Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԺՎԱՐ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼԸ»

Դեկտեմբեր 15,1999 00:00
zinvorakan dataxazutyun

Զինվորական դատախազության ներկայացուցիչներին խնդրեցինք պատասխանել այն մեղադրանքներին, որ բանակում կատարված սպանությունների բացահայտման առնչությամբ իրենց առաջադրում է մասնավորապես «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը։

Պատասխանատվության են ենթարկվում միայն շարքայիննե՞րը

Որդեկորույս ծնողները պնդում են, թե այն սպանությունների գործերում, որոնց թելերը տանում են դեպի հրամկազմ, ձգձգումներ են լինում։ Սպայակազմը, որպես կանոն, դուրս է մնում պատասխանատվության ենթարկվողների շրջանակից։ Ամեն ինչ փորձում են ավարտել մեկ այլ շարքայինի կամ սերժանտի դատապարտելով։ «Զինվոր եւ իրավունք» կազմակերպության ղեկավար Արա Հովհաննիսյանն անգամ նշել էր, թե իրենց հայտնի 40-50 գործերից միայն մեկ դեպքում է, որ մեղադրյալի կոչումը սերժանտից բարձր է։ Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Պալյանն այս առնչությամբ մեջբերեց հենց բողոքներից մեկի՝ Թագուշ Ոսկանյանի որդու Կարենի սպանության դեպքը, որի համար 15 տարվա ազատազրկման դատապարտված հակատանկային վաշտի հրամանատար Արմեն Գրիգորյանը լեյտենանտ էր, իսկ հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար Ալեքսանդր Վատյանն՝ ավագ լեյտենանտ։

Արա Հովհաննիսյանը մամուլում հայտարարել էր. «Կա կոնկրետ դեպք, երբ N զորամասում 7-8 սպանություն է կատարվել, բայց հրամանատարին աստիճանի բարձրացում են տվել»։ Այս խնդիրը պարզաբանելու մեր հարցին ի պատասխան պրն Պալյանն ասաց. «Մենք այդպիսի զորամաս չունենք, որտեղ 7-8 սպանություն եղած լինի»։ Ենթադրություն հայտնեց, թե նկատի են ունեցել Նոյեմբերյանի զորամասը, բայց դրա հրամանատար Խաչմանուկյանին հեռացրել են աշխատանքից. «Եվ այնտեղ ոչ թե սպանություններ են եղել, այլ 2 հոգի կայծակահարությունից մահացավ, մյուսի գլխին ծառ էր ընկել եւ այլն»։

Ի դեպ, բանակում մահվան դեպքերը այս տարի շուրջ 45%-ով նվազել են եւ դրանց գերակշիռ մասը դժբախտ պատահարների կամ անզգուշորեն կատարված հանցագործությունների դեպքեր են։

Իսկ ընդհանրապես, զինվորական դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը հրապարակեց, որ այս տարվա 10 ամիսների տվյալներով, դատապարտված 932 զինվորականներից 104-ը սպաներ են (լեյտենանտից մինչեւ փոխգնդապետ), 21-ը՝ ենթասպաներ։

Ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում անբարեխիղճ հետաքննողները

Մի՞թե իրեղեն ապացույցների անտեսումն ու ոչնչացումը քրեորեն հետապնդելի արարք չէ. ինչու են այս զանցանքների դիմած կայազորների դատախազները կամ քննիչները միայն հեռացվում համակարգից եւ չեն ենթարկվում պատասխանատվության։ «Ամբողջ խնդիրն այն է, որ քննիչը, դատախազը կամ դատավորը կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, եթե քննության ընթացքում պարզվի, որ նա հատուկ դիտավորությամբ շեղել է գործի քննությունը, դեպքի մեխանիզմը, ցանկացել է տապալել գործը եւ ոչ անաչառ քննության արդյունքում կայացրել է աչառու վճիռ, որոշում եւ այլն»,- այս պարզաբանումները մեզ ներկայացրեց ԶԴ դատարաններում մեղադրանքի պաշտպանության բաժնի ավագ դատախազ Ժաննա Կոտիկյանը։

Զինդատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը դիտավորությամբ կատարված արարքի մի օրինակ վերհիշեց, երբ Ասկերանի զինվորական դատախազության ավագ օգնական Սերգեյ Հովհաննիսյանը փորձագետի եզրակացության վերջին էջը փոխել ու իրեն հարմար ձեւով էր տպագրել։ Ուստի եւ արարքը ոչ ճիշտ էր որակվել։ Սերգեյ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նա կալանավորվեց, բայց ԼՂՀ նախագահի 1998-ի փետրվարի համաներմամբ ազատ արձակվեց։

«Մի քանի դեպքեր կան, երբ քննիչը, դատախազը համապատասխան եզրակացության են հանգել որոշակի տուժողների եւ վկաների ցուցմունքների հիման վրա։ Բայց եղել է, որ հետագայում նրանք իրենց ցուցմունքները փոխել են, խոստովանել, թե կեղծ ցուցմունքներ են տվել, քանի որ մեկին ահաբեկել են, մյուսին սպառնացել եւ այլն։ Բնականաբար, այդ պայմաններում, կեղծ ցուցմունքների հիման վրա ոչ ճիշտ էլ եզրակացություն է ստացվել։ Իսկ այստեղ չեմ տեսնում ո՛չ քննիչի, ո՛չ էլ դատախազի մեղքը»,- ասաց տիկին Կոտիկյանը։

Ոչ նա, ոչ էլ մեր զրուցակիցներից որեւէ մեկը, բնականաբար, չկարողացան մտաբերել եւ ոչ մի դեպք, որ քննիչները միտումնավոր ոչնչացրած լինեին իրեղեն ապացույցները։

«Ապացույցներն էլ այնքան քիչ են լինում… Զինվորները մեծ մասամբ խուսափում են ցուցմունք տալ։ Եվ շատ դժվար է զինվորական հանցագործությունները բացահայտել»,- այս պնդումը եւս պատկանում է Ժաննա Կոտիկյանին, որն, ի դեպ, մինչ այս 25 տարի փաստաբան է աշխատել, 5-6 տարի՝ դատավոր։

Հետախուզումների անարդյունավետություն

Ծնողները բողոքել էին, թե մինչ գործերին ընթացք է տրվում, մեղավորները հասցնում են հեռանալ Հայաստանից եւ հետախուզումներն անարդյունավետ են։ Հովհաննես Պալյանն այս առնչությամբ ասաց, թե նախ այս խնդիրը միջպետական պայմանագրերով մասամբ է կարգավորված եւ հետո. «Հետախուզումը շատ թանկ հաճույք է՝ մի զինակոչիկի կամ հանցագործի հետախուզումը պետությունից բավական միջոցներ է պահանջում»։ Արմեն Հարությունյանը հավելեց. «Զինդատախազությունը հետախուզում չի իրականացնում։ Դա մեր լիազորություններից դուրս է»։ Վերջինս օպերատիվ օժանդակության խնդիր է, այս զրույցներից ստացածս տպավորությամբ՝ բավական խնդրահարույց։

Ի դեպ, Հովհաննես Պալյանը պատմում էր, թե մասնավորապես սպանությունների գործերով հնարավոր ճնշումները բացառելու նպատակով զինդատախազությունը կիրառում է նոր մարտավարություն՝ տուժողները եւ ականատես վկաները տեղափոխվում են հատուկ առանձնացված զորամաս:

