Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՆԹՈ»

Փետրվար 02,1999 00:00
vano Siradexyan

Այսպես բնութագրեց Վանո Սիրադեղյանի քայլից հետո խմբակցության վիճակը «Հանրապետության» անդամներից մեկը։

Հայացք ներսից

Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է եղել, որ Վանո Սիրադեղյանն անակնկալ մեկնել է Հայաստանից։ Նրանց էլ էր թյուրիմացության մեջ գցել այն հանգամանքը, որ պրն Սիրադեղյանի «Grand Cherokee»-ն ուրբաթ օրն իր տեղում՝ ՀՀՇ-ի մուտքի մոտ էր եղել։ Անգամ ՀՀՇ-ի գործիչներից շատերին էին ՀՀՇ վարչության փոխնախագահներ Արարատ Զուրաբյանն ու Անդրանիկ Հովակիմյանը փաստորեն թյուրիմացության մեջ գցել, երբ նշել էին, որ Վանո Սիրադեղյանը տանն է եւ առողջական խնդիրներ ունի միայն։ Վերջին պնդումը սակայն, իրականությանը լիովին համապատասխանում է։ Ականատեսներ կային, որոնք վկայում էին, որ Վանո Սիրադեղյանը նախորդ օրը մի քանի սրվակ «վալերիանկա» էր խմել։

Պատմում են, որ Վանո Սիրադեղյանը մի գրություն է փոխանցել ՀՀՇ վարչության անդամներին, որտեղ նշել է, թե տիրող մթնոլորտն ուղղակի ֆիզիկապես կսպանի իրեն եւ, որ կազդուրվելու կարիք ունի։ Այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանի այս քայլը ստիպեց (գուցե առժամանակ) լռել այն մարդկանց, ովքեր անգամ հակասությունները մի կողմ թողնելով էին պաշտպանել նրան։ «Հանրապետության» անդամները (սրան իր համաձայնությունը հայտնեց դարձյալ ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը) տրամադիր են առժամանակ սպասելուց հետո պահանջել ՀՀՇ վարչության նախագահի եւ փոխնախագահների հրաժարականները։ Այս ամենը ճշտելու համար դիմեցինք «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բաբկեն Արարքցյանին։ Նա հրաժարվեց մեկնաբանություններից, բայց հաստատեց, որ ուժի մեջ են մնում դատախազի միջնորդության առնչությամբ իր ելույթում պարունակվող պնդումները։ Մեկնաբանություններից հրաժարվեց նաեւ Արա Սահակյանը, իսկ Կարապետ Ռուբինյանն ասաց. «Քանի որ ճշմարտությունը չեմ կարող ասել՝ չեմ մեկնաբանի»։

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ չի կարող ճշմարտությունն ասել, պատասխանեց. «Բարոյահոգեբանական ինչ-որ արգելքներ կան»։ «Առայժմ պատրաստ չեմ մեկնաբանել, մի քիչ պիտի մտածեմ՝ նոր,- սա արդեն Տեր-Հուսիկ Լազարյանի պատճառաբանությունն էր։- Մեր մամուլը լցված է հապշտապ մեկնաբանություններով։ Հետո հաջորդ օրը պարզվում է, որ իրենց ասածը ճիշտ չէր։ Ես այս կազմակերպությանը շատ կապված եմ եւ չեմ կարող այսպես օդի մեջ մեկնաբանություններ անել»։

Հանգամանալից պարզաբանումներ ներկայացրեց միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սեդրակ Հովհաննիսյանը։ Արդյոք այս իրավիճակում Հայաստանից հեռանալը ճի՞շտ էր, մի՞թե այս քայլով Վանո Սիրադեղյանը հիմնավոր չդարձրեց իր մեղավորության վերաբերյալ կասկածները՝ մեր այս հարցերին ի պատասխան նա ասաց. «Չէի ցանկանա, որ քաղաքական գնահատական տրվեր, քանի որ նա Հայաստանից զուտ առողջական պատճառներով է հեռացել։ Համենայնդեպս, վարչությանը ներկայացված նամակի մեջ նա այդ խնդիրն էր մատնանշել։ Ուրբաթ՝ իր մեկնելու օրը նա վարչությունում էր եւ ներկա գտնվողների համար իրոք տեսանելի էր, որ անընդհատ բարձր ճնշման դեմ եւ սրտի աշխատանքի կարգավորման դեղեր էր օգտագործում։ Ստեղծված մթնոլորտն էլ շատ վատ անդրադարձավ նրա առողջության վրա, բայց հետազոտվելուց, բուժվելուց հետո նա կվերադառնա, չի խուսափի պատասխանատվությունից»։

