով, զգուշացրեց ինձ Ինգուշեթիայի նախագահի մամուլի քարտուղար Մանոլիս Չախկիեւը: Հետո մի առասպելական պատմություն պատմեց: Ամռանը հայ գրող Յուրի Բախչինյանը, որը Մասխադովի մասին գիրք է գրել, հասնում է Գրոզնի, Չեչնիայի նախագահին այդ գիրքը փոխանցելու համար: Մասխադովի նստավայրում նրան մոտենում են երկու զինյալներ եւ, իմանալով հայ գրողի Իչկերիա հասնելու պատճառը, հանձն են առնում ուղեկցել նրան Մասխադովի մոտ, որը, իբր, ամառանոցում է: Արդյունքը՝ երեք ամիս գերություն… «Չեչենները անկանխատեսելի են, եթե անգամ Մասխադովը քեզ ուղեկցի, ոչ մի երաշխիք չկա, որ չեն առեւանգի»,- շարունակում էր Մանոլիսը:

Ըստ պաշտոնական տվյալների, 1998թ. հուլիսից, Հյուսիսային Օսեթիայում առեւանգվել է 50, Դաղստանում՝ 40, Ինգուշեթիայում՝ 15 մարդ: Չեչնիայում… Թե որքան է առեւանգվածների ճշգրիտ թիվը այս «նորանկախ պետության» մեջ, ոչ ոք ստույգ չգիտի: Հյուսիսային Կովկասում չեչենական պատերազմի մասին միանշանակ պատկերացում չկա: 1991 թ. Իչկերիայի կողմնորոշումը մի մասը համարում է ոճրագործություն սեփական ժողովրդի դեմ: Այն, որ Բերեզովսկին հեշտությամբ «լեզու» է գտնում Բասաեւ-Ռադուեւ «դաշինքի» հետ, որ Մոսկվայում, Ռուսաստանում, ընդհանրապես, «նոր չեչենները» աներեւակայելի հարստության տեր դարձան, խելակորույս, թափառական եւ գազանացած ամբոխի վերածելով ժողովուրդ կոչվածին, վկայում է, որ ազատության, անկախության գաղափարը սեփական ժողովորդին պատերազմի պատանդ դարձնելու հոյակապ մի բանաձեւ է նաեւ այստեղ: Կովկասցիների ավելի փոքրաթիվ մասը չեչեններին հերոսական ժողովուրդ է համարում, միակը ողջ Կովկասում, որ հանդգնեց, ըմբոստացավ Ռուսաստանի դեմ ու հաղթեց նրան պատերազմում:

«Չեչենական ոգին անպարտ է, ռուսները որքան փորձեն նրանց ոչնչացնել, այնքան չեչենները կհզորանան»,- վստահ էին մինչեւ վերջ պայքարելու պատրաստ «ազատամարտիկները»: Թե երբ է Իչկերիայի անկախացած նավթը ոսկի դառնալու նաեւ ժողովրդի համար, դժվար է ասել, բայց որ ահա քանի տարի է այն արյան ու ավերի պատճառ է՝ միանշանակ է: Չեչնիայի հեռուստատեսությամբ ամեն օր տեսաֆիլմեր են ցուցադրում՝ 92-95 թվականներին արեւմտյան լրագրողների պատրաստած: Պատերազմի, ռուսների դաժանությունների, անմահ Ջոհարի, արեւմուտքի բարեսիրության ու Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Նրանցից մեկում, օրինակ, Ջոհար Դուդաեւն ասում է. «Ես չեմ ուզում Ռուսաստանի կազմից դուրս գալ, հակառակը՝ ուզում եմ մտնել նրա մեջ, հասնել մինչեւ Կարմիր հրապարակ»: Մեկ ուրիշում ժպտադեմ Ջոհարը զրուցում է Կրեմլի բարձրաստիճան մեկի հետ. «Ինչ եմ անո՞ւմ: Ջարդում եմ ձեր զինվորների գլուխները. ձերոնք մեր պատերն են փշրում՝ մեր գյուղերը, քաղաքները, ես ձեր զինվորների գլուխները՝ մեր պատերով»:

Ու թեեւ Չեչնիայում պատերազմի տարիներին աշխատող տասնյակ լրագրողներից ոչ ոք այնքան չսիրեց անկախ Իչկերիան, որ տուն-տեղը թողած, բնակություն հաստատեր այս երկրում ու ազգային հեռուստատեսությամբ չեչեններին հայրենասիրության դասեր տար, լրագրողներն իրենց առաքելությունը կատարեցին: Չեչեններից ոչ ոք այդ լրագրողների անունները չգիտի, բայց գրեթե ամենքի տանը նրանց տեսաերիզները կան: Արեւմտյան լրագրողների շնորհիվ, չեչենական պատերազմը համաշխարհային հնչողություն ստացավ ու տարածվեց տիեզերքով մեկ: Մեր պատերազմը այդպես էլ մնաց իմ ընկերների արխիվներում ու կամաց-կամաց խամրում է…

Ինգուշեթիայի «Նոր ուղին»

Ռուսլան Աուշեւի մամուլի քարտուղար Մանոլիս Չախկիեւը ինգուշների ու չեչենների Ռուսաստանի նկատմամբ տարբեր կողմնորոշումները պատմության տեսակետից բացատրեց. «300 տարի առաջ, Շամիլի ժամանակներից ինգուշները պատերազմում են Ռուսաստանի դեմ: Թեեւ ինգուշական որոշ ցեղեր Շամիլի զորքում էին, ինգուշների մեծ մասը ինքնակամ մտավ Ռուսաստանի կազմի մեջ: Բայց մենք չենք կարող երրորդ կողմը լինել այս հարաբերություններում, չեչենները մեր արյունակից եղբայրներն են: Մենք փորձում ենք մեղմել այս հակամարտությունը»: 1991 թվին Չեչնիան անկախացավ եւ իր առաջին նախագահ ընտրեց խորհրդային բանակի գեներալ Ջոհար Դուդաեւին, որը սպանվեց 1996 թվին: Չեչենների մի մասը հավատում է, որ Ջոհարն, իրոք, սպանվել է: Օրերս չեչենական հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ նրա այրին՝ Ալլա Դուդաեւան եւ կրկին ողբաց ամուսնու կորուստը: Սակայն մի զգալի մասն էլ, Ռադուեւի օրինակն ունենալով, հավատում է, որ իրենց առաջին նախագահը ողջ եւ առողջ է, պարզապես դեռ ժամանակը չէ, որ նա վերադառնա հայրենիք: Չեչնիայի անջատումից հետո, Ինգուշեթիային ինքնորոշման հնարավորություն տրվեց: 1992 թվին նրանք հանրաքվե անցկացրին, որի արդյունքների համաձայն մնացին Ռուսաստանի կազմում: Ինգուշեթիայի տարածքը 19 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 350 հազար:

1992 թվին ինգուշներն էլ ունեցան իրենց առաջին նախագահը՝ գեներալ Ռուսլան Աուշեւին /ոչ միայն խորհրդային բանակի գեներալ, այլեւ Աֆղանստանն անցած ու Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած զինվորական/, որը հայրենիք եկավ, ինչպես ասում են՝ արյան ու ժողովրդի կանչով: Օսեթիայի հետ իր երկիրը արդեն դաժան պատերազմի մեջ էր: Պատճառը՝ Վլադիկավկազի Պրիգորոդնի կոչվող ավանն է, որը ինգուշները իրենց բուն հայրենիքն են համարում եւ որը 1944 թվին՝ ինգուշների ու չեչենների բռնի տեղահանությունից հետո, տրվեց Օսեթիային: Ինգուշեթիայի վարչապետի տեղակալ Յակուբ Պաթիեւը փաստեց, որ 1992թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին օսեթները հողին են հավասարեցրել ինգուշաբնակ 15 գյուղեր: Այդ տարիներին Օսեթիայից, Չեչնիայից ու Միջին Ասիայից բռնի արտահանվել ու փախստական են դարձել մոտ 50 հազար մարդ, որոնք եւ առ այսօր ապրում են Ինգուշեթիայում: Քանի որ Ինգուշեթիան մնաց Ռուսաստանի կազմի մեջ, միգրացիոն խնդիրների ֆինանսական մասը կարգավորվում է համադաշնային բյուջեից:

