Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ԷՐ, ՇԵՖ։ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԱՔՈՒՐ ԷՐ»

Ապրիլ 10,1999 00:00
Hrant bagratyan

ԵՊՀ միացյալ արհկոմիտեի եւ բանասիրական ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնած «Հանդիպումներ» շարքի հերթական հյուրը «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն էր, թեման էլ՝ «Պետության եւ հասարակության փոխհարաբերությունները»։

Թեմատիկ

Բանախոսը հիմնականում կրկնեց իր «Հասարակությունը եւ պետությունը» աշխատության որոշ թեզերը։ Հնչած դրույթները զուտ մասնագետների ականջների համար էին նախատեսված թերեւս։ Չարենցի անվան սրահում այդպիսիք էլ կային։ Ասենք, մի ուսանող հորդորեց պրն Բագրատյանին առավել մանրամասն խոսել գիտատեխնիկական ցիկլերի մասին, եւ նրա շնորհիվ տեղեկացանք, որ դրանց բնորոշ է դիֆուզիան։ Վերջինիս մասին աղոտ հիշողություններ մնացել են դպրոցական դասընթացներից։ «Գիտատեխնիկական ցիկլ» արտահայտությանը մաս կազմող բառերի առանձին-առանձին նշանակությունն էլ է պարզ։ Բայց մտքի ամբողջական նշանակությունն ըմբռնել ոչ մի կերպ չհաջողվեց։ Ուստի ճիշտ է լռելը չհասկացած բաների մասին։

Հանրամատչելի

Որպես այդպիսին թերեւս կարելի է առանձնացնել Բագրատյանի այս դատողությունները, թե Հայաստանի պետությունը պատմական առաջադիմությանը հակառակ է ընթանում. «Հատկապես հուզիչ է այն, որ ժամանակակից աշխարհին բնորոշ օրինաչափություններին ճիշտ հակառակ ուղղությամբ են ընթանում գործընթացները Հայաստանում։ Ինչքան շատ են խոսում մարդկանց լավ ապրելու մասին՝ այնքան վիճակը վատանալու է։ Ինչքան շատ են զարգացնելու արդյունաբերությունը՝ այնքան ընդհանրապես ոչինչ չի աշխատելու (ավելի ուշ պրն Բագրատյանը նաեւ նշեց, թե 6 տարվա աճից հետո առաջին անգամ գյուղատնտեսության ոլորտում 7% անկում է արձանագրվել։ Եվ կանխատեսեց, որ այն շարունակվելու է- Ա. Ի.)։ Ինչքան շատ են խոսելու մեր ազգային դեմքի մասին՝ այնքան ավելի շատ ենք կորցնելու մեր ազգային դեմքը»։ Այս ամենի բագրատյանական բացատրությունը հետեւյալն էր. «իրականում մարդիկ կեղծում են»։

Նախկին իշխանությունների գնահատականի շուրջ

«Եթե մենք անընդհատ խոսելու ենք նախկինների անբարոյականության մասին՝ նախկիններն էլ կարող են խոսել նախկին նախկինների բարոյականության մասին, բայց առօրյա կյանքում մեզ մատուցվելու են փաստեր, որոնք որեւէ կերպ անհնարին էին դեռեւս մի քանի տարի առաջ»,- պրն Բագրատյանն այդ փաստերի օրինակներ բերեց։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, մթերքների գների աճը. «Չենք տեսնում այդ գների իջեցումը, որ բոլորովին հնարավոր է»։ Նա վստահ էր, որ գյուղացիներն այսօր տասնապատիկ ավելի են բողոքում, քան 4 տարի առաջ։ Կամ, սեփականաշնորհման ընդդիմախոսներին նման հակափաստարկ մատուցվեց. «Ղարաբաղում սեփականաշնորհում չի եղել. ինչո՞ւ ոչ մի գործարան չի աշխատում»։

Նախկին վարչապետը դժգոհեց, որ կատարվող կոպիտ սխալների մասին այս ճշմարտությունները չի կարողանում հասարակությանը հասցնել։ «Իշխանությունը չի ուզում լսել, քանզի լավ հասկանում է քո ուժը. եթե անմիջական շփման այդ հնարավորությունն ունենաս՝ զանգվածներն իշխանության դեմ դուրս կգան, ասելով, թե սխալ եք ասում եւ նախկիններին քննադատելը միայն ձեւ է ձեզ համար սեփական ոչ արդյունավետ գործունեությունը որեւէ կերպ արդարացնելու համար»։

