Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոն երիտասարդների եւ ոչ միայն նրանց համար

Փետրվար 02,1999 00:00
eritasrdner

Կինոմոսկվամերձ տարածքում հասակ առած ապակեպատ այս գեղակառույցի շաբաթօրյա բացումով վերջակետ դրվեց դրա պատկանելության եւ նշանակման շուրջ եղած խոսակցություններին։

«Ալեն & Էլեն» կենտրոն

Այսուհետ Երեւանի եւ մայրաքաղաքի հյուրերի առջեւ իր դռները կբացի Աբովյան 3 հասցեում, ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ գտնվող երիտասարդական նոր կենտրոնը։ Ինչպես անունն է հուշում, այն չի պատկանում ոչ գռզոներին, ոչ էլ առավել եւս Կոբզոնին, այլ հենց իրենց՝ Ալենին ու Էլենին։ Նրանք երիտասարդ շառավիղներն են Բեջանյան տոհմիկ ընտանիքի, որի ավագը՝ Վլադիմիր Բեջանյանը մեր առանձնազրույցում հետեւյալն ասաց. «Ես ուզեցի իմ ուժերի ներածի սահմաններում տղայիս եւ աղջկաս անունով մի մնայուն բան թողնել Երեւանում։ Վերջին հաշվով մնայունն է մնում»։ Իրոք. ի հակառակ մեր շատ մեծահարուստների, որոնք երկնչում են իրենց ունեցածը ցուցադրելուց կամ էլ այն յոթ սարից այն կողմ, հեռու արտասահմաններում են անշարժ գույքի վերածում, Բեջանյան ընտանիքը որոշեց իր վաստակածը ներդնել հայրենիքում, դրանով քարը քարին դնել, նոր շենք կառուցել։

Նորակառույցի մասին

Նախկինում Աբովյան փողոցի այս հատվածում գտնվող կիսախարխուլ մի քանի տների փոխարեն այսօր մոտ 1500 քմ մակերեսով վեր է խոյանում եվրոպական ոճի մի նորակառույց։ Շուրջ երեք տարի, իսկ ավելի ճիշտ՝ 2 տարի 3 ամիս տեւած շինարարական աշխատանքներն իրենց տրամաբանական ավարտին հասան հունվարի 30-ին, երբ մատուցված մատաղով եւ եկեղեցու սպասավորների օրհնությամբ կատարվեց շինության հանդիսավոր նորամուտը։ Անձամբ ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ըստ որոնց ժամանակակից այս կառույցով խաթարվում է Աբովյան փողոցի հնաբույր դեմքը, որ այն իբրեւ թե ազդում է ինչ-որ ներդաշնակության վրա։

Վերջինս, որքան էլ զարմանալի թվա, գոնե փողոցի այս հատվածում վաղուց չկար։ Այսպես. առաջին հայացքից հայկական, իսկ իրականում հայկական ճարտարվեստի հետ ոչ մի առնչություն չունեցող ԱՕԿՍ-ի հնակառույցը ոչ մի կերպ չի «խոսում» իր դիմաց գտնվող Բունիաթյանի նախագծած «Երեւան» հյուրանոցի հետ՝ ո՛չ ճարտարապետական ձեւերով, ո՛չ էլ գունային լուծումներով։ Էլ չխոսենք քիչ վերեւում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի մասին, որը ե՛ւ ճարտարապետական լուծումներով, ե՛ւ դեղնաճերմակավուն իր արտաքինով ընդհանրապես կապ չունի Աբովյան փողոցի ընդհանուր մտապատկերի հետ։ Տվյալ նախագիծն իրականացրած ճարտարապետների խումբը եւս չի գնացել պարզ ոճավորման ճանապարհով, այլ, ինչպես նշեց այն գլխավորած ճարտարապետ Ռուբեն Մարտիրոսյանը, իրենք միտումնավոր փորձել են կոնտրաստ ստեղծել հարեւան շենքերի հետ՝ հավակնելով գեղագիտական նոր միջավայրի ձեւավորման։

Երիտասարդական կենտրոնը նախագծված է այնպես, որ դրսից այն երկհարկ-եռահարկ շենքի տպավորություն է թողնում։ Մինչդեռ ներսից այն 5-6 հարկանի կառույց է՝ իր ստորգետնյա մարզադահլիճով, տարաբնույթ սրճարաններով եւ, իհարկե, դիսկոսրահով։ Շահեկան լուծում պիտի համարել տարբեր բարձրությունների վրա տեղակայված երկու դիտահարթակները, որտեղից ոչ միայն կարելի է հիանալ երեւանյան տեսարաններով, այլեւ նկատել, թե որքան գործ կա անելու մեր աննման մայրաքաղաքի դիմապատկերը ամբողջացնելու ուղղությամբ։

Երիտասարդների ժամանցավայր

Ի հակառակ Երեւանի նկատելի անկյուններում սնկի նման աճած շքեղ վաճառատների եւ խաղատների, որոնցից հատուկենտ մարդիկ են օգտվում, «Ալեն եւ Էլեն» կենտրոնը իր դռները լայնորեն է բացում երիտասարդների եւ ոչ միայն նրանց առջեւ։ Բանն այն է, որ տարբեր հարթակներում գտնվող սրճարան-սրահներն իրենց ձեւավորմամբ եւ այնտեղ հնչող տարաոճ երաժշտությամբ խոստանում են հավասարապես հաճելի լինել տարբեր տարիքի մարդկանց համար։ Ավելին՝ երկու հարկերը կենտրոնի հետագա գործունեության ընթացքում կճշտեն իրենց հիմնական նշանակումները։

Իսկ առաջին աշխատանքային օրը իրոք որ հուսադրող էր։ Նորաբաց կենտրոնում առաջինը ելույթ ունեցան Շուշան Պետրոսյանն ու Գրիգոր Աղախանյանը, Լիլիթ Կարապետյանն ու անզուգական Սոնան։ Տեխնիկական եւ լուսային առկա հնարավորությունները թույլ են տալիս լավագույնս կազմակերպել հաճախորդների ժամանցը։ Այս տարվա առաջին նորամուտի առթիվ բոլորիս շնորհավորելու հետ միասին մնում է հույս հայտնել, որ նորաստեղծ երիտասարդական կենտրոնը Երիտասարդության պալատի ճակատագիրը չի ունենա եւ իսկապես հանդիպավայր ու հավաքավայր կլինի ուսանողության եւ ստեղծագործող մտավորականության համար, իսկ նրա հայտնվելը երեւանյան քարտեզի վրա նոր ստեղծվող ավանդույթների սկիզբ կդառնա։

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728