Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 11,1999 00:00
zinvor

Ինչպե՞ս են բացահայտվում դրանք

Խաղաղ պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների ծնողների ցույցերն առիթ դարձան, որ նրանց բողոքները բազմիցս արծարծվեն մամուլում։ «Առավոտը» փորձեց զինվորական դատախազությունից պարզել, թե բողոքող ծնողների որդիների մահվան առնչությամբ հարուցված քրեական գործերի քննությունն ինչ փուլում է։

Կարեն Ոսկանյանի գործը

1996-ի հունիսին կրտսեր սերժանտ Կարեն Ոսկանյանը հայտնաբերվել էր զորանոցի 3-րդ հարկի աստիճանահարթակում՝ գլխի վնասվածքներով։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել էր։

Դատաբժշկական փորձագետների եզրակացության համաձայն, Կարեն Ոսկանյանն այդ վնասվածքները կարող էր ստանալ 4-րդ հարկի աստիճանահարթակից 3-րդ հարկի աստիճանահարթակ վայր ընկնելուց։ Եվ այս եզրակացության հիման վրա քրեական գործը կարճվել էր։

Սակայն ՀՀ գլխավոր դատախազը եւ զինվորական դատախազը վերացրել էին քրեական գործը կարճելու եւ կասեցնելու որոշումները եւ 1997-ի հուլիսին կատարված լրացուցիչ փորձաքննությամբ պարզվել էր, որ Կարեն Ոսկանյանի գլխի վնասվածքները պատճառվել են բութ եւ կոշտ առարկայի հարվածից։

Կատարված լրացուցիչ նախաքննությամբ բացահայտվել էր, որ այդ վաշտի հրամանատար Արմեն Գրիգորյանը 1995-97-ին պարբերաբար հավաքել է վաշտի զինծառայողների աշխատավարձերը՝ վերջիններիս համար հիգիենայի պարագաներ գնելու նպատակով, սակայն հավաքված գումարի մեծ մասը յուրացրել է։ Արմեն Գրիգորյանը նաեւ վաշտի ծխող զինծառայողներին հավաքել է իր աշխատասենյակում եւ փայտե թախտին պառկեցնելով նրանց հարվածներ է հասցրել եւ ստիպել երդվել, որ այլեւս չեն ծխի։ «Դրանով իսկ ստիպել է զինվորներին հրաժարվել իրենց հասանելիք ծխախոտներից եւ յուրացրել է դրանք»,- սա մեջբերում է այս գործի նյութերից։ Միայն Կարեն Ոսկանյանն այդպիսի երդում չի տվել։ Արմեն Գրիգորյանն իր հեղինակությունը չկորցնելու եւ զինվորների աշխատավարձերն ու ծխախոտները հավաքել շարունակելու համար՝ զենքով հարվածել է Կարեն Ոսկանյանի գլխին, որի հետեւանքով էլ նա մահացել է։ Այժմ Կարենի մայրը՝ Թագուշ Ոսկանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի ընդունելության ժամանակ բողոքել էր, թե նորից արգելակվել է իր որդու գործի նախաքննությունը, որում առաջխաղացում կար Գագիկ Ջհանգիրյանի նշանակումից հետո։

Մինչդեռ այս գործի վերաբերյալ արդեն իսկ դատավճիռ կա՝ 1999-ի մարտի 30-ին Արմեն Գրիգորյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Ուղղակի այդ դասակի հրամանատար Ալեքսանդր Վատյանը, որը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել իշխանության անգործության համար, համաներմամբ ազատվել էր պատժի կրումից։ Իսկ դասակի մեկ այլ հրամանատարի՝ Գ. Սեւոյանի մասով դատարանը գործը լրացուցիչ քննության էր ուղարկել։

Սմբատ Հակոբյանի գործը

Զինծառայող Վրեժ Միրգյանը ցուցմունք էր տվել, որ 1997-ի հուլիսին Սմբատ Հակոբյանի հետ կատակելիս, ինքնաձիգի փողն ուղղել էր վերջինիս վրա եւ անզգուշաբար կրակել գլխին։ Դրանից հետո ինքնաձիգը ձեռքից մեխանիկորեն բաց էր թողել, որի հետեւանքով արձակվել էր երկրորդ կրակոցը։ Վրեժ Միրգյանը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Սակայն տուժողը վճռաբեկ գանգատ էր ներկայացրել, պատճառաբանելով, թե արարքը սխալ է որակված եւ, որ Վրեժ Միրգյանը պետք է դատապարտվեր դիտավորյալ սպանություն կատարելու համար։ Զինվորական գործերի դատական կոլեգիան 1997-ի նոյեմբերին դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել էր լրացուցիչ նախաքննության։ 1998-ի հունիսին Սմբատ Հակոբյանի մայրը՝ Անահիտ Փիլոյանը եւ հայրը՝ Սաշա Հակոբյանը զինվորական դատախազին դիմում էին ներկայացրել դիակի արտաշիրմում կատարելու միջնորդությամբ։ Մինչ այդ Անահիտ Փիլոյանն իր ցուցմունքում նշել էր, թե հուղարկավորությունից առաջ Սմբատ Հակոբյանի մատների եւ պարանոցի շրջանում նկատել է կոտրվածքների նշաններ։ Արտաշիրմումից հետո փորձաքննությամբ հերքվել է նման վնասվածքների առկայությունը։ Սակայն Սմբատ Հակոբյանի ծնողները դարձյալ իրենց անհամաձայնությունն են հայտնել փորձաքննության արդյունքների նկատմամբ՝ առանց որեւէ հիմքի։ Այնուամենայնիվ, քննության ընթացքում նրանց բոլոր պահանջները հաշվի են առնվել, ստուգվել բոլոր պատճառաբանությունները, նրանց առաջարկներին համապատասխան քննչական գործողություններ են կատարվել…