Այնուամենայնիվ, հարցական է մնում, թե ՀՀՇ ներկայացուցիչներն ինչու էին (իրերն իրենց անուններով կոչենք) ուղղակի հրապարակավ ստում՝ հավաստիացնելով, որ Վանո Սիրադեղյանը տանն է։ «Ուրբաթ օրը բավական մարդաշատ էր ՀՀՇ վարչության շենքը՝ մտավորականների հավաք էր, բազմաթիվ լրագրողներ կային, ՀՀՇ տարածքային կազմակերպությունների անդամներ։ Եվ բազմաթիվ էին նրան խորհուրդ տվողները, նաեւ պնդողները, թե պիտի իր առողջությանը հետեւի։ Երեկոյան ներկա գտնվողներին ասել էր, թե տուն է գնում՝ հանգստանալու եւ հետագա անելիքների մասին մտածելու»։ Եվ պարզվեց, որ նրա տունը Դուբայո՞ւմ է. «Չէ, իրոք, տեղյակ չեն եղել, որ նա տուն չի գնացել։ Միտումնավոր ոչինչ չի արվել։ Անձամբ ես շաբաթ օրը, կեսօրից հետո եմ ստույգ իմացել, որ նա տանը չէ։ Նրա ընտանիքի անդամներից մեկը վարչությանը փոխանցեց Սիրադեղյանի նամակը, որն ընթերցելուց հետո անմիջապես վարչության նիստ հրավիրեցինք եւ հետո մամուլի համար հայտարարություն արեցինք,- ասաց Սեդրակ Հովհաննիսյանը։- Նա ազատ տեղաշարժվելու իրավունք ուներ եւ նրա բացակայությունը թաքցնելն անիմաստ էր»։

ՀՀՇ վարչության փոխնախագահը նաեւ ասաց, թե իրենցից ոչ մեկը չի կարող հաստատել կամ հերքել, որ Վանո Սիրադեղյանն այժմ Փարիզում է. «Դեռ հեռախոսազանգ չի եղել, եւ չենք կարող այդ տեղեկությունը ստույգ համարել»։

Հայացք դրսից

Կոմկուսի, ԱԺՄ-ի եւ «Հայրենիքի» ներկայացուցիչները պնդեցին, թե Վանո Սիրադեղյանն իշխանավորների թողտվությամբ է հեռացել։ Ի դեպ, նման պնդումների հիմք է դարձել նաեւ ասեկոսեն, որ օդանավակայանում պրն Սիրադեղյանին ուղեկցել է Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մովսեսը։

«Հնարավոր չէր, որ նման լուրջ հանցագործությունների մեջ կասկածվող մարդուն հանգիստ թույլ տային, որ սահմանն անցնի՝ թեկուզ հազար դիվանագիտական անձնագիր ունենար,- խորհրդային փորձը վկայակոչելով պնդեց ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը։- Այնուամենայնիվ, իրավական տեսանկյունից չի կարելի սա փախուստ որակել, քանի որ նա անձեռնմխելի անձ է։ Կարող էր Երեւանի որեւէ հիվանդանոցում բուժվել, կարող է եւ Փարիզի կամ Դուբայի կլինիկաները նախընտրել՝ իր ֆինանսական հնարավորությունների խնդիրն է։ Մյուս կողմից, դա իրոք կարող է փախուստ դիտվել։ Ինքն իրեն հարգող քաղաքական գործիչը, եթե հանրապետությունում իր վերաբերյալ այդպիսի կասկածներ կան՝ պիտի տղամարդու պես այստեղ լիներ, դատարանի առջեւ կանգներ ու պատասխան տար»։

«Եթե հիշենք, որ ինքը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, թե նրանք պատերազմի հանցագործներ են՝ ակնհայտ կդառնա՝ նա իր համար քաղաքական ապաստան պահանջելու հիմք էր ապահովում։ Հիմա արդեն պարզ է, որ պատահական չէր այդ մեղադրանքը, որն անտրամաբանական էր թվում մինչեւ իր փախուստը։- Իր վերլուծությունը ներկայացրեց ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը։ Սակայն տրամաբանությունը փոքր-ինչ խախտվեց, երբ նա բնական համարեց, «որ այս իշխանությունները տեղյակ են եղել։ Իմ նախորդ պնդմանը սա չի հակասում, քանի որ ցանկացած գործ, եթե սկսվի խորությամբ քննվել, ապա թելերն անպայման տանելու են դեպի ներկա իշխանավորները»։

«Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանի մեկնաբանությունն էր. «Հնարավոր չէր, որ նա մեկներ առանց իշխանությունների համաձայնության։ Ես սխալ եմ համարում դա, լավ բան չի արել Վանո Սիրադեղյանը, անկախ նրանից, թե 1-2 օրից կգա կամ ոչ։ Եթե նույնիսկ գալու է՝ չէր կարելի այսպիսի տարբեր մեկնաբանությունների առիթ տալ»։ «Երկրապահ» խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը չցանկացավ անդրադառնալ այն մեկնաբանություններին, թե այս ամենն իշխանությունների իմացությամբ է արվել։ Եվ ընդհանրապես, պրն Բազեյանը բավական զգույշ էր արտահայտվում այս փաստի առնչությամբ։ Այսպես, մեր այն հարցին ի պատասխան՝ հեռանալո՞վ իրեն ավելի շատ վնասեց Վանո Սիրադեղյանը, թե՞ եթե մնար, պրն Բազեյանն ասաց. «Ես չգիտեմ նրա հեռանալու դրդապատճառները։ Եթե գնացել է վերադառնալու նպատակով, ապա դժվար է ենթադրություն անել, իսկ եթե չի վերադառնալու՝ ապա, բնականաբար, վնասեց իրեն»։ Քիչ հետո սակայն շեշտադրումները փոխվեցին. «Եթե հեռացել է ընդմիշտ, ապա նա Հայրենիք կորցրեց, իսկ անհայրենիք մարդու ապրելը մի տեսակ անիմաստ է դառնում»։ Պրն Բազեյանը պատրաստ չէր պատասխանել այն հարցին, թե արդյոք Վանո Սիրադեղյանի բացակայությամբ կարող է ԱԺ-ն քննարկել դատախազի երկրորդ միջնորդությունը։

Զուսպ էր նաեւ Ինքնորոշում միավորման փոխնախագահի՝ Ներսես Զեյնալվանդյանի մեկնաբանությունը. «Վանո Սիրադեղյանի մեկնելուն ես միայն այն ժամանակ կարող եմ անդրադառնալ, երբ որպես պատգամավոր անհրաժեշտ լինի, որ նա այստեղ լինի եւ չներկայանա։ Այդ ժամանակ կարելի է նաեւ խիստ գնահատական տալ։ Բայց չի կարելի լուրն իմանալուն պես դրան փախուստի որակում տալ»։

Փոխարենը խիստ զգացմունքային էր «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանի տեսակետը. «Շարիկովների հասարակություն է, որ նաեւ իրենց ձեռքի գործն է՝ չեն պայքարել նորմալ հասարակարգ ստեղծելու համար։ Եվ երեւի Վանոն իր ընկերներին շատ լավ է ճանաչում, նրանց գործունեության ոճն ու մեթոդները՝ դրա համար էլ այսպես վարվեց։ Բայց ես, իմիջիայլոց, միանշանակ դա փախուստ չէի որակի։ Նա տիրոջ շատ ուժեղ զգացում ունի եւ չի կարող այդպես հանգիստ հեռանալ։ Ըստ երեւույթին, ուղղակի ժամանակ շահելու խնդիր կար»։

«Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի տեսակետն էր. «Չեմ կարծում, որ ինչպես փորձում են ներկայացնել՝ Վանո Սիրադեղյանը փախուստի է դիմել։ Կարծում եմ նա, որպես քաղաքական գործիչ (այլ հարց է, թե ինչպես ենք գնահատում նրա գործունեության արդյունքները) ամենաշահագրգիռը պիտի լինի այս պատմության մեջ պարզություն մտցնելու։ Կարելի է ենթադրել, որ մարդն, իրոք, երեւի թե առողջական խնդիրներ ունի եւ, ինչպես Անդրանիկ Հովակիմյանը հայտնեց՝ մոտ ժամանակներս կվերադառնա։ Չեմ կարծում, որ գոնե իր համար ձեռնտու է այս հարցն այսպես թողնելը»։

Ակնարկ

ԱԺ պատգամավորների մի մասն այժմ վստահ է, որ Վանո Սիրադեղյանն այլեւս չի վերադառնա Հայաստան։ Կամ, ինչպես ԱԺՄ-ի եւ ՀՅԴ-ի գործիչներն արեցին՝ կվերադառնա իրադրության փոփոխությունից հետո միայն։ Մյուս մասը հուսով է, որ Վանո Սիրադեղյանը մեկ ամսվա ընթացքում կվերադառնա, չի խուսափի դատաքննությունից եւ վերջնականապես չի հեղինակազրկի իրեն, ՀՀՇ-ին եւ իրեն time-out տված խորհրդարանին։

… Դաշնակցականների դեմ դատավարությունների փորձն ապացույց է, որ չարժե որեւէ մեկին վաղօրոք դատապարտել կամ արդարացնել։ Այս պարագայում առայժմ միայն մի բան է մնում ցանկանալ, որ հեռուստատեսությամբ գնդակահարելու կամ կախելու կոչեր չհնչեն, որ մինչեւ մարդու մեղավորությունը դատարանով հաստատելը՝ նրա հանցագործ լինելը չազդարարվի։ Արդարադատության հույսը միամիտ դարձնող ոհմակային հալածանքի մթնոլորտ, որն իրոք որոշակիորեն արդարացնում է Հայաստանից փախչելու ցանկությունը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728