Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականներ, նամակը ստորագրելուց առաջ, կարդացե՛ք այն

Հունվար 27,1999 00:00
namak

Մեր թերթի հունվարի 20-ի համարում տպագրված «Օրենքը ոտնահարող քաղաքապետի դեմքը» հոդվածը խիստ զայրացրել էր քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին եւ Աբովյան քաղաքի ավագանու անդամներին։ Նրանց խնդրանքով էլ եղանք քաղաքում՝ ուսումնասիրելու հոդված-նամակում բերված փաստերի իրավացիությունը։

Հենց սկզբից պրն Ոսկերչյանը չժխտեց նամակում նշված մի քանի փաստերի իսկությունը։ Այո, պրն Ոսկերչյանը եւ նրա կինը՝ Մարիամ Ոսկերչյանն Արզնի ավանում ունեն 4500 քմ հողամաս այգի։ Պրն Ոսկերչյանն այդ այգին գնել է սեփական միջոցներով։ Քաղաքապետը չժխտեց, որ այգին իր երկու հարեւանների հետ միասին պարսպապատել է։ Մեր թերթում տպագրված լուսանկարը, իրոք, պրն Ոսկերչյանի «ամառանոցն» է։ Չակերտների մեջ, քանի որ ամառանոց կոչվածը ընդամենը մեկ նեղլիկ սենյակ է եւ փոքրիկ խոհանոց։

Թերթում տպագրված հաջորդ լուսանկարը պրն Ոսկերչյանի եղբոր՝ Նորայր Ոսկերչյանի սեփականությունն է, որը վերջինս կառուցել է որպես դեղատուն։ «Իմ երկու եղբայրներն էլ դեղագործներ են եղել դեռեւս Խորհրդային Միության ժամանակ։ Եվ միայն այն փաստը, որ ես դարձել եմ քաղաքապետ, չի նշանակում, որ նրանք ստիպված պետք է հեռանային այս քաղաքից»։ Նորայր Ոսկերչյանը արդեն մեկ ամիս է ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում։ Մինչեւ ԱՄՆ մեկնելը փորձել է վաճառել կիսակառույցը, սակայն չի կարողացել։ Քաղաքապետն ընդունեց նաեւ, որ 1997 թվականին գնել է «ԳԱԶ 31-10» ծառայողական ավտոմեքենա։ Մեքենան գնվել է ֆինանսների նախարարության թույլտվությունից հետո, եւ կան համապատասխան փաստաթղթեր, որոնք պրն Ոսկերչյանը տրամադրեց մեր թերթին։ Իսկ ներկա եւ նախկին գների միջեւ տարբերությունը բացատրվում է ռուսական ճգնաժամով, որի արդյունքում մեքենաների գները 50%-ով էժանացել են։

Սոցիալական ծառայության ղեկավար Սոնա Հարությունյանը մեր հարցմանը ի պատասխան, թե արդյո՞ք պրն Ոսկերչյանի ծնողներն ու եղբայրը օգտվել են «Փարոս» ծրագրով նախատեսվող օգնություններից, պատասխանեց, որ Հարություն եւ Մանուշակ Ոսկերչյանները նավթ են ստացել 1994-ին, իսկ Վազգեն Ոսկերչյանը զրկված է եղել օգնություն ստանալու հնարավորությունից՝ կրպակ ունենալու պատճառով։

Մենք հանդիպեցինք նաեւ հոդված-նամակի համահեղինակների մի մասին։ Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանաստեղծ Հրազդան Հայկենցն ասաց, որ ինքը եւ նամակը ստորագրող իր աշխատակիցներ Վարազդատ Պողոսյանը եւ Եսայի Եսայանը տեղյակ չեն եղել նամակի բովանդակությանը եւ որեւէ կապ չունեն այդ նամակի հետ։ «Այդ նամակի հեղինակը «Կոտայք» մարզային թերթի խմբագիր հայտնի մտավորական Խիկար Գեղամյանն է։ Նա մեզ ասել է, որ քաղաքի ճարտարապետական վիճակը բարելավվելու մասին նամակ է գրում եւ խնդրել է, որ մենք այն ստորագրենք։ Մենք էլ ընդառաջել ենք։ Մենք նույնիսկ չենք էլ իմացել, որ այդ նամակն ուղղված է եղել որեւէ խմբագրության»։

