Լրահոս
Օրվա լրահոսը

Կռիվ ընդդեմ պատերազմի

Փետրվար 02,1999 00:00
azgamijyan

Մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները՝ կապված ԱՄՆ-ի կողմից Իրաքի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ, մեկ անգամ եւս հաստատում է այդ տարածաշրջանի հատուկ դերը թե՛ հնադարյան քաղաքակրթությունների եւ թե՛ ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության կյանքում։

Թեեւ այժմ արդեն անցյալ են հին քաղաքակրթությունները՝ իրենց դաժան, բռնակալ եւ անմարդկային կացութաձեւերով, բայց դեռեւս խոսուն է ու կենսունակ այդ ռեգիոնի հատուկ ռազմական ոգին, որը ասես այդ բազմաչարչար հողին է փոխանցվել եգիպտական փարավոնների, ասորեստանյան տիրակալների, բաբելոնյան թագավորների պատերազմապաշտ էություններից։ Այսօր էլ, մեր ժամանակներում այդ ոգին արտահայտվում է երբեմն կրոնական, երբեմն էլ սուտ ազգափրկչական դրսեւորումներով, որոնք անընդհատ բորբոքում են ռազմական կոնֆլիկտների կրակը այդ ռեգիոնում։ Եվ մի՞թե այդպիսի ռազմամոլ տրամադրությունների արտահայտմանը չպետք է վերագրել Իրաքի գաղտնի ռազմականացումը։ Ըստ երեւույթին, Սադամ Հուսեյնին հանգիստ չի տալիս ազգափրկիչ մարգարեի դափնին, որին նա փորձում է տիրանալ իր արկածախնդրական ձեռնարկումներով։ Սա արդյո՞ք խաղացվող այն մեծ դրամայի նախերգանքը չէ, որը կարող է վերջանալ նաեւ համաշխարհային պատերազմով։ Գերպետությունների ռազմաստրատեգիական եւ տնտեսական շահերի խաչաձեւումն այդ ռեգիոնում ոչ միայն չի թուլանում, այլեւ հետզհետե սրվում է՝ իր ոլորտում ներառելով որոշակի թվով պետությունների։

Ժողովուրդների միջեւ հրահրվող թշնամանքը իրոք որ հետեւանք է ռազմամոլ վարչակարգերի ազգայնամոլական ագրեսիվ նպատակների, որոնք գտնվելով քաղաքական հասունության ցածր աստիճանի վրա, աշխարհի խաղաղասեր եւ առաջադեմ շատ պետությունների անխուսափելիորեն մղում են ռազմական եւ տնտեսական պատժիչ գործողությունների իրականացման։ Եվ այդ առումով լիովին արդարացվում են արեւմտյան քաղաքակրթության զսպիչ եւ պատժիչ գործողությունները մասնավորապես՝ Իրաքի եւ ընդհանրապես՝ տարածաշրջանի պետությունների նկատմամբ։ Այդ կարգի պատժամիջոցների թվին կարելի է դասել Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հարցի ձգձգումները՝ կապված այդ պետություններում ռազմական իրավիճակների, ազգային եւ մարդկային իրավունքի պրոբլեմների գոյության հետ։ Այստեղ է, որ խաչաձեւվում են սնամեջ ազգայնականությունն ու համամարդկային արժեքները, ագրեսիայի եւ խաղաղ գոյակցության հիմնախնդիրները։ Ցանկացած պետության ռազմականացումը կամ պատերազմի սանձազերծման կամ դրան նախապատրաստվելու միջոցառում է։ Եվ այդ առումով լիովին ընդունելի է ԱՄՆ-ի կողմից իրականացվող միաբեւեռ եւ վերահսկվող աշխարհի արարման քաղաքականությունը, որի հաջողության դեպքում խոսք անգամ չի կարող լինել ագրեսիվ ռազմաքաղաքական կոալիցիաների ոչ միայն ծննդի, այլեւ գոյության մասին։

Այստեղ է, որ հիմնական շեշտը դրվելու է մարդկության հետագա առաջընթացի հիմնախնդիրների վրա, որի գործնական իրականացման եւ վերջնական հաղթանակի դեպքում պատմության աղբահոր կնետվեն ռազմամոլ դոկտրինաներ որդեգրած վարչախմբերը՝ իրենց մարդատյաց գաղափարներով հանդերձ։ Ինձ անհանգստացնում է աշխարհի որոշ ժողովուրդների հատուկ հակվածությունը այնպիսի բացասական արժեքների հանդեպ, որոնք համընդհանուր աղետից բացի մարդկությանը այլ բան չեն տալիս։ Ապրելով գիտատեխնիկական քաղաքակրթության դարաշրջանում, որը հիրավի արդյունք է մարդկային գիտակցության անսահմանափակ հնարավորության, այնուհանդերձ աշխարհում դեռեւս անպատասխան են մնում մի շարք այնպիսի կենսական հարցեր, որոնք անխուսափելիորեն վերաբերում են մարդկության միասնական կեցությանը եւ առաջընթացին։ Ինչպե՞ս, ի՞նչ ձեւով հաղթահարել այն կախարդական շրջանը, որն իր ոլորտի մեջ է ներառել ազգային սահմանափակության, ռասիզմի, մեծապետական շովինիզմի, միլիտարիզմի եւ ագրեսիվ նկրտումների դրսեւորումները։

Ազգամիջյան հարաբերությունների սրումը, ժողովուրդների տարանջատումը եւ նրանց միջեւ թշնամանքի հետագա խորացումը հղի է պատմաքաղաքական անդառնալի բացասական հետեւանքներով, մանավանդ մոլորակի ջերմամիջուկային հզոր զինանոցի առկայության պայմաններում։ Այստեղ է, որ անհրաժեշտաբար հանգում ենք բռնապետությունների՝ որպես չարիքի բուն սկզբնապատճառների դեմ հետեւողական պայքարի մտքին։

ՍԱՄՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728