Լրահոս
Օրվա լրահոսը

Դիկտատոր բանակի եւ անթրաշ նախագահի մասին

Նոյեմբեր 25,1999 13:15

«Երբ լռում է Սահմանադրությունը, խոսում է բանակը». Հայկական նոր ասացվածք

Հոկտեմբերի 27-ից հետո Սահմանադրության երաշխավորը՝ նախագահը, եւ Հայրենիքի Պաշտպանը՝ բանակը, իրար լրացնելով պատմում են, թե ով էր ավելի քաջ։ Հետո քաջության մասին բանավեճը վերափոխվեց երկրի տիրոջ մասին քաղաքական ճգնաժամի։

Ահաբեկչությունը անակնկալի բերեց ողջ հանրապետությունը։ Անակնկալի եկան թե կառավարությունը, թե քաղաքական մյուս ուժերը, բայց, որ ամենացավալին է՝ անվտանգություն ապահովող կառույցները։ Ոստիկանության եւ ազգային անվտանգության կոնկրետ օպերատիվ ստորաբաժանումները, բայց նաեւ՝ ղեկավարությունը, առաջին պահերին կաթվածահար էին եղել։ Ենթադրվում է, թե այս ուժերը ենթարկվում են Երաշխավորին, իսկ բանակը, որպես տվյալ պահին երկրի անվտանգության համար պատասխանատու միակ գործուն ուժ, պարտավոր էր առաջին իսկ պահից փորձել գործընթացները վերահսկելի դարձնելու իրեն հասու միջոցները։

Իրականում կաթվածահար էր հանրապետության ողջ ղեկավարությունը, կառավարությունը գլխատված էր եւ գերված էր Ազգային ժողովի շենքում, պատանդ էր նաեւ Ազգային ժողովը, այդ իսկ պատճառով՝ քաղաքական կուսակցությունների զգալի մասը։ Նախագահը նույնպես որոշակի իմաստով պատանդ էր ԱԺ շենքում, իսկ բանակն ապահովում էր իր գլխավոր հրամանատարի անվտանգությունը։ Բանակն իր հրահանգաշարում այս դեպքերի համար օպերատիվ գործունեության որոշակի անկախություն պետք է ունենա, այլապես բոլորով իսկապես դառնում ենք 3-4 հոգու ռեակցիայի արագության պատանդ։

Նախագահը՝ որպես գլխավոր հրամանատար, պարտավոր էր արագ կողմնորոշվել եւ արտակարգ իրավիճակների վերաբերյալ անհապաղ հանձնարարականներ տալ։ Սակայն նրա գործողությունները շփոթված էին ու չկոորդինացվող։ Որեւէ կազմակերպված ուժ՝ բանակից բացի, գոյություն չուներ, եւ նա էլ ստանձնեց պատասխանատվությունը ոչ միայն խորհրդարանի շրջակայքում, այլեւ՝ հանրապետությունով մեկ կենսագործունեությունը ապահովող այլ ոլորտներում ու օբյեկտներում։

Իրավիճակի նկատմամբ պատասխանատվությունն առավել սրում էր այն հանգամանքը, որ բանակի հետ կապի մեջ մտնող անվտանգության մարմիններն ու բարձրաստիճան իշխանավորները տիրող իրադրության վերաբերյալ տալիս էին հակասական տեղեկություններ, ինչը խորացնում էր տպավորությունը, թե վերջիններս դեռ չեն վերագտել վերահսկողությունը։ Միաժամանակ, առաջին ժամերի ընթացքում որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հանդես չեկավ իրավիճակի գնահատականի եւ քաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, ինչը պատասխանատու ուժին պարտավորություն էր տալիս դեպքերն օպերատիվ վերահսկել։

Բանակի մտահոգության առարկա էր նաեւ առաջին իսկ պահից օտարերկրյա զինված խմբավորումների հրավիրումը, ինչը ճգնաժամային պայմաններում լայն դուռ էր բացում պետական հեղաշրջման, անգամ՝ անկախության կորստի համար։ Նաեւ նրանց կառավարելի պահելու համար էր անհրաժեշտ բանակի կողմից իրադարձությունների վերահսկումը։ Ոճրագործության բացահայտումը, թիկունքում կանգնած «ժողովրդի արյունը ծծողների» եւ «կապիտալիզմի շնաձկների» հարաբերակցության որոշումը դեռեւս մնում է Հայաստանի քաղաքական զարգացումները որոշող գործոն։ Վախ կար, որ հավաքված անհասկանալի ղեկավարմամբ ոստիկաններն ու կագեբեականները օտար զորքի աջակցությամբ դիտավորյալ կամ անփութությամբ կոչնչացնեին ահաբեկիչներին՝ Հայաստանը տարիներով թաղելով փոխադարձ փուչ (միայն քաղաքական) մեղադրանքների ու այդ հիմքով պերմանենտ հեղաշրջումների հորձանուտը։ Բանակի միջոցով գոնե առաջին մոտարկմամբ չեզոքացվեց հետքերը կոծկելու վտանգը։

Չպետք է անտեսել նաեւ հզոր էմոցիոնալ գործոնը՝ զոհվել էր Հայոց բանակի հիմնադիրն ու Սպարապետը, որի մահը խաղաղ պայմաններում իր հայրենակցի ձեռքից անհեթեթ ու անհավատալի էր թվում, իսկ քաղաքական իշխանությունների հակազդեցությունն ուշանում էր։ Սա թվում էր մինչ այդ իրագործված բազմաթիվ սպանությունների, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, չբացահայտման անհեթեթ, բայց՝ բնական հետեւանք։ Ինքնապաշտպանության բնազդն իսկ գեներալիտետին պարտադրում էր ստանձնել վերահսկողությունը։

Հայաստանի Հանրապետության կյանքում բանակն իրականում ավելի մեծ դեր է խաղացել, քան շատ եւ շատ այլ երկրներում։ Բանակի բուռն արձագանքը հոկտեմբերի 27-ի դեպքերին ոչ թե քաղաքական իշխանություն գրավելու անհիմն հայտ էր կամ գլխավոր հրամանատարին չենթարկվելու անհնազանդության ցույց, այլ երկրի ապագայով մտահոգ պատասխանատվություն։ Բանակն այստեղ նշանակալիորեն շատ ավելի մեծ լեգիտիմություն ունի, քան իշխանության ցանկացած այլ մարմին, սա քննարկման այլ հարց է՝ առանձին տեղ եւ առանձին լրջությամբ։ Սակայն փորձերը բանակին սարքելու հեքիաթային մոնստր՝ լինի բարի, ինչպես գեներալիտետի որոշ պնդումներում, կամ չար, ինչպես ավանդապատեհապաշտ որոշ ուժերի կողմից, միայն վարկաբեկում է երկրում գործուն մնացած այս ուժը ու հանում է ոչ միայն աչքը, այլեւ անունը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930