Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ

Հուլիս 27,1999 00:00
Aghvan Hovsepyan

Վստահ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

-Գլխավոր դատախազությունում կա՞ն այնպիսի քրեական գործեր, որոնց նախաքննությունն ավարտված է եւ որոնք կարող են հասարակական հնչեղություն ունենալ։

-Վերջին ամիսների ընթացքում դատախազական համակարգում տնտեսական հանցագործությունների, առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ դարձյալ պաշտոնատար անձանց կատարած հափշտակումների որոշ գործերի նախաքննությունը ավարտվել է։ Մասնավորապես, կուզեի նշել Բյուրեղավանի ապակու գործարանում հափշտակություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործը։ Գործարանի տնօրենին մեղադրանք է առաջադրված Քր. օրի. 90 հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների համար եւ այս գործն ուղարկված է դատարան։ Նույն Բյուրեղավանի «Խոշոր պանարդ» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի ՓԲԸ-ի տնօրենի գործը նույնպես ուղարկված է դատարան։

Մոտ օրերս դատարան կուղարկվեն «Դողագործ» ՓԲԸ-ի չորս տնօրենների վերաբերյալ քրեական գործերը։ Պետությանը հասցված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 4 միլիարդ 700 միլիոն դրամ։ Այս գործի օրինակով հանձնարարական է ուղարկվել դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որ տեղերում նույնպես ստուգեն հիմնարկ-ձեռնարկությունների պահուստային ռեզերվները, դրանց օգտագործման օրինականությունը եւ օգտագործելուց հետո վերականգնման փաստերը։ Մասնավորապես, «Դողագործ» ՓԲԸ-ի չորս տնօրեններին մեղադրանք առաջադրելը պայմանավորված է հենց նրանով, որ նրանք օգտագործել էին այդ միջոցները եւ այնուհետեւ չէին վերականգնել։

-Մամուլում հաղորդագրություններ եղան օդանավակայանում եւ երկաթգծի համակարգում մի շարք ձերբակալությունների վերաբերյալ։ Ի՞նչ գործերի են առնչվում դրանք։

-Կարեւորագույն գործերով քննիչների վարույթում քննվում են Հայաստանի երկաթգծի վարչության նախկին պետ Ասրիյանցի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների փաստերով քրեական գործեր։ Կան կալանավորվածներ։

Մի քանի ամիս է, քրեական գործ ենք քննում ավիացիայի բնագավառում կատարված հանցագործությունների վերաբերյալ եւ խոսքը նույնպես առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին է։ Կալանքի տակ են երկու անձ՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պետ Ղազարյանը եւ «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ի վերգետնյա սպասարկումների ծառայության պետ Արեւշատյանը։

-Մինչ Ձեր պաշտոնավարումը ընդունված գործելակերպ էր վնասի փոխհատուցման հիմքով տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերի կարճումը։ Որոշ փաստեր աչքի առջեւ ունենալով, կարելի է ենթադրել, որ այժմ հրաժարվե՞լ եք այդ գործելակերպից։

-Այո, հրաժարվել եմ, քանի որ վնասի վերականգնումը դեռեւս քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք չի։ Վնասի վերականգնումը կարելի է դիտել որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք։ Եթե մեղադրյալը վնասը ամբողջությամբ վերականգնել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք հնարավոր է չկիրառվի, դատարանում չնշանակվի պատիժ՝ կապված ազատազրկման հետ։

Վնասի վերականգնումը, որպես դատախազական գործունեության, քննչական աշխատանքի չափանիշ, իհարկե, կարեւորում եմ։ Եվ նշեմ, որ շուրջ մեկ շաբաթ առաջ դատախազության հաշվեհամարի վրա գտնվող գումարներից պետբյուջե է փոխանցվել մոտ 1 միլիոն դոլար։ Պարզաբանեմ նաեւ վերջերս մամուլում հրապարակված մի թյուրիմացություն, այս հաշվեհամարի կարգադրիչը ոչ միայն դատախազն է ու ՆԳ նախարարը, այլ նաեւ ֆինանսների նախարարը, եւ մեզնից որեւէ մեկն իրավունք չունի այս հաշվեհամարի միջոցներն օգտագործել իր քմահաճույքով կամ ցանկությամբ։ Հաշվեհամարի միջոցները պիտի բյուջե վերադարձվեն, եթե, իհարկե, բյուջեին է հասցված վնասը։

