Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽ՝ ՄԱՐԴ, ՀԵՏՈ՝ ՄՆԱՑԱԾԸ»

Հուլիս 17,1999 00:00

ՀՀ նախկին սոցապ նախարար Հրանուշ Հակոբյանին շատ հարցեր պետք չէր տալ՝ պարզելու համար նրա կարծիքը ընտանեկան նպաստի համակարգի մասին։ Տիկին Հակոբյանը, թեեւ բավական ուշացումով (գուցե ճիշտ ժամանակին), սակայն շատ խիստ ու անխնա էր այդ պաշտոնում իր հաջորդի նկատմամբ, թեեւ անունը չէր տալիս։

Այնքան էր տարվել իր «խստությամբ», որ նույնիսկ «նախորդ՝ հանցավոր ռեժիմին» գնահատական տալու միտք հայտնեց։

– Հետեւո՞ւմ եք այն ամենին, ինչ կատարվում է երկրի սոցիալական քաղաքականության ուղղությամբ։

– Անցյալ մեկ տարին գրեթե չեմ հետեւել՝ երկու պատճառով։ Առաջինը՝ զբաղված եմ եղել գիտական աշխատանքով, երկրորդը՝ այն պատճառով, որ ես սկսել էի ծրագրեր, եւ դրանք կիսատ էին մնացել։ Ցավալի էր, որ այդ ծրագրերն աղավաղվում էին, եւ ամեն անգամ վատ էի զգում՝ հասկանալով, որ չի արվում այն, ինչ ես նախօրոք ծրագրել էի։ Երբ սոցապ նախարարություն գնացի, այն կանոնադրություն չուներ եւ յոթ տարի աշխատում էր 1984 թվականի կանոնադրությամբ։ Չկար նաեւ պետական սոցիալական ապահովության հայեցակարգ, չկային ծրագրեր։ Կես տարվա ընթացքում ես հասցրի մշակել ե՛ւ կանոնադրությունը, ե՛ւ ծրագիրը, ե՛ւ 20-ից ավելի ենթաօրենսդրական ակտեր (ըստ կարգերի՝ որբեր, միայնակներ, թափառաշրջիկ երեխաներ, հաշմանդամներ, տնային սպասարկում)։ Հիմա դրա մասին խոսում են՝ բոլորովին չհիշելով ինձ։ Նույնիսկ իրենց իրավունք են վերապահում հայտարարել, որ վերջին մի տարում է գործ արվել։ Այնինչ բոլոր հիմքերը դրվել են, բոլոր տեսական խնդիրները լուծվել են, հարցադրումները արվել են, բյուջեն (սոցիալական մասը- Ա. Գ.) մեկ տարում 12 մլրդ դրամից դարձել է 21,5 մլրդ դրամ՝ իմ նախարար եղած ժամանակահատվածում։ Ես դրանից հետո իհարկե ցավով եմ նայել, թե ինչ է կատարվել համակարգում։

Հարցադրումներն առավել ընդգծված եւ սուր երեւացին, երբ ես հանդիպեցի քաղաքացիների, մարդկանց հետ։ Գիտե՞ք, կարելի է նստել գրասենյակում, քննարկել, գրել, տեսական վարժանքներով զբաղվել, գեղեցիկ խոսել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ ի վերջո, խնդիրների լուծումը եւ այդ լուծումների արդյունավետությունը պետք է փնտրել եւ գտնել տեղերում։ Ինչպիսի արդյունք է դա տալիս, ինչպես է բնակչությունը դրան վերաբերվում, արդյո՞ք օգնում է, ինչպես ասում են, «մեկ փուշ մատից հանելու», թե՞ ոչ։ Ապրիլ-մայիս ամսիներին առիթ ունեցա հանդիպելու իմ ընտրողների հետ եւ սարսափով նկատեցի, որ պետությունը շուրջ 40 մլն դոլար տրամադրել է ընտանեկան նպաստների համակարգին (հասանք- Ա. Գ.) եւ փորձ է անում պետականորեն աջակցել անապահով ընտանիքներին, սակայն այդ լավ խնդիրը, որ պետությունն իր առջեւ դրել է, շրջվել է իր դեմ։ Հարցադրումները, մեխանիզմներն այնքան սխալ են իրականացվել, որ մարդիկ բոլորը դժգոհ են՝ ե՛ւ ստացողը, ե՛ւ չստացողը։ Ես գտնում եմ, որ այս խնդիրը սկզբունքորեն պետք է փոխել, պետք է անդրադառնալ այս հարցերին, պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ իրական անկարո՛ղը ստանա պետության աջակցությունը։

Փաստորեն, այդ «բարի» նպատակը աղավաղվել է եւ ընդդեմ պետության է գործում, այն դեպքում, երբ ես չեմ գտնում ուրիշ մի պետական խոշոր ծրագիր, որտեղ այդքան գումարներ ներդրված լինեն։ Փաստորեն պետությունը շատ մեծ գործ է արել՝ ընտանեկան նպաստներին նպատակաուղղելով ամենամեծ գումարները։ Այլ բան է, որ այն չինովնիկները, գերատեսչությունները, որոնք կոչված են իրականացնելու այդ խնդիրը, ամբողջությամբ աղավաղեցին այն։ Ես գտնում եմ, որ այս առումով պետք է եւ գնահատականներ տալ, եւ այնպես անել, որ պետական աջակցությունն իր նպատակին ծառայի։