Հրանտ Բագրատյանին խնդրեցին գնահատել այլ վարչապետների գործունեությունը։ «Պետության առաջընթաց, որպես այդպիսին, չի եղել»,- միանշանակ ասաց նա։ Թերեւս միայն Վազգեն Մանուկյանին առանձնացրեց, այն էլ միայն նրա համար, որ իրենից «добро» էր ստացել հողային բարեփոխման համար. «Չնայած հետո այդ թափը պակասեց, եւ նա ընկավ սոցիալիստական ծայրահեղության մեջ»։

Էներգետիկ հանցագործությունների շուրջ

Հրանտ Բագրատյանին հարցրին իր վարչապետության շրջանում հանրապետություն մուտք չգործած վառելիքի մասին։ «Այն վայնասունը, որ բարձրացված է էներգետիկ համակարգում չարաշահումների մասին (իհարկե, դրանք կան)՝ վերեւներից է խրախուսվում»,- նա պնդեց, որ որոշակի տեղեկություններ ունի իր հայտարարությունը հիմնավորող։ Կարծում ենք, որ Պետրոս Մաքեյանին կամ Արշակ Սադոյանին կհետաքրքրի, թե ինչպես է նախկին վարչապետն ապացուցելու, որ իրենք վերեւների պատվերն են կատարում՝ խոսելով էներգետիկ չարաշահումների եւ, ի դեպ, նաեւ վարկերի մասին։

«Ես արդեն հոգնել եմ անընդհատ լուրեր ստանալուց, որ հերթական մարդուն բռնել, տարել մի ամիս պահել են, երբեմն նաեւ ճնշելով, թե ասա Բագրատյանը հետդ կապ ունի՞, թե՞ չէ։ Չհայտնաբերեցին ոչ մի բան։ Հիմա հանգստացել են։ Հիմա ասում են. «Լավ էր, շեֆ։ Ամեն ինչ մաքուր էր»,- այս հայտարարությունը հետաքրքրական էր. պարզվում է, որ Բագրատյանի վրա էլ են փորձել գործ սարքել։

Սակայն առավել սկանդալային հայտարարությունն առջեւում էր։

«Հայաստանում 10 բալանոց երկրաշարժ չի եղել»

«Ժամանակին մենք էլ հայտնաբերեցինք, որ Հայաստանում 10 բալանոց երկրաշարժ չի եղել։ Կարող էինք հայտարարել եւ գործ հարուցել նախկին համակարգի դեմ։ Ավելի մեծ հանցագործություն չէր եղել ժողովրդի առջեւ։ Ի՞նչ կտար դա։ Կոնկրետ հանցագործ չկար։ Բայց բոլորը գիտեին, որ 10 բալ երկրաշարժ չի եղել՝ շատ ավելի քիչ է եղել։ Եվ այդ շենքերի մեծ մասը չպիտի փլվեր։ Ավելի մեծ հանցագործություն չկա, քան 25 հազար մարդուն հողի մեջ իջեցնելը։ Եվ այդ մարդիկ այսօր խոսում են»,- այս պահից Հրանտ Բագրատյանը սկսեց գոռալ։

Ընտրական գործընթացների շուրջ

Հրանտ Բագրատյանը կարմրելով եւ կնճռոտվելով հրաժարվեց ընտրություններում իր մրցակցի՝ Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդոյի) մասին խոսել։ Լիբերալ ուժերի չկայացած դաշինքի առնչությամբ ասաց. «Իրական լիբերալներ դեռ չկան Հայաստանում»։

Իսկ այն հարցին ի պատասխան, թե քանի՞ պատգամավոր կունենա «Ազատությունը» հաջորդ ԱԺ-ում, կանխատեսեց. «Այնքան, ինչքան մեզ թույլ կտան վերեւները։ Հուսով ենք, ինչ-որ բան թույլ կտան։ Առաջիկա ընտրությունները կլինեն թվով 3-րդը, երբ իշխանությունը կընտրի իշխանություն»։

Նա նաեւ կանխատեսեց, որ ապագա ԱԺ-ն ավելի վատն է լինելու, քան ներկայիս խորհրդարանն է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930