Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍԵԼ ԵՆ՝ ԾՄԱԿՈՒՏ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ ԿԱ…»

Ապրիլ 15,1999 00:00
soc

«ՀՀ սոցիալական ապահովության նախարարության մամլո կենտրոն» ստորագրությամբ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է…» հոդվածի վերնագիրն իսկ լավագույնս բնորոշում է այդ նախարարությանը։

Սկսենք դարձյալ նպաստառու ընտանիքների թվից՝ 230 հազար։ Հոդվածում ասվում է, որ «այդ թիվը հիմնավորված է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի ու վերլուծության նախարարության եւ Համաշխարհային բանկի 1996-97 թթ. Հայաստանի տնային տնտեսությունների կենսամակարդակի սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով։ Հայաստանի ընտանիքների ավելի քան 27 տոկոսն ունի նվազագույն զամբյուղից քիչ եկամուտներ»։

Ուրեմն ռեկորդային կարճ ընթացքում, շրջափակումներով եւ պատերազմներով ուղեկցվող անցումային փուլում հաջողվել է ստեղծել այնպիսի կայուն ու բարեկեցիկ պետություն, որի ընտանիքների ընդամենը 27 տոկոսն է կարիքավոր։ Կասկածից վեր է, որ եթե ժողովուրդը ժամանակին իմանար այս թվերի մասին, Հայաստանում 1998-ին իշխանությունը չէր փոխի եւ ոչ մի պայմանով։ Եվ քանի որ ժողովուրդը տարիներ շարունակ խարխափել է ինֆորմացիոն խավարի մեջ, չի իմացել, որ այսքան երջանիկ կյանքը իրեն տվել են Համաշխարհային բանկն ու պետռեգիստրի նախարարությունը։ Լիրիկական այս շեղումից հետո, անցնենք իրական թվերին. «Առավոտ» թերթի 1999 թ. մարտի 26-ի համարում տպագրված «Բուրկինա Ֆասո» վերնագրով հոդվածում Նելսոն Շահնազարյանն ասում է. «Ըստ Համաշխարհային բանկի, որը զուտ տնտեսական չափանիշներով է դատում, ընկել ենք աշխարհի ամենաաղքատ երկրների խմբում»։ Հարց է ծագում. Համաշխարհային բանկը ո՞ր տարվա ուսումնասիրությունների արդյունքով է Հայաստանը դասել աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում։ Իսկ գուցե հակառակը, Հայաստանի ընտանիքների 27 տոկոսն ունի նվազագույն պարենային զամբյուղին համապատասխանող եկամուտներ։ Սա թերեւս մոտ է իրականությանը։

Իսկ ընդհանրապես, կարելի էր 27-ի փոխարեն գրել 17 կամ 5 տոկոս, միեւնույն է, դրանից անհեթեթության տոկոսը չէր փոխվի։

Ամեն ինչ անհամեմատ լավ կլիներ, եթե խոսքը միայն տոկոսին վերաբերեր։ Ընդունենք, որ Հայաստանի ընտանիքների 27 տոկոսն է կարիքավոր։ Արդյո՞ք նպաստառու 230 հազարի մեջ հենց այդ 27 տոկոսն է ընդգրկված, այսինքն՝ կարիքավոր 27 տոկոսը։ Հաշվե՞լ են, արդյոք, Սոցապ նախարարությունում, թե 230 հազարի ո՞ր տոկոսն է ոչ կարիքավոր, որը սակայն ստանում է ընտանեկան նպաստ։ Եվ ստանում է ոչ Գագիկ Հովհաննիսյանի «անապահովության գնահատման կասկածելի մեթոդի կիրառման շնորհիվ», ինչպես հայտարարում են։

Այդպիսի մեթոդ չկա եւ դրա մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Գ. Հովհաննիսյանը չէր կարող խախտել կառավարության որոշումներն ու հրահանգները եւ առանձին վերցրած Գյումրիում կիրառել իր մեթոդը, այն էլ հարաբերությունների նման լարվածության պայմաններում։ Նախարարության մամլո կենտրոնի հրապարակած հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է. «Փետրվարին ամբողջ հանրապետությունում նախորդ ամսվա նկատմամբ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թվի ընդամենը 1,5 հազար աճի կողքին, միայն Գյումրի քաղաքում, ՄԾՏԿ տնօրենի «բարեհաճության» շնորհիվ, նպաստառու ընտանիքների թիվն ավելացել է ավելի քան երկու հազարով»։ Եթե միայն Գյումրիում երկու հազարով է ավելացել, ինչպե՞ս կարող էր ամբողջ հանրապետությունում ընդամենը 1,5 հազարով ավելանալ։ Այդպիսի բան մի դեպքում է հնարավոր, եթե Գյումրին համարենք, ասենք, Արեւմտյան Հայաստանի տարածք։ Իսկ Էրեբունու շրջանում ոչ թե ընդամենը 46-ով է ավելացել, այլ նույն ծառայության կենտրոնի տնօրեն Ա. Մազմանյանի հավաստմամբ՝ 2418-ով (տես «Ժամանակ» օրաթերթ, 6 մարտի)։

