Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԴԵԱԼԱԿԱՆԻ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբեր 18,1998 00:00
Andre Busharin

Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը կգումարի հերթական արտահերթ նիստը, ուր, ըստ էության, վերջին անգամ քննության կառնվի ընտրական օրենսգիրքը, ու խորհրդարանում եղած քաղաքական մտայնություններին համապատասխան մի նախագիծ օրենքի տեսք կստանա։ «Առավոտի» թղթակիցն այս առիթով զրույցի հրավիրեց IFES (Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն) հայաստանյան ծրագրի ղեկավար Անդրե Բուշարին։

– Պարոն Բուշար, Ձեր աշխատանքը Հայաստանում սկսել եք այն ժամանակ, երբ արդեն ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակը խորհրդարանում անցել էր առաջին ընթերցումը, ու այս առումով իրադարձությունները մտել էին վերջին փուլ։ Ի՞նչ եք հասցրել անել այս երեք շաբաթվա ընթացքում։

– Նախեւառաջ ասեմ, որ որոշակի ժամանակի կարիք ունեի երկրին ու մարդկանց ծանոթանալու համար։ Բացի այդ, կային հարցեր, որոնք պետք է կարգավորվեին IFES-ի Հայաստանի գրասենյակում։ Տեղեկացնեմ, որ լավ ծանոթ էի Հայաստանի Ազգային ժողովում քննարկվող երկու նախագծին էլ, գիտեի, որ «Երկրապահի» նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Ուստի՝ ակտիվորեն մասնակցեցինք ԿԸՀ-ի նախաձեռնած քննարկումներին։ Մենք սիրով ընդունեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերը՝ մասնակցել արդեն իսկ առաջին ընթերցմամբ հավանության արժանացած նախագծի կատարելագործմանը։ Ներկայացրել ենք համապատասխան խորհրդատվություններ, խորհուրդներ, առաջարկներ, բավականին երկար ժամանակ աշխատելով փաստաթղթի վրա։

Ասեմ, որ այդ քննարկումներն ընթանում էին հոդված առ հոդված ռեժիմով։ «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի համակարգող եւ համահեղինակ Վիկտոր Դալլաքյանն ամենայն ուշադրությամբ ունկնդրում էր մեր բոլոր առաջարկները, արձագանքում դիտարկումներին, մեկնաբանություններին, ամեն ինչ գրի առնում, իսկ օրերս մամուլից մենք իմացանք, որ «Երկրապահը» ընդունել է մեր կատարած առաջարկների շուրջ 90 տոկոսը։ Այդ քննարկումներում մենք միակ միջազգային կազմակերպությունը չէինք։ Լսումներին մասնակցում էր նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչը՝ նույնպես բավականին ակտիվ։ Մի խոսքով, քննարկումներն ընթանում էին բավականին կառուցողական մթնոլորտում։

– Կուզեի իմանալ, թե Դուք կոնկրետ ի՞նչ առաջարկություններ եք ներկայացրել։

– Դեռեւս մինչ այդ քննարկումները մեր գրասենյակն արդեն իսկ պատրաստել էր բավականին լուրջ փաստաթղթեր, որոնցում ներառված էին ընտրական օրենսգրքի ե՛ւ միասնական, ե՛ւ երկրապահական տարբերակների վերաբերյալ IFES-ի առաջարկներն ու մեկնաբանությունները։ Մեր այս նոր խորհրդատվություններն էլ հենց այդ փաստաթղթերի վրա էին հիմնված։ Դիտողությունների առյուծի բաժինը տեխնիկական բնույթի է։ Բացի այդ, կային բազմաթիվ մեկնաբանություններ, թե միջազգային փորձն ընտրական պրակտիկայի այս կամ այն դետալն ինչպես է կարգավորել։ Մենք նկատի ենք առել հիմնականում Արեւելյան Եվրոպայի, եւ ընդհանրապես եվրոպական երկրների փորձը։ Բայց այս մեր վերջին առաջարկները զուտ տեխնիկական բնույթի էին։ Մենք խոսել ենք, ասենք, դիտորդների մասին։ Եկանք ընդհանուր տեսակետի, որ դիտորդները՝ անկախ նրանից, միջազգային կազմակերպություն են ներկայացնում, թե տեղական, պետք է օժտված լինեն համանման իրավունքներով ու պարտականություններով։ Բոլոր դիտորդները պետք է իրավունք ունենան վերահսկել ընտրությունների ողջ գործընթացը, եւ ոչ միայն քվեարկության պրոցեսը։ Կարծես, մեր այս առաջարկն ընդունվեց։ Բազմաթիվ նմանատիպ հարցեր են եղել՝ հիմնականում տեխնիկական բնույթի, որոնց շուրջ երկարատեւ ու հանգամանալից քննարկումներ են ծավալվել։

