Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԴԵՌ ՀԵՔԻԱԹԻ ՆԱԽԱԲԱՆՆ Է։ ՀԵՔԻԱԹՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Հունիս 18,1999 00:00
vazgen sargsyan

Այսօր խորհրդարանին ներկայացվելիք կառավարության գործունեության ծրագրի հեղինակներն այն անվանել են միջնաժամկետ տնտեսական ծրագիր։ Տարեվերջին 6 ամիս է մնացել եւ գուցե իրոք կարող էր խոսք լինել միայն ժամանակավոր ծրագրի մասին։

Նախաբանում էլ նշել են, թե ծրագիրն «այս փուլում չի հավակնում լինել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը մանրամասնորեն նկարագրող ծրագիր։ Վերջինս համալիր միջոցառումներով եւ միջնաժամկետ տնտեսական քաղաքականության ուղղություններով կներկայացվի «ՀՀ 2000 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնադրույթներում»։ Իսկ առայժմ հիմնական շեշտադրումներ են արվել այն հարցերի վրա, որոնք «մոտակա վեց ամիսների ընթացքում գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում եւ պահանջում են անհետաձգելի լուծումներ»։

Ի դեպ, նշված է, թե ծրագրի հիմքում են Ռոբերտ Քոչարյանի, «Միասնության» եւ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների նախընտրական տնտեսական ծրագրերի «ըստ մեզ՝ կարեւորագույն հիմնադրույթները»։ Արձանագրենք, որ ուրեմն վերջիններիս թվին չեն դասվել «Միասնության» նախընտրական ծրագրի հիմնադրույթները «տնտեսական արդյունավետության հետեւողական բարձրացմանը զուգընթաց» առողջապահության եւ կրթության անվճար համակարգերը վերականգնելու, խնայդրամարկղերում բնակչության ավանդների ինդեքսավորման եւ հատուցման գործընթացները սկսելու եւ, վերջապես, էլեկտրաէներգիայի ու մյուս կոմունալ ծառայությունների վարձաչափերը բնակչության նվազագույն կենսամակարդակին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Թերեւս որպես վերջինիս հեռավոր ակնարկ կարելի էր ընկալել կառավարության գործունեության ծրագրի էներգետիկ համակարգին առնչվող դրույթը «սակագների հետագա օպտիմալացման» վերաբերյալ, բայց «հետագա» բառը մշուշոտ ենթադրությունների տեղիք է տալիս, թե «օպտիմալացում» ասելով բնավ սակագների նվազեցումը չէ, որ նկատի են ունեցել։ Ինչեւէ, «Միասնության» ծրագրի վերոհիշյալ դրույթները գուցե նախընտրական քամիներ էին՝ կուգան ու կերթան։

Կառավարության 1999-ի մնացած կես տարվա գործունեության ծրագրից հիշարժան է, որ ընդհանուր 25 էջից 6-ը նկարագրություն է, թե նախորդ 17 ամիսներին տնտեսական քաղաքականությունն ինչ արդյունքներ է ունեցել։ Հետաքրքիր է, թե էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանն ինչպե՞ս է հավանություն տվել իր վարչապետական գործունեության այս գնահատականին, որ իսկի «3» էլ չի։ Քանզի հաջողությունները՝ 7,2% տնտեսական աճը, որ ձեռք է բերվել հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի եւ կապիտալ շինարարության աճի հաշվին՝ վերագրվում է (համապատասխանաբար) «բնակլիմայական բարենպաստ պայմաններին», պարզ ասած՝ լավ եղանակին եւ «բնակչության կողմից բնակարանային շինարարության զգալի ակտիվացմանը»։ Այսինքն, Արմեն Դարբինյանի կառավարությունն այս բարձր տնտեսական աճի հետ որեւէ կապ չի ունեցել։ Իսկ մնացյալը անկում է, նվազում՝ բավական անմխիթար պատկեր։ Որքան էլ համաձայն լինեինք արձանագրվածին, պիտի նշենք, թե սա աննախադեպ է, որ կառավարությունն իր քայլերի, գործողությունների փոխարեն որպես ծրագիր է ներկայացնում, թե նախորդ կառավարությունն ի՜նչ վատ է աշխատել։

Իսկ երբ հերթը պիտի հասներ որոշակի դրույթներին՝ կառավարության ծրագրում «հստակեցնել, առանձնացնել, կարեւորել» եւ նման ստորոգյալներով կազմված ընդհանուր բնույթի նախադասություններ են գրված։ Չծանրանանք այս հանգամանքի վրա՝ հաշվի առնելով ծրագրի նախաբանի վերոհիշյալ խոստումը։

Իսկ առայժմ առանձնացնենք այս ժամանակավոր փաստաթղթի որոշ ամենակարեւոր դրույթներ. փորձելու են տնտեսական առնվազն 6% եւ արտահանման շուրջ 12% աճ ապահովել։ Նշել են. «Կառավարությունը գիտակցում է տնտեսական զարգացման հիմնախնդիրները լուծելու, արտադրությունը վերականգնելու եւ սոցիալական արդարությունը գերակայություն դարձնելու ողջ պատասխանատվությունը»։ Մտադիր են, մասնավորապես, իրականացնել «պետական ունեցվածքի գույքագրում եւ վերագնահատում», որոշակի «գույքագրում» սպասվում է նաեւ օրենսդրական ակտերին՝ «օրենսդրության հստակեցման, առկա հակասությունների վերացման նպատակով»։ Առավել լայն շրջանակի կհետաքրքրի, որ այս կառավարությունը մտադիր է «կենսաթոշակների աստիճանական բարձրացում իրականացնել», ավելի նեղ շրջանակի, որ ազատազրկման վայրերն ու քննչական մեկուսարանները մտադիր են ՆԳ նախարարությունից նորից հանձնել արդարադատության նախարարության ենթակայությանը (կարծեմ, ժամանակին վարչապետ Հրանտ Բագրատյանի նույն մտադրությունը չհաջողվեց)։

Իսկ որպես լրագրող՝ կարեւորում եմ, որ կառավարությունը խոստացել է «գործունեության առավելագույն հրապարակայնություն ապահովել», քանի որ մամուլի հետ աշխատելու իր կարողությամբ Վազգեն Սարգսյանը նախկինում, շա՜տ մեղմ ասած, չի փայլել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930