Այս գործը մի քանի անգամ լրացուցիչ նախաքննության է ուղարկվել։ Եվ միայն 1999-ի աշնանն ավարտված նախաքննությամբ Վրեժ Միրգյանին մեղադրանք է առաջադրվել արդեն խուլիգանական դրդումներով, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար։ Դատաքննությունը դեռեւս չի սկսվել։

Արամ Բարսեղյանի գործը

Այս գործով կատարված նախաքննությամբ 1996-ին հիմնավորված էր համարվել, որ Արամ Բարսեղյանը մահացել է թշնամու գնդակից եւ գործը կարճվել էր։ 1997-ի հունվարին այդ որոշումը վերացվել էր եւ հանձնարարվել լրացուցիչ նախաքննություն կատարել։ Հաջորդող 3 տարիների ընթացքում գործը երեք անգամ կարճվել է եւ վերսկսվել։ Միայն 1999-ի հուլիսին է դիտավորությամբ սպանության մեղադրանքով կալանավորվել լեյտենանտ Ռոբերտ Բեգլարյանը, իսկ դեպքին ականատես 4 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Առայժմ հնարավոր չի եղել պարզել նրանց գտնվելու հնարավոր վայրերը։

1999-ի հոկտեմբերին Ռոբերտ Բեգլարյանի խափանման միջոցը փոխվել է. նա հանձնվել է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի երաշխավորությանը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, չնայած Արամի մայրը՝ Քնքուշ Բարսեղյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության ժամանակ պնդել էր, թե գործը կարճվել է։

Հովհաննես Հովհաննիսյանի գործը

1998-ի մարտին մարտական դիրքում ականի պայթյունից զոհվել էր Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ Սայաթ Պետրոսյանը՝ մարմնական վնասվածքներ ստացել։ Հովհաննեսի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը կասկած էր հայտնել, թե ինչպե՞ս էր որդին այդ վայրում հայտնվել։ Մինչդեռ նախաքննությամբ գոնե այս հարցի պատասխանը հստակ տրվել է։ Նաեւ պարզ է, որ Հովհաննես Հովհաննիսյանը վայելել է համածառայողների հարգանքը եւ նրա նկատմամբ երբեք բռնություն չի գործադրվել։

Հարություն Մուսայելյանի գործը

Հրապարակվել է, թե այս զինվորի հայրը՝ Բաղիշ Մուսայելյանն ինքն է հետաքննություն իրականացնում։ Իսկ մեր տրամադրության տակ առկա փաստաթղթի համաձայն, այս հանցագործությունը բացահայտվել է դեռ 1999-ի փետրվարին։ Եվ պարզվել է, որ Հարություն Մուսայելյանի հետ վիճելուց հետո նրան ինքնաձիգով սպանել էր Արմենակ Հարությունյանը։ Վերջինս ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, կալանավորված է։ Սակայն քննությունը շարունակվում է՝ ճշտվում են դեպքի այլ հանգամանքները։

Շարունակելի

Կարելի էր շարունակել այս ցանկը եւ բանակում կատարված դեպքերի քննությամբ բացահայտված տասնյակ այլ օրինակներ վկայակոչել։ Ընդ որում, զգալի տոկոս է կազմում անցած տարիներին քննությամբ փակուղի մտած հանցագործությունների բացահայտումը։ Եվ էլի օրինակներ է կարելի բերել, երբ զինդատախազության բերած բողոքի հիման վրա կատարված լրացուցիչ քննությամբ պարզվել է նախապես ինքնասպանություն որակված գործի իրական պատկերը։ Երկար կլիներ նաեւ նախապես կարճված, կասեցված, բայց վերջին տարիներին զինդատախազության կողմից նախաքննությունը վերսկսված գործերի թվարկումը։

Ուստի մասնավոր դեպքերից արժե անցնել այն ընդհանուր բնույթի մեղադրանքներին, որ այս հետաքննությունների առիթով զինդատախազությանն ուղղում են որդեկորույս ծնողներն ու «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ «Առավոտի» դեկտեմբերի 15-ի համարում կարդացեք զինվորական դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանի եւ Հովհաննես Պալյանի պարզաբանումները։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031