Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԻ՞ՐԹ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԵՐԸ

Հոկտեմբեր 17,2000 00:00
qaxaqakrtutyun

Թերեւս ո՛չ, եթե քաղաքակրթությունը նաեւ լայնախոհություն է ենթադրում

Այս նախադասությունը երբեք հարցական հնչերանգով չի արտաբերվում անգամ, ո՞ւր մնաց, թե գրվեր։ Թվում է, մեր արյան մեջ է ներարկված այն հաստատումը, որ հայերը հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ են։ Եվ ի հակակշիռ մեզ՝ նույնիսկ սովետահայ դասագրքերում միշտ թուրքերի անվան կողքին նշվում էին «քոչվոր, վայրենի» եւ նման որակումներ։

Օրերս հայկական թերթերից մեկը թարգմանաբար արտատպել էր թուրք հայտնի մտավորական, սոցիոլոգ եւ հասարակական գործիչ Թաներ Աքչամի «Ինչի՞ մասին ենք խոսում մենք» հոդվածը, որ հրապարակվել էր «Ենի բինյըլ» («Նոր հազարամյակ») օրաթերթի հոկտեմբերի 1-ի համարում։ Մի քանի հատվածներ մեջբերենք այդ հոդվածից. «Վերջին մի քանի օրերին հետեւելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայկական ցեղասպանության քննարկումների առթիվ թուրքական արձագանքներին, առաջին զգացումը, որ ապրում եմ ես, ամոթն է։ Փորձում եմ հասկանալ հիստերիան, կատաղի հարձակումները, սպառնալիքները, լկտիությունները եւ այլն։ (…) Ես ամաչում եմ։ Որովհետեւ նրանք, ովքեր քննարկում են հարցը, կամ գաղափար չունեն ինչի մասին են խոսում, կամ էլ զուրկ են մարդկային տարրական զգացումներից։ Ուրիշ բացատրություն չեմ գտնում։ (…) Ըստ օսմանյան պաշտոնական վիճակագրության, 800 հազար մարդ է սպանվել։ Այո, պարոնայք, մենք խոսում ենք 800 հազար մարդկանց մասին, որոնք մահացել են, որոնք սպանվել են։ Իսկ եթե չեք ընդունում այդ թիվը, առնվազն եկեք ընդունենք այն թիվը, որը մենք վերջին տարիներին նվազեցնելով հասցրել ենք 300 հազարի։ (…) Վերստին դիտարկենք, թե ինչ եք քննարկում եւ ասում այդ 300 հազար մարդկանց մահվան առնչությամբ։ Մի՞թե այդ բոլորը սրտխառնուք չի առաջացնում։ Մի՞թե չեք ցանկանում սրտներդ թափել։ Մի՞թե չեք ամաչում մարդկային ցեղին ձեր պատկանելությունից։ (…) Նույնիսկ նրանց հաշվարկներով՝ 300 հազար մարդկանց մահը ողբերգություն է, բայց մի տող անգամ չի նշված, որ եղելությունն արժանի է տխուր զգացումների։ (…) Մեր ներկա գործելակերպով պարզապես ցույց ենք տալիս, որ արժանի ենք մեր դեմ եղած քննադատություններին։ (…) Պարոնայք, այն ինչ անում ենք, մի խոսքով, անբարոյական է»։

Հարկ չկա թերեւս մեկնաբանել, որ Թաներ Աքչամի այս տեսակետները տրամագծորեն հակադիր են այն պաշտոնական դիրքորոշմանը, որն ունի Թուրքիան Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Սակայն ի՞նչ հետեւեց այդ հոդվածի հրապարակմանը։ Արդյոք թուրքական ամբողջ մամուլը հարձակվե՞ց Թաներ Աքչամի վրա։ Նրան որակեցի՞ն «դավաճան», կամ «հայերի պնակը լիզող»։ Ըստ ամենայնի՝ ոչ։ Այլապես մեր թուրքագետ մեկնաբանները, որոնք հետեւում են Թուրքիայի թերթերի եւ հեռուստաընկերությունների արձագանքներին՝ անպայման կհաղորդեին այդ մասին։ Նման տեղեկատվության բացակայությունն ապացույց է, որ Թաներ Աքչամի դիրքորոշումն առանց ջղակծկումների է ընկալվել։

Իսկ հիմա համեմատեք, թե մեր կիսապաշտոնական լրատվության միջոցներն ինչպես արձագանքեցին այն 2-3 հրապարակումներին, որտեղ երբեք Ցեղասպանության փաստը չէր վիճարկվում (չի գտնվի նման որեւէ հայ), այլ որոշ վերապահումներ, նկատառումներ էին արտահայտված, թե գուցե այնքան էլ ճիշտ չէ այդ խնդիրը հենց այժմ արծարծել կամ, որ սա վտանգավոր է թուրքահպատակ 60 հազար հայերի ճակատագրի առումով եւ կամ, որ չարժե ԱՄՆ նախընտրական հերթական խաղերը լուրջ ընդունելով՝ ավելացնել լարվածությունը տարածաշրջանում։ Կարելի էր գուցե բանավիճել այս տեսակետն ունեցողների հետ, բայց ազդարարվեց, թե այդ հարցերն ընդհանրապես քննարկման առարկա էլ չպիտի լինեն։ Եվ ի պատասխան հնչեցին միայն վիրավորանքներ՝ «անբարոյականներ», «թուրքամետներ», «պետական եւ ազգային շահերը, նպատակները վարկաբեկողներ, սեւացնողներ», «մեր շարքերում համազգային տենչին հակադրվողներ կան» եւ այլն։ Հասկանո՞ւմ եք, գրողներն (անխտիր բոլորը) հերոսներ են եւ ուղղակի ձեռքները քոր էին գալիս ցանկությունից, որ ինչ-որ մեկի բերանը ծեփելով ապացուցեն դա։

Իհարկե, ոչ միայն այս առիթով հայտնի դարձավ, որ եթե քաղաքակրթվածությունը նաեւ դիմացինիդ՝ քոնից տարբերվող կարծիքը լսել ու հարգել, նեղմտությունից վեր կանգնել է նշանակում՝ ապա մենք բոլորովին էլ չենք փայլում այդ հատկանիշներով։ Եթե Աշոտ Բլեյանի գրգռիչ օրինակը շրջանցենք՝ պիտի հիշենք, թե ինչ վերաբերմունքի արժանացավ լուսահոգի Վարդգես Պետրոսյանն իր «Կրակե շապիկի» համար, որտեղ ընդամենը համարձակվել էր առաջարկել երկխոսություն սկսել մեր հարեւանների՝ թուրքերի հետ։ Տեւական ժամանակ փորձում էին նրան ոչնչացնել ե՛ւ որպես գրող, ե՛ւ որպես մարդ։ Դավաճան էին անվանում, կոչ անում գիրքն այրել…

… Հիմա արդյոք մենք քաղաքակի՞րթ ենք։ Եվ արդյոք այդ հարցում այժմ առավելություն ունե՞նք թուրքերի նկատմամբ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031