– Ընտանեկան նպաստի համակարգում փոփոխությունների մասին կառավարության մայիսի որոշման եւ մեկ ամիս անց դրա կասեցման մասին տեղյա՞կ եք։

– Ես կարծում եմ, հենց դա գնահատականն է այն աշխատանքի, որ դիլետանտական էր. բոլոր ուղղություններով ուսումնասիրված չէր, ճշտված եւ տեղայնացված չէր։ Հակառակ դեպքում, ո՞վ էր տեսել՝ կառավարությունը մայիս ամսին որոշում ընդունի, հունիս ամսին այն կասեցնի։ Այսօր ղեկավարության մեջ նոր փոփոխություններն էլ հենց գնահատական են։

– Ի՞նչ կտան այդ փոփոխությունները, չէ՞ որ Ռազմիկ Մարտիրոսյանը սոցիալական ոլորտի իմացությամբ առանձնապես հայտնի չէ։

– Անպայման չէ, որ առաջին դեմքը ամեն ինչից տեղյակ լինի։ Դա քաղաքականություն է, եկել է քաղաքականություն, որը բերել է իր քաղաքական ներկայացուցիչներին։ Նախարարները միշտ պետք է քաղաքական լինեն, գան-գնան քաղաքականության հետ։ Պետք է կարողանալ պատրաստել այնպիսի չինովնիկների, որոնք կոչված են մշակելու եւ առաջին դեմքին ներկայացնելու քաղաքականությունը, որոնք այս կամ այն նախարարի ցանկություններից կախված չլինեն։ Այնպես չլինի, որ նախարարը գա, սկսի վարչության պետին եւ այլ աշխատակիցների ազատել աշխատանքից եւ բերի «իր մարդկանց»։ Այդպես չպետք է լինի։ Այդ պատճառով է, որ «Պետական ծառայողի մասին» օրենքից խոսում ու խոսում են երեք տարի։ Ես չեմ կարծում, թե խորհրդարանը չէր կարող երեք տարում թեկուզ վատ օրենք ընդունել։ Չէ՞ որ այդ մարդկանց պետք է պաշտպանել, ընդ որում՝ առաջին հերթին նախարարներից, որոնք գալիս ու սկսում են աշխատանքից ազատել իրենց ենթականերին։

Եթե նախարարին ժամանակ է պետք այս կամ այն բնագավառում խորանալու համար, այդ մարդիկ արդեն խորացած մասնագետներ են։ Նրանք պետք է շարունակեն աշխատել եւ ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքները նախարարին, իսկ վերջինս մեծ հաշվով՝ քաղաքականության հաշվով, պետք է այնքան լայնախոհ, փորձված, գիտելիքների (ոչ նեղ առումով՝ գիտելիք, այլ ընդհանուր առմամբ՝ աշխարհայացք, քաղաքականություն, երկրի զարգացման ուղղություն) տիրապետող մարդ լինի, որ կարողանա ճիշտ ընտրել այն հարցադրումները, որոնք արվում են իր աշխատակազմի կողմից։ Ռազմիկ Մարտիրոսյանը եղել է իմ աշխատողը։ Ես գտնում եմ, որ նա գրագետ, խելացի երիտասարդ է։ Եվ գտնում եմ, որ մարդը, որը եղել է մանկավարժ, դպրոցի տնօրեն, լսել գիտի, որը դաստիարակ է, այս գործը գլուխ կբերի։ Մանավանդ սոցիալական համակարգի ղեկավարը պետք է առաջին հերթին լավ մարդ լինի, լսել եւ բարի գործ կատարել կարողանա։ Այդ բնագավառի աշխատող ցանկացած մեկը պիտի առաջին հերթին բարի լինի։ Մարդ լինի, հետո՝ մնացածը։ Որովհետեւ ինքը պետք է զգա դիմացինի ցավը, հոգսը եւ կարողանա օգնել։

Ժողովուրդն այնքան էլ շատ բան չի ուզում, մեր ժողովուրդը սոցիալական արդարություն, ճշմարտություն է ուզում (կարելի է ասել, ժողովուրդն իսկապես շատ բան չի ուզում. այս դեպքում ուզում է ամեն ինչ- Ա. Գ.)։ Ժողովուրդը հարմարվել է, գիտի, որ առաջիկայում էլ է դժվար լինելու. մեկ հարվածով, մեկ մարդով, միայն սուբյեկտները փոխելով հարցերը չեն կարգավորվելու. տնտեսական խնդիրներ կան։ Բայց գոնե եղածի վերաբաշխումը պետք է օրինական կատարվի։ Ընտանեկան նպաստներն այդքան գրգռել են մարդկանց ոչ թե այն պատճառով, որ շատերը չեն ստանում, այլ այն, որ դրանք բաժանելիս անարդարություններ են տեղի ունեցել։ Պետք է այդ անարդարությունների դեմ պայքարել։ Եվ դրան հասարակությունը պետք է օգնի։ Պետք է խնդիրները տեղերում լուծել։ Այստեղ տեղական ինքնակառավարման մարմինների դերը պետք է բարձրացնել։ Պետք է նրան ֆունկցիաներ տալ, պատասխանատվությունը բարձրացնել, նաեւ պահանջելու հնարավորություն ստեղծել։

– Մայիսի որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններին զգալի դեր էր տրվում։

– Պետք է տրվի, սակայն ոչ ամբողջությամբ։ Ընդհանրապես քաղաքականության տերը նախարարությունն է։

Զրուցեց

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031