-Վնասների վերականգնման մասին հարցս նախեւառաջ վերաբերում էր Արշակ Սադոյանի հարցապնդման հիմքի վրա հարուցված քրեական գործերին, որոնցից երկուսն արդեն դատարան են փոխանցվել, չնայած պատճառված վնասի փոխհատուցմանը։

-Այժմ կարեւորագույն գործերով քննիչների վարույթում կան հանրապետության էներգետիկայի բնագավառում կատարված հանցագործությունների վերաբերյալ մի շարք գործեր։ Այո, դատարան է ուղարկվել Վանաձորի էլեկտրացանցի տնօրենի եւ մի քանի այլ անձանց նկատմամբ գործը։ Ինչպես նաեւ՝ էներգետիկայի փոխնախարարի, որը միեւնույն ժամանակ «Հայէներգո» պետական ձեռնարկության տնօրենն էր, նրա տեղակալի, գլխավոր հաշվապահի եւ մի քանի այլ անձանց նկատմամբ գործն է ուղարկվել դատարան՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեղադրանքներով։ Այս գործերով, իրոք, շուրջ 350 հազար դոլարի վնասի վերականգնում է եղել։

-Արշակ Սադոյանն «Առավոտին» տրված հարցազրույցում մտահոգություն էր արտահայտել, որ այս գործն այն ծավալներով չի քննվում, ինչպես ինքն էր ներկայացրել. 60-70 հազար տոննա մազութի խնդիրը դատախազությունն անտեսում, եւ 200 տոննայի վերաբերյալ գործն են դատարան ուղարկում եւ ընդհանրապես, «խավարի ու ցրտի» տարիների համար պատասխանատվության են կանչվում մանր ձկնիկները, իսկ խոշոր շնաձկները մնում են անպատիժ։

-Բայց մենք քրեական պատասխանատվության ենք ենթարկել եւ գործն ուղարկվել է դատարան՝ նախարարի տեղակալին առաջադրված մեղադրանքներով։ Չգիտեմ, դա խոշո՞ր է, թե՞ մանր, համենայնդեպս, նախաքննությամբ հիմնավորվել է կատարված հափշտակության փաստը։

Ես չեմ կարող պնդել, թե էներգետիկ ամբողջ համակարգի պաշտոնատար անձինք բոլորը միասին հանցագործություն կատարելու նախնական համաձայնության են եկել։ Բնականաբար, ես դրան չեմ հավատում։ Եթե որոշակի գործերով, որոշակի փաստերի վերաբերյալ ապացույցներ ունենանք անձին մեղադրելու համար, բնականաբար, նրան կներգրավենք որպես մեղադրյալ եւ գործը կուղարկենք դատարան։

Խոշոր է, թե մանր՝ կարելի է որոշել նաեւ հափշտակված գումարից։ Մենք ապացուցել ենք առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, որը տասնյակ միլիոնների է հասնում։ Միգուցե կան ավելի խոշո՞ր գումարների հափշտակության փաստեր։ Բայց դրանց վերաբերյալ մենք դեռեւս ձեռք չենք բերել ապացույցներ։

Ես անձամբ բազմիցս պրն Սադոյանին հրավիրել եմ ու խնդրել, որ ինքը քննիչի հետ աշխատի եւ եթե ունի փաստեր նման հանցագործությունների վերաբերյալ՝ տրամադրի մեզ։ Եվ Սադոյանը բոլոր հնարավորություններն ուներ տրամադրել անհրաժեշտ նյութեր եւ ակտիվորեն մասնակցել նախաքննության անմիջական գործընթացին։ Այժմ էլ կարող եմ առաջարկել պրն Սադոյանին՝ եթե նրա տրամադրության տակ կան համապատասխան փաստեր, խնդրում եմ տրամադրել մեզ։