«Տրամադրվող գումարը չափազանց քիչ է այդ խնդիրները կարգավորելու համար: Ինչ վերաբերում է Հյուսիսային Օսեթիայից բռնի տեղահանվածներին, ապա այստեղ խնդիրը շատ ավելի բարդ է, քանի որ որոշակի խոչընդոտներ են ստեղծվում հենց Օսեթիայի ղեկավարության կողմից: Նախագահ Ելցինը 33 կարգադրություն է ստորագրել, Ռուսաստանի կառավարությունը 17 որոշում է ընդունել այս հարցի կապակցությամբ, բայց սայլը տեղից չի շարժվում»,- սեթեւեթեց պարոն Պաթիեւը:

Այդուհանդերձ Օսեթիայի ու Ինգուշեթիայի միջեւ հարաբերությունները կարգավորման միտում ունեն՝ ղեկավարությունը տարբեր մակարդակներով հանդիպումներ է անցկացնում, երկու հանրապետությունների միջեւ վերականգնված են տրանսպորտի եւ հաղորդակցության կապերը, փախստականները քիչ-քիչ դառնում են իրենց տները: Երկու կողմի զինյալներից պահակակետեր ու պարետային խմբեր կան: Երեւի ի ցույց Չեչնիայի Ռուսաստանը աֆշորային գոտի է հայտարարել Ինգուշեթիան: Բազմաթիվ պաստառներ տեսանք՝ “իՏվՈ ֆՍՏվՏՎՌփպրՍՏչՏ ոսՈչՏտՐՌ255ՑրՑՉՌ255 “ԼվչցՔպՑՌ255” վերտառությամբ: Թե իրականում դա ի՞նչ է նշանակում, բացատրեց Ինգուշեթիայի կառավարության նախագահի առաջին տեղակալ Ահմեդ Մալսագովը:

Նախագահ Աուշեւի «ամենամոտ մարդը», 34-ամյա համակրելի այս պաշտոնյան, ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը եւ մի քանի տարի ղեկավարել մոսկովյան բանկերից մեկը: Ահմեդ Մալսագովը նախ բացատրեց, թե ինչպես էր նրանց հաջողվել շրջանցել Մոսկվայի մեթոդոլոգիական ցուցումները եւ սեփականաշնորհել նավթամշակման եւ այլ ձեռնարկություններ՝ իրենց իրական արժեքին մոտ գներով (մի բան, որ մենք՝ հայերս չարեցինք), հետո անցավ մեր բուն հարցադրմանը. «Ռուսաստանի կառավարության եւ անձամբ նախագահ Ելցինի հրամանագրերով Ինգուշեթիան հայտարարվեց աֆշորային գոտի՝ հարկային մեղմ եւ ներդրումային բարենպաստ քաղաքականությամբ. դրա հիմնական էությունը այն է, որ մեզ հնարավորություն տրվեց ինքնուրույն փող վաստակել: Այսօր մենք կառուցում ենք Հյուսիսային Կովկասում ամենամեծ օդանավակայանը իր տերմինալներով, օժանդակ կառույցներով, որը տրանզիտային է լինելու: Այն կառուցում են շվեյցարացիները: Մյուս տարի օդանավակայանը շահագործման կհանձնվի (պարոն Մալսագովը խոստովանեց, որ Երեւան-Նազրան չվերթը առաջիններից կլինի): Կառուցվում է երկաթգիծը, վերանորոգվում եւ կառուցվում են նոր ճանապարհներ, օղակաձեւ ջրատար, որով կլուծվի տարիների օրախնդիր՝ խմելու ջրի պրոբլեմը»:

Այս ամենը անզեն աչքով էլ կարելի էր տեսնել: Ամենացնցողն՝ Ինգուշեթիայի ճանապարհներն էին, դպրոցները, սպորտային կառույցները, հիվանդանոցները, ամենուր ապշեցնող մաքրությունը, հայերը, որ ապրում են այս հողակտորում, եւ նոր մայրաքաղաք Մագասը, որը «արեւի քաղաք» է թարգմանվում, եւ ժողովրդի համակրանքը՝ նախագահ Աուշեւի հանդեպ:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30