Լրահոս
Օրվա լրահոսը

Օղակը սեղմվում է

Փետրվար 02,1999 00:00
zlm

Հոկտեմբերի 16-ը հայ մամուլի օր չդարձավ։ Պաշտոնապես։ Քանզի ԱԺ պատգամավորներն այսօր էլ չգիտեն, թե ինչու էին հայ լրագրողները նախընտրում այդ օրը։ ԶԼՄ մասին նոր օրենքն էլ հեռանկարում չկա։

ԱԺ-ն զբաղված է իր տեղը հաջորդ հնգամյակում ապահովագրելու խնդրով։ Նախեւառաջ անձեռնմխելիության մանդատ ձեռք բերելու նպատակով։ Ոչ մի երաշխիք վաղվա համար չկա։ Հունաստան չենք, բնականաբար, եւ պառլամենտական լիազորություններն էլ ավարտելուց հետո 4 շաբաթ գոնե չի սահմանված պահպանելու… մանդատը։ Գերմանիա էլ չենք, որպեսզի պատգամավորը հրաժարվի ցուցմունքներ տալու իրավունքից։ Հայաստանում այս պահին անձեռնմխելի է դատական համակարգը։

Դատական իշխանությունն էլ հասավ նրան, որ արդյունքում ձեռք բերեց ցմահության կարգավիճակ։ Ցմահությունն իրենց ապահովագրելուց հետո սպասելի վարքագիծ որդեգրեցին նրանք այն լրագրողների նկատմամբ, որոնք «պատիվ» են ունեցել նրանց խայտառակ դատական նիստերը լուսաբանել, կասկածելով վերջին քննությունների արդյունքների եւ օբյեկտիվության վրա։

Երկրի նախագահի համար էլ առաջարկվեց մինչեւ 7 տարի պաշտոնավարման ժամկետ։ Հետո գուցե պահանջվի 77 տարի։

Այլ հարց է. ինչո՞ւ են շահագրգռված հատկապես օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները։ Ինչո՞ւ հենց նրանք են ձգտում «անմահության»։ Մեր խղճուկ օրենքը (ԶԼՄ) լրագրողներին հրեց անպաշտպանվածության տարածք, մասնակցել դատական դռնբաց հայտարարված նիստերին դեռ չի նշանակում լինել ապահովված, պաշտպանված։ Նախարարը երիցս ճիշտ է, երբ խոստովանում է, որ թերթ չի կարդում։ Նախարարն ասում է, որ չի ցանկանում պատասխանել լրագրողներին։ Նա չի պատասխանում եւ շարքային քաղաքացիներին։ Դատավորը պատասխանում է լրագրողին եւ պատասխանում է սպառնալիքով, թե հաջորդ նիստին (մի մոռացեք, դռնբաց նիստին) «թույլ չեմ տա»։ Կարող է թույլ տալ կամ չտալ օգտվել ձայնագրիչից, նայած այդ օրը լուծվող սուրճ է խմե՞լ, թե՞ սովորական։ Կարող է ուղղակի կոկորդով մեկ դատարանի դահլիճով բղավել. «սա չգրե՛ք»։ Որպես կանոն կողքը բազմած քարտուղարի սղագրությանը ուշադրություն չդարձնելով։

«Ձայնագրությունը հիմք չի կարող հանդիսանալ»։ Գուցե ճի՞շտ են։ Չէ որ «ապացուցված» է, որ լրագրողը սառը զենքի գործադրմամբ է ձայնագրությունն իրականացնում։ Սպառնալիքով։ Հեռանկարում՝ հարցազրույցներին, դատական նիստերին երկու վկա հետդ տանելն է։ (Շուտով պարզապես կստորագրվի. «վկայով հարցազրույցը վարեց»)։

Ֆրանսիա էլ չենք։ Եվ մեզ չի սպառնում 180-8000 ֆրանկ տուգանքի սպառնալիք, որով արգելվում է հրապարակել մեղադրական եզրակացություններ, դատավճիռներ, դատական արձանագրություններ, դատական ծանուցագրեր, որոնք վերաբերում են բարձրագույն կամ ստորին դատական ատյաններում քրեական քննությանը «նախքան դռնբաց դատական նիստում դրանց ընթերցումը»։ «Դատավորի վարքագծի կանոններում», որի նախագիծն, ի դեպ, մեր ձեռքի տակ է, հնարավոր է «ամրագրվի».

«Դատավորը չպետք է ենթարկվի լրատվական միջոցների կողմից հրապարակված կանխորոշող նյութերի ներգործությանը»։ Կարող եք հանգիստ քնել. պարզապես տեքստը կարդալով մեր առաջարկվող տարբերակով. «Դատավորը չպետք է ենթարկվի կանխորոշող նյութերի ներգործությանը»։ Դուք ճիշտ եք, նյութերի ներգործություն ասելով, երբ հասկանում եք այն, ինչ տրվում եւ վերցվում է։ Կամ չի տրվում, բայց վերցվում է։ Համենայնդեպս, աշխարհում դեռ կան օրենքներ, որոնք նախատեսում են «նյութը հրապարակվում է շահագրգիռ դատական ատյանի գրավոր խնդրանքով»։ Եվ այդ խնդրանքն էլ կցվում է նախաքննության նյութերին։ Մեզ մոտ չէ, իհարկե։ Գրավոր բարաթից բացի Ֆրանսիայի ԶԼՄ օրենքը թույլատրում է նկարահանում ոչ թե դատավորի «տեղում խորհրդակցելու» (երբ տեղում ինքն է ու երկու դատարկ աթոռները) միանձնյա որոշումով, այլ կողմերի ներկայացուցիչների, ասել է թե՝ փաստաբանների ու դատախազի համաձայնության պայմանով։ Իսկ ընդհանրապես բախտներս բերել է։

Մեզ մոտ ամուսնությունը չեղյալ չի հայտարարվում եւ աբորտի հետ կապված դատական ունկնդրություններ չեն լինում։ Էլ չենք նշում ալիմենտների վճարման, հայրությունը պարզելու համար «նախատեսված դեպքերը» կամ գործերը։ 5 օրից մինչեւ 2 ամիս հաստատ չենք նստի, եթե տպագրվի «բաց շուկայում մատչելի վարկերի հետ կապված» որեւէ ձեռնարկի մասին, «հանգուցյալների հիշատակի դեմ վիրավորանքների» համար մեզ ոչ ոք հաստատ չի նստեցնի։

Իրավախախտման, պատասխանատվության որքան կանոններ կան, որ ոչ ոք չգիտի։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728