-Մեկ այլ հին գործի վերաբերյալ. երբ 9-ամսյա կալանքից ազատ արձակվեց ներքին զորքերի նախկին հրամանատարի նախկին տեղակալ Սերգեյ Մխիթարյանը, որը կալանավորվել էր Մարիուս Յուզբաշյանի սպանության գործին ինչ-ինչ առնչությամբ, պարզ դարձավ, որ այս արդեն իսկ ավանդաբար չբացահայտվող համարվող սպանությունը դեռ շարունակում են հետաքննել։

-Ի՞նչ է նշանակում «ավանդաբար չբացահայտվող»։ Ես այդ մասին, որ գործը չի բացահայտվելու, լսել եմ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանից։ Ոչ միայն ես՝ նա ի լուր բոլորի հայտարարեց այդ մասին։

Որպես հանրապետության գլխավոր դատախազ՝ չեմ կարող ասել, թե այդ գործը կբացահայտվի կամ ոչ։ Ու զարմացած եմ, թե ինչպես կարող էր պրն Սիրադեղյանը հայտարարել, որ այդ գործը չի բացահայտվի։ Երեւի նրան այդ գործերի հետ կապված ավելի՞ էական հանգամանքներ են հայտնի։

-Այնուամենայնիվ։ Սերգեյ Մխիթարյանին կալանելու առիթը նշվում է փողոցային «ռազբիրատի» ընթացքում նրա մի արտահայտությունը. «Քեզ էլ Յուզբաշյանի օրը կգցենք»։ Ավելի լուրջ հանգամանքներ կայի՞ն, թե՞ կասկածի առիթը միայն այդ խոսքն էր։

-Սերգեյ Մխիթարյանին, իրոք, կալանքից ազատ ենք արձակել եւ նրա նկատմամբ ընտրված է այլ խափանման միջոց։ Նախաքննությունը դեռեւս շարունակվում է։

-Ավանդաբար չբացահայտվող ասելով նկատի ունեի այն գործերը, որոնց մասին անընդհատ այս էլ քանի տարի հարցեր ենք ուղղում։ Նման գործերից են նաեւ Համբարձում Գալստյանի եւ Վարդգես Պետրոսյանի սպանությունները։ Դրանց բացահայտման առումով որեւէ տեղաշարժ կա՞։

-Ձեր ասածից կարելի էր հետեւություն անել, որ այդ գործերը տարեցտարի ավելանում են եւ մնում են չբացահայտված։ Ես համաձայն չեմ, քանի որ վերջին տարիներին ահագին տեղաշարժեր եղել են նման գործերում։ Գիտեք այդ գործերի մասին, որոնք բացահայտվել են, եւ որոշակի անձինք մեղադրվել են այդ հանցագործությունների մեջ։ Այժմ էլ դատական քննություն է կատարվում այդ անձանց նկատմամբ։

Հանրապետությունում ունենք բազմաթիվ չբացահայտված սպանությունների գործեր, որոնցով քննիչները պարբերաբար աշխատանքներ են կատարում։ Վանո Սիրադեղյանը հայտարարել էր ոչ միայն Յուզբաշյանի գործի մասին, այլեւ Համբարձում Գալստյանի սպանության մասին, թե չի բացահայտվի։ Չեմ կարող ասել՝ կբացահայտվե՞ն այդ գործերը, թե՞ չեն բացահայտվի, համենայնդեպս, դրանցով նույնպես աշխատանքներ ենք կատարում։

-Վանո Սիրադեղյանի վերաբերյալ այսքան ակնարկներից հետո տեղն է նրա գործին էլ անդրադառնալ։ Ինչո՞ւ հնարավորություն չընձեռվեց նրա փաստաբաններին առավել հանգամանալից, իրենց խնդրած լրացուցիչ մեկամսյա ժամկետում եւս ծանոթանալ գործի նյութերին։

