Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնության պարաններ՝ կախաղանի համար

Հունվար 26,1999 00:00
mard

Ժողովուրդն իր ունեցածն է վաճառում, որ ապրի, իշխանավորները՝ երկրի, որ հարստանան։ Տասը տարի է՝ նպատակասլաց եւ հետեւողականորեն ծախում են ոչ թե երկիրը կամ հանրապետությունը, այլ՝ Հայաստանը։ Հանրապետություն էլ, պետություն էլ, կարելի է ստեղծել, բայց Հայաստան՝ ոչ։ Նախկին նախագահը խորհրդային ծաղկուն Հայաստանի իշխանության գլուխ անցնելուց մեկ տարի հետո հայտարարեց. «Մեզ ավերակներ բաժին ընկան»։ Այսպես ասելով՝ նա գուցե իրեն հայոց արքայազն Արտավա՞զդն էր կարծում, բայց մի որոշակի տարբերությամբ։ Որոշակի տարբերությունն այն է, որ մեր երկիրն ավերեցին ոչ թե նախագահի եւ իշխանավորների մահից հետո (նրանք չմահացան), այլ նրանց տքնաջան գործունեության «շնորհիվ» կազմալուծվեց, իրար մեջ բաժան-բաժան արվեց, մնացածն էլ օտարներին վաճառվեց։ Եվ քանի որ որոշ ղեկավարներ լավ գիտեին մեր պատմությունը եւ, «բնականաբար, շատ հայրենասեր էին», հիշեցին արքայազն Արտավազդի տառապանքները եւ իրենք էլ տրտնջացին…

Մի հայտնի անեկդոտ կա այն մասին, թե ինչպես օտար երկրում մեր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը վարելուց հետո այնտեղի քաղաքացիները՝ պատրաստ կախվելու, հարցնում են. «Պարանը մե՞նք ճարենք, թե՞ կուղարկեն»։ Մեզ՝ հայաստանցիներիս համար վաղուց են այդ պարանները օգնություն ուղարկել (պարզապես հրամանն են ուշացնում)։ Մեր կառավարությունը բյուջեն լցնելու մտահոգությամբ եւ տեղափոխման ծախսերը հանելու նպատակով մեզ բավական զեղչ գներով վաճառել է դրանք։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար այսօրվա ղեկավարները՝ նոր նախագահն իր աշխատակազմով եւ վարչապետն իր արհեստավարժ նախարարներով կարճ ժամանակամիջոցում մեր կենցաղը հասցրին միջազգային չափանիշների մակարդակին։ Բա ո՞նց, համաշխարհային ազգ ենք, մենք ո՞ւմից ենք պակաս, որ աշխարհի հետ ոտ չմեկնենք։ Համ էլ, խոսքը մեր մեջ, էլեկտրաէներգիայի սակագների այդ «խուճուճ» սանդղակը՝ 15-ից մինչեւ 25 դրամի հաշվարկում մեր էլեկտրիկներն անընդհատ սխալվում էին, դե, ինժեներ տղերք են՝ թվաբանությունից թույլ, դրա համար էլ տղերքի գործը հեշտացվեց։ Հիմա դառնանք պատմության դասերի օգտակարությանը։

Մեր ղեկավարների մի մասն էլ, ընդհանրապես, ոչ մի պատմություն չգիտի։ Բայց արժեր, որ գոնե Հոկտեմբերյան հեղափոխության պատմությունն իմանային։ Պրոլետարիատի առաջնորդ Լենինը հեղափոխության նախորդ գիշերը հրամայում է գրավել բանկը, փոստ-հեռախոսը, երկաթուղին։ Իսկ մեր ղեկավարները երկրի ունեցվածքի ցուցակում առաջինների թվում հեռախոսային ցանցը վաճառեցին օտարներին։ Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, եթե Իրաքի հեռախոսային ցանցը լիներ օտարերկրյա ընկերության ձեռքին։ Սա մի կողմ, բայց ճիշտ է ասում նախարար Արտակ Վարդանյանը. «Հայե՛ր, մանավանդ, հայուհինե՛ր, ի՞նչ ունեք էսքանից հետո էդքան խոսելու, ոնց էլ բերաններդ բացվում է… Վերջապես, խնայեք ձեր նախարար-գործարար-բիզնեսմեն ամուսինների՝ իրենց աշխատասենյակներում եւ գրասենյակ-օֆիսներում անխափան ու բարձրորակ հեռախոսային կապի օգնությամբ եւ արդար քրտինքով վաստակած փողը»։

ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Գ. Պարոնայք ղեկավարներ, մեզ մեր հեռախոսային այսօրվա կապը լիովին բավարարում է, ո՛չ որակը բարձրացրեք, ո՛չ էլ վարձը, թե չէ մի օրում մեկ միլիոն բաժանորդ դիմում կգրի եւ կհրաժարվի ձեր ծառայությունից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031