Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՆԻ ԵՐԿԱՐՆ Է ԼԱՎ, ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ՀԶՈՐԸ

Մայիս 20,1999 00:00
Vazgen sargsyan

Նախարարներից՝ ուժայինը

Ինչպես բոլորիս է հայտնի, հանրապետությունում գործող եւ ոչ մի կուսակցություն «տանիք» չունի։ Նրանք գոյատեւում են բացառապես իրենց կուսակիցների անդամավճարների հաշվին։ Այս կուսակցությունները բազմանդամ են, անդամները՝ ազնիվ, բարի ու թափանցիկ։ Անանձնական մղումներով առաջնորդվելով՝ նրանք ազնիվ պայքարի են ելել՝ հանուն պրոֆեսիոնալ խորհրդարանի։ Իսկ «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը երեկ հանդիպեց լրագրողներին։ Մինչ գրանցումն այս կուսակցության հետ դաշինք կազմելու ցանկություն են ցուցաբերել ՌԱԿ-ը, դեմկուսը (միջնորդավորված) «Գարդմանք» քաղաքական կազմակերպությունը, «Եզդիխանան» եւ այլք։ «Բայց մենք հրաժարվեցինք. սա մեր մասնակցությամբ առաջին ընտրություններն են, եւ մենք ուզում ենք գնահատել մեր ուժերը»։ Պրն Վարդապետյանն իրենց կուսակցությունը համարում է լիբերալ-ազատական։ Թեեւ «մեզանում» արդեն կան բազմամյա «լիբերալության» փորձ ունեցող կուսակցություններ, բայց «Հզոր հայրենիքը» այդ 10-15 տարի գործող կուսակցությունների աշխատանքի արդյունավետությունը «բավարար» չի համարում։

Ինչ վերաբերում է կուսակցության հովանավոր «տանիքին», պրն Վարդապետյանը զարմացած էր. «Ես ձեզ (մեզ- Լ. Ա.) եմ ուզում հարցնել՝ ի՞նչ է նշանակում հովանավորել։ Ասենք՝ Վազգեն Սարգսյանը «Միասնության» լիդերներից է եւ բացահայտ կոչ է անում, օգտագործում է իր հեղինակությունը, ասում՝ ձայները տվեք «Միասնությանը»։ Սա հասկանալի է»։ Բայց անհասկանալին, ըստ պրն Վարդապետյանի, այն է, թե ինչպե՞ս կարող է մեկը գաղտնի հովանավորել մի կուսակցության. «Թաքուն մի քանի մարդկանց ասում են՝ եկեք, ձեր ձայնը «Հզոր հայրենիքին» տվեք։ Դա արդյունավետ չէ»։ Ընդունելով, որ իր կուսակցության անվան հետ հիմնականում ուժային նախարարներին են կապում (սկզբում՝ Սերժ Սարգսյանին, հետո՝ Վազգեն Սարգսյանին- Լ. Ա.), պրն Վարդապետյանն այն եզրակացությունն է արել, թե. «Դա նշանակում է, որ հովանավոր չունենք»։

Կուսակցությունը գրանցված է արդեն մեկ տարի, բայց կառույցները ստեղծվել են երկու տարի առաջ։ Քանի որ կուսակցությունը կազմված է հիմնականում ջավախքցիներից, ավելին՝ ռուսերեն կուսակցության անվանումը թարգմանվել էր որպես «Великая Армения», Վրաստանում սխալ էին հասկացել ու անհանգստացել։ «Հզոր հայրենիքի» անդամներն էլ՝ չվնասելու համար «հայ-վրացական դարավոր բարեկամությանը», չգրանցվեցին, մինչեւ վրացիները հասկանան՝ «դա այդպես չէ»։ (Այդ պրոցեսն, ինչպես նշեցինք, տեւել է 2 տարի- Լ. Ա.)։

Կուսակցության ֆինանսական միջոցները գոյանում են կուսակցության անդամների եւ համակիրների նյութական եւ ոգեղեն օժանդակությամբ։ «Կուսակցության անդամավճարը 100 դրամ եւ ավելի է, իսկ երեկվա տվյալներով (որն այսօր կարող է հնացած լինել) այն ունի 7000 անդամ։ Ազգային հեռուստատեսությանը վճարելիք 600 դոլարը կուսակցությունը դեռ չի վճարել»,- հուզված էր կուսակցության նախընտրական շտաբի պետ Ստեփան Մարգարյանը։ Նախընտրական բուկլետներն ու բենզինն էլ եթե հաշվենք, մի 4-5 հազար դոլարի պատմություն է։ Մեղմ հաշվարկով, կուսակցությունն իր նախընտրական միջոցառումների համար կվճարի 15000 դոլար։

Վերադառնալով լիբերալության թեմային՝ «Հզոր հայրենիքը» իրեն տրվելիք ձայները նախատեսում է «խլել» այլ լիբերալ կուսակցություններից՝ գտնելով, որ, օրինակ, ՌԱԿ-ը ձեւավորված էլեկտորատ չունի։ Որպես տնտեսագետ՝ պրն Վարդապետյանն իր ծրագրով պայքարելու է հանուն ազատական տնտեսության եւ ընդդեմ բարձր տոկոսադրույքներով կարճաժամկետ վարկերի եւ ձեռներեցներից 65% եկամտահարկ վճարելու դեմ։

Պրն Վարդապետյանի՝ քաղաքականությամբ զբաղվելը մի գեղեցիկ պատմություն է. 17 տարի աշխատելով քաղաքապետարանում, շփվելով պաշտոնյաների հետ, նա հասկացել է, որ «պետք չի կողքի մնալ, այլ անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա կերտելու հզոր հայրենիք»։

Ինչպես եւ մնացած 21 կուսակցություններն ու դաշինքները, «Հզոր հայրենիքը» համոզված է, որ առնվազն 5% արգելանքը հաղթահարելու է։ Իսկ պրն Վարդապետյանը մտերիմ է ոչ միայն Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ» ֆլորիստիկ մականունով) հետ, այլ նաեւ բոլոր մնացած թաղապետերի եւ պաշտոնյաների հետ։ Իսկ սա 5% արգելանքը հաղթահարելու ամենեւին էլ վատ երաշխիք չէ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31