-Ամբողջ 39 հատորանոց քրեական գործն իր լրիվ ծավալով պատճենահանված եւ փաստաբանների տրամադրության ներքո է։ Այդ փաստաբաններից կան մարդիկ, որոնք 41 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ չեն եկել գործի նյութերին ծանոթանալու, այդ թվում նաեւ՝ Տիգրան Ջանոյանը, որն այս ընթացքում զբաղված է եղել բազմաթիվ այլ գործերով։ Կարծում եմ, որ փաստաբանները պետք է նշանակություն տան այս հարցին եւ նկատի ունենան, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ մի ձեռքով 10 ձմերուկ բռնել չի կարելի։ Եվ եթե նա ու մնացած բոլոր փաստաբաններն այս կամ այն անձի իրավական պաշտպանության պարտավորությունն են ստանձնում, պիտի բարի լինեն կատարել իրենց պարտականությունները։

-Սերժ Ջիլավյանը մամուլում հայտարարել էր, թե Աղվան Հովսեփյանն իրեն ամենայն աջակցություն է խոստացել, որ Ռուսաստանի Գերագույն դատարանը վերաքննի 1995-ին իր դեմ հարուցված գործը եւ արդարացնի իրեն։

-Ես ինչպե՞ս կարող եմ նրան խոստումներ տալ մի գործընթացի արդյունքների մասին, որը տեղի կունենա այլ պետության մեջ։

-Ի՞նչ կարծիքի եք Արմեն Տեր-Սահակյանի՝ հոգեկան շեղումներ ունենալու մասին։

-Արմեն Տեր-Սահակյանի՝ հոգեկան հիվանդ լինելու կամ չլինելու հանգամանքի առնչությամբ կարող եմ միայն ասել, որ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Եվ դատահոգեբուժական փորձագետների եզրակացության համաձայն՝ նա ճանաչվել է հոգեպես առողջ մարդ։

Այժմ Տեր-Սահակյանը հոգեկան հիվանդության, այսպես ասած, դերակատարում է անում։ Եվ կարծում եմ, նման պայմաններում նրա փաստաբանները կարող են փորձաքննություն նշանակելու միջնորդություն անել, ինչը չեն անում։ Իսկ թե ինչու՝ խնդրում եմ իրենց հարցնել։

-Ավարտվե՞լ է արդյոք Արծրուն Մարգարյանին առնչվող քրեական գործերի նախաքննությունը։ Եվ ի՞նչ, որդեգրված հիմնական վարկածն ինքնասպանությո՞ւնն է։

-Արծրուն Մարգարյանի հետ կապված քրեական գործերով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Երեւի թե որոշ ժամանակ անց քննիչը վերջնականապես կամփոփի արդյունքները, այդ գործով ձեռք բերված ապացույցները, եւ կկայացվի համապատասխան որոշում։

Միայն նշեմ, որ այդ գործով նշանակվել եւ կատարվել են դատական 51 փորձաքննություններ՝ տարբեր բնույթի, տարբեր մասնագետների ներգրավմամբ։ Քննչական աշխատանքի իմ փորձից ելնելով ասեմ, որ սա մեծածավալ աշխատանք է։

-Վերջում մի նոր գործի էլ անդրադառնանք։ Հուլիսի 11-ին Աջափնյակի համայնքապետի ընտրության ժամանակ տեղի ունեցած միջադեպի քննությունն ի՞նչ փուլում է։

-Այդ խուլիգանական արարքների առնչությամբ հարուցված բոլոր քրեական գործերը միավորվել են քննչական մի վարույթում։ Նախաքննությունը կատարվում է հատկապես կարեւոր գործերով քննիչի կողմից։ Քննչական խմբում ներգրավված են շուրջ 17 քննիչներ եւ ներկայացված բոլոր փաստերի, հանգամանքների վերաբերյալ կատարվում է լրիվ եւ բազմակողմանի քննություն։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031