Գալով նախարարության օրինական լրազորություններին, ասեմ, որ ՀՀ նախագահի 1994 թ. օգոստոսի 1-ի հրամանագրի երկրորդ կետով լուծարվել են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների եւ գերատեսչությունների վերստուգիչ-վերահսկիչ վարչությունները եւ բաժինները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության։ Հարց է ծագում. արդյո՞ք ուժը կորցրած է համարվել ՀՀ նախագահի վերոհիշյալ հրամանագիրը, համաձայն որի, Սոցապ նախարարությունը չունի ստուգումներ իրականացնելու լիազորություն։ Ավելորդ չեմ համարում մեջ բերել ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունից այս առթիվ ստացված գրությունը. «… ՀՀ նախագահի 1994 թ. օգոստոսի 1-ի հրամանագրով հաստատված կանոնակարգի 2-րդ կետի համաձայն, ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը ստուգում իրականացնող մարմինների շարքում չի ընդգրկված եւ, հետեւաբար, ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված չէ»։

Այնպես որ, ստուգումները դադարեցվել են ոչ թե սոցծառայության տնօրենի կամայականությամբ, ինչպես նշված է «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի թիվ 50-ում հրապարակված «Ընտանեկան նպաստ, Շիրակի մարզ» հոդվածում, այլ բացառապես սոցապ նախարարի կամայականությունները կանխելու համար, ոչ թե «արձանագրված բազմաթիվ թերությունների եւ լուրջ խախտումների համար», այլ օրենքի տառը պահպանելու նպատակով։

Նույն հոդվածում նշվում է, որ 1100 այցելությունների արդյունքում բարեկեցիկ է ճանաչվել 12 ընտանիք։

Տարրական պարկեշտությունը պահանջում է նշել, որ խոսքը 1100 տնակի մասին է։ Իսկ ընդհանրապես, ամբողջ ընթացքում ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ ցուցակներից հանվել է 520-ից ավելի բարեկեցիկ ընտանիք, 133 ընտանիքի գործը համարվել է անվավեր, հայտնաբերվել է 166 բացակա ընտանիք։

Այն դեպքում, երբ կատարվել է ընդամենը 14 հազար այց։ Հիմնականում՝ տնակ։ Սա շատ է, թե քիչ Գյումրիի համար՝ որոշելն ու գնահատելը բարոյականության խնդիր է։

Եվ վերջինը. «Համարյա չեն ստուգվել ընտանիքների ներկայացրած փաստաթղթերը, հատկապես եկամուտների հավաստիությունը չի ճշգրտվել»։

Թող բացատրեն, թե ինչ են հասկանում փաստաթուղթը ստուգել ասելով. ասենք, տեսուչը ինչպե՞ս է ստուգելու՝ մարդը իսկապես երկրորդ խմբի հաշմանդա՞մ է, թե՞ ոչ, կամ ինչպես են պատկերացնում, ասենք 40 հազար ընտանիքի կողմից ներկայացված միջինը 80 հազար եկամուտի մասին փաստաթղթերի ստուգումը, ի՞նչ մեխանիզմներով, ո՞ր ժամկետներում, ո՞ր հրահանգի համապատասխան… ընդամենը 30 աշխատակիցներով։ Սա հարցի տեխնիկական կողմն է, կա եւ իրավական կողմը. այդ ո՞ր օրենքով են սոցծառայողները օժտվել դատախազական ֆունկցիաներով։

Ստուգումներ պետք է իրականացնեն բացառապես այդպիսի լիազորություններով օժտված մարմինները։ Այս է պահանջում օրինականությունը։ Ի դեպ, ասեմ, որ բոլորովին վերջերս ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի մասնակցությամբ կատարվեց այդպիսի ստուգում, եւ ծառայությունում առկա կեղծիքների մասին հայտարարությունը հերքվեց։ Սակայն պարզվում է, որ դա բավարար չէ, եթե կուզեք, դա նշանակություն էլ չունի։ Օրուգիշեր ՀՀ սոցապ նախարարության ներկայացուցիչները դեգերում են ծառայության շուրջբոլորը, որովհետեւ «կենտրոնից ասել են, թե Ծմակուտ նացիոնալիզմ կա», ու եկողները հո դատարկ ձեռքով չեն գնալու։ Որովհետեւ սա ընտանեկան նպաստի հանրապետական շտաբի ու Սոցապ նախարարության հեղինակության հարցն է դարձել։ Ասել են՝ խախտում կա, ուրեմն՝ կա։ Չկա՝ պետք է ճարել։ Ամեն գնով։ Որովհետեւ ծառայության տնօրենի հետագա աշխատանքը համարել են աննպատակահարմար։

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գյումրիի սոցծառայությունների տարածքային կենտրոնի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930