Մեր խոսակցության ընթացքում պարզվեց, որ պրն Հայկենցը նամակի բովանդակությանը ծանոթ չէ անգամ տպագրվելուց հետո։ Վերջում նա մեզ սովորեցրեց, որ անկախ այն բանից, թե ինքը ստորագրել է, թե ոչ, մենք պարտավոր էինք այն ներկայացնել իրեն՝ երկրորդ անգամ ստորագրելու համար։ «Ես մտավորական եմ եւ կարգը գիտեմ»,- հայտարարեց ռեկտորը։

Իսկապես շնորհակալ եմ նրա պարզաբանումից. առ այսօր ես կարծում էի, որ հատկապես մտավորականը որեւէ տեքստ ստորագրելուց առաջ, այն սովորաբար կարդում է։ Խիկար Գեղամյանը, ընդհակառակը, շեշտեց, որ նամակի բոլոր համահեղինակները կարդացել են այն, կատարել իրենց լրացումները։ Պրն Գեղամյանն ավելացրեց, որ եկել է ժամանակը, երբ ՀՀՇ-ականները պետք է պատասխան տան։ Որպես հավելում ներկայացնենք «Կոտայք» թերթի 1999 թ. հունվարի 1-ի համարում տպագրված Խիկար Գեղամյանի հոդվածից մի հատված. «Այո, ՀՀՇ-ի քանդիչ ու ավերիչ ծրագրերը չընդունողները համարվում էին այլախոհ եւ հալածվում ու հետապնդվում էին։ Մինչեւ 1998 թ. փետրվարը ՀՀ-ում իշխում էր բռնապետական-ոստիկանական ռեժիմ։ Ասես, մենք ապրում էինք 1937 թ. ժամանակներում։ … Դաշնակների հետ հալածվեցին նաեւ նրանց հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ։ Հալածվեց նաեւ տողերիս հեղինակը… Կարեւորը, որ փլուզվեց ՀՀՇ-ն, խուզարկություններ այլեւս չեն լինի»։

Երեկոյան պրն Ոսկերչյանը թերթում տպագրված նամակը քննարկելու համար հրավիրեց ավագանու արտահերթ նիստ, որին հրավիրվեցին նաեւ նամակի հեղինակները։ Նիստը կայացավ, սակայն առանց հեղինակների։ Խիկար Գեղամյանը պարզաբանել էր. «Ես կգամ միայն այն ժամանակ, երբ քննարկումը կլինի կառավարության մակարդակով»։ Ավագանու անդամները պահանջում էին դատական պատասխանատվության ենթարկել Խիկար Գեղամյանին, որը «ցանկացած իշխանության քամակը բռնած ման է գալիս»։ Ավագանու անդամներին հատկապես վրդովեցրել էր իրենց ուղղված «մանկլավիկ» բնորոշումը։

Ըստ ավագանու քաջատեղյակ անդամների, պրն Գեղամյանի անշարժ գույքի հավաքածուն շատ ավելի բազմազան է, սակայն իրենք մարդկային նկատառումներից ելնելով երբեւէ ուշադրություն չեն դարձրել։ Վերլուծության արդյունքում ավագանու անդամները եկան այն եզրակացության, որ հոդվածն ունի զուտ նախընտրական, ներկա քաղաքապետին վարկաբեկելու նպատակ եւ Խիկար Գեղամյանը կատարել է Գրիգոր Ոսկերչյանի քաղաքական հակառակորդների պատվերը։ Արտահերթ նիստը որոշում ընդունեց՝ դիմել Կոտայքի մարզպետին՝ ավագանու հաջորդ նիստին մասնակցելու եւ հոդվածի հեղինակների հետ համատեղ քննարկում կազմակերպելու խնդրանքով։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Փոխքաղաքապետ պրն Սիմոնյանի սենյակում սպասում էինք ավագանու անդամներին, երբ նրան ներկայացրին մի նամակ-դիմում, որով քաղաքի հիվանդանոցի բժշկական անձնակազմը խնդրում էր քաղաքապետարանի միջոցներով կազմակերպել հերթական «անտեր դիակի» հուղարկավորությունը։ Ըստ պրն Սիմոնյանի, յուրաքանչյուր ամիս քաղաքապետարանը կազմակերպում է նման՝ 2-3 հուղարկավորություն։ «Անտեր դիակները» հիմնականում փախստականներ են կամ բանտերից Աբովյանի թոքախտային կենտրոն տեղափոխված բանտարկյալներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031