Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵԼԸ ՍԱՐՍԱՓ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ»

Հուլիս 21,1999 00:00
chgnajam

Հայ իշխանավորները խոսում են պետության «կարգավորիչ դերի» մասին, բայց մինչեւ այսօր դեռ ոչ ոք չի հստակեցրել թե ո՞րն է այդ դերը՝ ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ է պատրաստվում պետությունը վերցնել իր վրա։

Եթե նրանք հերթական անգամ պատրաստվում են ներմուծել որեւէ երկրի մոդելը, ապա այն հերթական անգամ չի աշխատելու, որովհետեւ յուրաքանչյուր երկիր, կախված իր քաղաքական ու տնտեսական իրավիճակից, յուրովի է որոշում այդ դերը։

Դասական տնտեսագետները գտնում էին, որ պետությունը միայն պետք է ընդունի օրենքներ եւ վերահսկի դրանց կատարումը, իսկ շուկայական ուժերը կկարողանան արդյունավետ աշխատեցնել տնտեսությունը։

Նրանք պնդում էին, որ այդ ուժերը կկարողանան տնտեսությունը դուրս բերել ցանկացած ճգնաժամից, սակայն չէին նշում, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի։ Մի շատ կարեւոր հանգամանք, որովհետեւ տնտեսական ճգնաժամերը զուգահեռվում են սոցիալական ծանր իրավիճակով, հետեւաբար նաեւ քաղաքական անկայունությամբ։

20-րդ դարի սկզբին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը երեւան բերեց տնտեսագետների մի նոր սերունդ, որոնք պաշտպանում էին պետության ակտիվ միջամտությունը տնտեսության մեջ։ Այդ տեսակետը լայնորեն տարածվեց ճգնաժամի մեջ հայտնված մի շարք երկրներում։

Նույնիսկ ԱՄՆ-ն, որտեղ միշտ ուժեղ է եղել ազատ շուկայական հարաբերությունների գաղափարը, Մեծ ճգնաժամից դուրս եկավ պետության ակտիվ գործողությունների շնորհիվ գների կարգավորման, աշխատավարձերի ձեւավորման, ֆինանսական վերահսկողության, արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի կարգավորման մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ավերված Արեւմտյան Եվրոպան, չնայած ուներ ազատ շուկայական տնտեսության ավանդներ, ձեւավորված ինստիտուտներ ու մասնագետներ, ընտրեց զարգացման սոցիալ-դեմոկրատական ճանապարհը։ Անհրաժեշտ աշխատատեղերի եւ երկարաժամկետ ներդրումների ապահովման, ինչպես նաեւ պետության համար կարեւոր համարվող արտադրությունների վերականգնման համար, տնտեսության մի շարք ճյուղեր ազգայնացվեցին։ Դա ավելացրեց պետական սեփականության մասնաբաժինը տնտեսության մեջ, որն էլ իր հերթին մեծացրեց պետության դերն ու պատասխանատվությունը տնտեսության ու հասարակության կառավարման մեջ։

Ժամանակը ցույց տվեց, որ դա արդարացված քայլ էր, 1950-70 թթ. արեւմտաեվրոպական երկրների տնտեսությունը արագորեն աճում էր, իսկ սոցիալական ծրագրերը նպաստեցին ժողովրդի բարեկեցության բարձրացմանը։ Միայն 70-ականների վերջին ստեղծված նոր տնտեսական իրավիճակը (կապված վառելիքի ճգնաժամի եւ աճող բյուջեի դեֆիցիտի հետ) ստիպեց մի շարք երկրների անցնել նոր տնտեսական քաղաքականության՝ սեփականաշնորհման։

Հայաստանի համար, քանի որ չուներ շուկայական տնտեսության ավանդներ, անհրաժեշտ ինստիտուտներ ու մասնագետներ, տրամաբանական կլիներ աստիճանաբար անցում կատարել շուկայական տնտեսությանը։ Սակայն չկարողանալով վերահսկել ժառանգություն ստացած հանրային սեփականությունը, հայ իշխանավորները գերադասեցին մի քանի կիսատ-պռատ օրենքներով ու կիսագրագետ մասնագետներով. զանգվածային սեփականաշնորհել այդ ունեցվածքը, «ազատելով» իրենց հետագա պատասխանատվությունից թե հոգեվարքի հասցրած տնտեսության, թե սոցիալական ծանր վիճակի համար։

Պարբերաբար հիշեցնելով, որ պետությունը միայն «կարգավորիչ դեր» պետք է կատարի։ Մինչդեռ պրոբլեմը ոչ թե քանակի, այլ որակի մեջ է։

Շուկայական տնտեսության մեջ հարկային քաղաքականությունն այն մեխանիզմներից մեկն է, որով պետությունը կարգավորում է տնտեսությունը՝ բարձր հարկերը զսպում, իսկ ցածր հարկերը խթանում են տնտեսության աճը։ Ինչպե՞ս է մեր պետությունը կատարում իր «կարգավորիչ դերը»։

Դատելով նրանից, թե ինչպիսի ակտիվությամբ էր խաղարկվում «արդար հարկահավաքության» խաղաքարտը Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների կողմից, դա ժողովրդին հուզող ամենամեծ պրոբլեմներից մեկն է։ «Վերեւում» ընդունած անորակ օրենքները եւ «ներքեւում» իրականացնողների կամայականություններն անբարենպաստ պայմաններ են ստեղծել թե տնտեսության զարգացման, թե բյուջեի եկամուտների ապահովման համար։ Համաձայն կառավարության տվյալների, «տարեկան կտրվածքով վտանգված է ավելի քան 15,5 մլրդ դրամի» մուտքը բյուջե, իսկ դրանք չվճարվող թոշակներ, սոցիալական նպաստներ ու աշխատավարձեր են։

Չնայած դեռ պարզ չէ, թե էլ ինչ «կարգավորիչ դեր» է պատրաստվում պետությունը վերցնել իր վրա, բայց եթե դրանք էլ իրականացվելու են (հավանաբար այդպես էլ կլինի) հարկային եւ մնացած քաղաքականությունների նման, ապա բնական է, որ «պետության կարգավորիչ դերի մասին բարձրաձայն խոսելը սարսափ է առաջացնում»։

ՌՈՒԶԱՆՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031