Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ԱՍՖԱԼՏԻՑ

Փետրվար 02,1999 00:00
kangar

Խորհրդային ժամանակներում ավտոկանգառը բավական էժան հաճույք էր, կանգնում էիր ինչ-որ մայթի, եւ, եթե ժամը լրանում էր, մուծում էիր քո 15 կոպեկը ու հեռանում: Լավ ժամանակներ էին:

Մայթային բիզնեսը ընդունված է ամբողջ աշխարհում, եւ Երեւանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չէր կարող բացառություն լինել: Քաղաքի հատկապես կենտրոնական մասում եւ աշխույժ տոնավաճառների մերձակայքում գրեթե ազատ տեղեր չեն մնացել: Մայթեզրին կանգնելը վճարովի է: Եվ ի տարբերություն երանելի ժամանակների՝ ժամավճարի գաղափարը չի գործում: Կանգնիր թեկուզ ամբողջ օրը կամ մի քանի րոպե, միեւնույն է, մուծելու ես քո 100- 200 դրամը: Շատ հետաքրքիր բիզնես է: Մի քանի օր ուշադիր հետեւեցի այդ գործին, ու բավական հետաքրքիր թվեր հաշվարկեցի, որոնք, ճիշտ է, ոչ մի պաշտոնական տվյալի հետ չեմ համեմատել: Ճիշտն ասած, վստահ չեմ, որ այդպիսիք/ նկատի ունեմ իրական թվեր/ գոյություն ունեն:

Առավել թանկարժեք ավտոկանգառը, իհարկե, «Հրազդան» տոնավաճառինն է, մեկ մեքենայի տեղը 200 դրամ: Աշխատակիցները հատուկ արտահագուստ ունեն, ոչ մեկի հետ չես շփոթի: Եկողներին ու գնացողներին ուղղություն են տալիս մեծ վարպետությամբ, համարյա ինչպես ավտոտեսուչ: Կանգնող մեքենայի ապակուն մի թուղթ են փակցնում, այսինքն, չեկ: Դա նրանց օրինական աշխատանքի վկայագիրն է: Վերջում, երբ մեքենան հեռանում է, աշխատողը մեծ զգուշությամբ չեկը ետ է վերցնում ու դնում գրպանը հաջորդ մեքենային փակցնելու համար: Այսինքն, նույն թղթի կտորով նա կարող է սպասարկել անհամար թվով մեքենաներ: Որեւէ հաշվապահություն չկա: Դիտարկումներիս արդյունքում ստացա մեկ մեքենատեղի օգտագործման հաճախությունը մեկ ժամվա ընթացքում: Այդ տոնավաճառում այնքան էլ ճոխ չէր, ժամում հազիվ 2-3 մեքենա էր փոխվում: Բայց միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե տղերքի գործը «չի կպնում»: Լավ էլ «կպնում» է:

Տոնավաճառն աշխատում է օրական մոտ 10 ժամ, իսկ ավտոկանգառը միաժամանակ կարող է տեղավորել մոտ հազար մեքենա: Ուրեմն, եթե հազարը բազմապատկենք երկուսով կստանանք երկու հազար մեքենա մեկ ժամում: 200 դրամով դա կազմում է ժամում 400 հազար դրամ, ողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ 4 միլիոն: Պատկառելի թիվ է: Եվ անվերահսկելի:

Շուկաների մերձակայքում այդքան շատ տեղեր չկան, փոխարենը մեքենաներն են շատ ավելի հաճախ փոխվում: Օրինակ, «Հին ստադիոն» կոչվող խառը շուկայի մոտ մեկ տեղը հաշվարկային ժամի ընթացքում լրացնում էին 5-6, երբեմն ութ մեքենա: Այստեղ էլ շատ պարզ թվաբանական եղանակով հեշտությամբ պարզվում է, որ բավական կլորիկ գումարներ են գոյանում: Ճիշտ է, այստեղի «ուստեքը» նույնքան վարպետ չեն, բայց իրենց գործը լավ գիտեն: Իրենց հարյուրական դրամները հավաքելուն միշտ տեր են: Եվ որեւէ կտրոնի մասին խոսք չկա: Պարզապես կանգնի, առեւտուրդ արա, տուր իմ հարյուր դրամը եւ «անփորձանք»:

Հատկապե եկամտաբերների շարքում կարող եմ նշել այսպես կոչված «Գռզոյանոցի» կանգառը, որի հսկիչները, սակայն, բավական հումանիստ են: 3-5 րոպե կանգնողների «յախեն» չեն բռնում, այլ սիրտները լայն պահելով ու ներողամիտ ժպտալով բարի ճանապարհ են մաղթում:

Չերկարացնեմ, բոլոր տեղերում էլ գործը լավ է, բաց է մնում միայն այն հարցը, թե ինչպե՞ս են այդ գումարները հաշվարկվում եւ ո՞ր գրպաններով են բաշխվում: Ասեմ, իմանաք, օղու կամ ծխախոտի վաճառքից պակաս եկամտաբեր չէ, սակայն ի տարբերություն նրանց ակցիզային ապրանքատեսակ չէ: Որովհետեւ կանգնելը չի կարող ապրանք լինել: Բայց մայթը հո կարող է:

Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728