Միայն միջնորդություններ

Այսպիսի մի մեղադրանք էլ կա, որ չեն վերհանվում սպանությունների դրդապատճառները, զինդատախազությունը չի ցանկանում ներթափանցել, թե շատ անգամ հանցագործությունների պատճառը սպայակազմի անբավարար հսկողությունն է, նորակոչիկներին, այսպես ասած, կոտրելու եւ նման երեւույթները։ Այս ամենին ի պատասխան, Ժաննա Կոտիկյանն ասաց, թե ամեն մի քրեական գործի մեջ կարող ենք հանդիպել ՊՆ-ին կամ տվյալ զորամասի հրամանատարին ուղղված մի միջնորդագրի. «Եվ եթե հանցագործությունը կատարվել է սպաների եւ ենթասպաների հսկողության բացակայության պայմաններում կամ վերջիններիս գործողությունները նպաստել են կատարվածին՝ միջնորդվում է, որ նրանց վարքագիծը քննության առարկա դառնա, լուծվի նրանց աշխատանքում մնալու կամ չմնալու հարցը։ Սա նշանակում է, որ զինվորական դատախազությունը քննության ավարտից հետո ձեռնարկում է նաեւ հնարավոր միջոցները, որ արմատախիլ արվեն հանցագործությունը ծնող պատճառները»։

Ի դեպ, զինվորական դատախազն անձամբ հետեւում է, որ այդ միջնորդագրերը կատարվեն եւ դրանց հիման վրա բազմաթիվ հրամանատարներ տարբեր աստիճանի կարգապահական տույժերի են ենթարկվել՝ ազատվել զբաղեցրած պաշտոններից, զրկվել նյութական խրախուսման միջոցներից, իջեցվել են զինվորական կոչումները եւ այլն։

Մեղադրանք, որին համամիտ էին

Ծնողներն այս գնահատականն էին տվել, թե թերի են կատարվում տեղազննությունները եւ անգամ ամենապարզ քննչական գործողությունները, եւ ընդհանրապես՝ զինդատախազությունը համալրված չէ համապատասխան գիտելիքներով օժտված մասնագետներով։ Եթե Ժաննա Կոտիկյանը չհամաձայնեց այս պնդմանը՝ մեջբերելով իր գիտական կոչումը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, զինդատախազի տեղակալները, որոնք երկուսն էլ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականներ են, համաձայնեցին, թե այդ գնահատականում որոշ ճշմարտություն կա։ «1992-ին, երբ ստեղծվել էր զինվորական դատախազությունը, այն համալրվել էր հիմնականում այն կադրերով, որոնք դուրս էին մնացել ՆԳ, ԱԱՆ, ՊՆ եւ դատական համակարգից»,- Արմեն Հարությունյանը պարզաբանեց, թե խոսքը մասնավորապես ծայրամասային կայազորների մասին է՝ ոչ զինվորական դատախազության կենտրոնական ապարատի։

Նոյեմբերի 11-ից զինդատախազության աշխատակիցների ատեստավորումն է սկսվել։ Մինչ օրս ատեստավորվել են 6 կայազորի դատախազություններ, 4 հոգի ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ դրանց անհամապատասխանության պատճառով, 6 հոգու 3 ամիս ժամկետ է տրվել, որ փորձեն բարձրացնել իրենց մասնագիտական տեսական գիտելիքների մակարդակը։ Մի խոսքով, համակարգի «մաքրում» է ընթանում, որ մի օրում լուծվելիք հարց չէ։ Արմեն Հարությունյանը նշեց, թե ազատվածների կամ միաժամանակ զինդատախազությունից ՀՀ զինդատախազի նախաձեռնությամբ զանազան թերացումների համար հեռացվածների քանակը շատ մեծ է. «Եթե ժամանակին մարդ չէինք կարող գտնել սահմանամերձ կայազորներում աշխատանքի համար եւ ստիպված էինք անտեսել այս կամ այն քննիչի, օգնականի թեթեւ, ոչ ակնհայտ ու ոչ դիտավորյալ թերացումները, այսօր ընդհակառակը, հոսք է նկատվում դեպի զինվորական դատախազություն»։

Եվ վերջապես, մի տվյալ այն մեղադրանքի առնչությամբ, թե վերջին կես տարում զինդատախազությունն արգելակել է գործերի քննությունը եւ տեղաշարժեր չկան։ Միայն սեպտեմբերին ու միայն կենտրոնական ապարատից նախկինում եւ ընթացիկ տարում կատարված սպանությունների մեկ տասնյակի չափ գործեր են ուղարկվել առաջին ատյանի դատարաններ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031