Իհարկե, ներկայացվել է միջազգային փորձը, բայց եւ հաշվի են առնվել երկրի առանձնահատկությունն ու իրողությունները։ Կոնկրետ՝ ընտրացուցակների մասին։ Այդ հարցի վերաբերյալ շատ ենք խոսել. կա մի քանի իդեալական տարբերակ, որոնք ընտրացուցակները կդարձնեին հստակ ու խեղաթյուրումները 100 տոկոսով բացառող։ Բայց այս պարագայում պետք է հաշվի առնվի տվյալ երկրի վիճակը եւ դրան համապատասխան գործող համակարգ ստեղծել։ Լավ կլիներ, որ Հայաստանում մարդահամար անցկացվեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ-շատերը հեռացել են երկրից։ Բայց հետո պարզեցինք, որ մարդահամար չի անցկացվում ֆինանսական պատճառներով (պարոն Բուշարին խաբել են, որովհետեւ այդ նպատակով արդեն ծախսվել է շուրջ 500 հազար դոլար- Ա. Զ.)։ Քննարկումների ժամանակ մենք միշտ փորձել ենք համադրել իդեալականը եւ իրականության մեջ հնարավորը ու դրանց սինթեզի հիման վրա եզրակացություններ ներկայացրել։

– Իսկ ի՞նչ առաջարկներ եք ներկայացրել այն չորս հիմնական խնդիրների վերաբերյալ, որոնք անհնարին դարձրին կողմերի համերաշխությունը խորհրդարանում։

– Հանձնաժողովների ձեւավորման կարգը, համամասնական-մեծամասնական մանդատների հարաբերակցությունը, բանակի մասնակցության մեխանիզմը եւ ցուցակների կազմավորումն այն վիճահարույց հարցերն էին, որոնց վերաբերյալ մենք ավելի վաղ էինք դիտարկումներ ներկայացրել՝ հիմնվելով միջազգային փորձի վրա։ Խույս ենք տվել միջազգային ստանդարտներին համապատասխանող տարբերակներ ներկայացնելու վարվելաձեւից. նախագծերի հեղինակներին մատուցել ենք միջազգային փորձի դրսեւորումները։ Բայց յուրաքանչյուր երկրի ու նրա օրենսդիր իշխանության իրավունքն է այդ փորձը յուրացնել այս կամ այն չափով։

– Պարոն Բուշար, Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ 90 տոկոսով ընդունվել են Ձեր առաջարկները։ Այդպիսի հայտարարություններն, ըստ էության, ազդում են հասարակական կարծիքի վրա, թե պաշտպանվել է այս կամ այն տարբերակը։

– Մեր առաջարկություններն այն բանի համար չենք արել, որ աջակցենք այս կամ այն խմբին։ Մենք պարզապես ներկայացրել ենք միջազգային փորձը։ Մենք ելնում էինք այն իրողությունից, որ Հայաստանի օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ արդեն իսկ հավանություն է տվել որոշակի նախագծի, որը կատարելագործելու կարիք կա։ Ասեմ նաեւ, որ թեպետ քննարկումները կառուցողական մթնոլորտում ընթացան, սակայն դեռեւս չգիտենք, թե ինչպիսի ընտրական օրենսգիրք կընդունվի։ Ես այնպիսի կազմակերպություն եմ ներկայացնում, որ անաչառ է, չեզոք եւ որեւէ առնչություն չի ունենում քաղաքական գործընթացներին։ Ես ունեմ որոշակի փորձ, որպեսզի կարողանամ խուսափել քաղաքական հարցադրումների շրջանակ մտնելուց։

– Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ Ձեր առաջարկները 90 տոկոսով ընդունվել են։ Իսկ եթե պարզվի, որ 10 տոկոսն էլ չի ընդունվել, Դուք պարզաբանումներով հանդես կգա՞ք։

– Կամուրջը կանցնենք, երբ որ հասնենք գետին։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031