Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մտածիլ մի»

Հունվար 20,2000 00:00

«Մտածիլ մի» «Դարձյալ սրվել է իրավիճակը Ղարաբաղում», «Սամվել Բաբայանը գրոհում է»՝ հայաստանյան լրատվամիջոցների վերնագրերի ազդեցության տակ ահասարսուռ տեսարանները հետապնդում էին ինձ Երեւան-Ստեփանակերտ ողջ ճանապարհի ընթացքում: Ըմբոստ խռովարար Սամվել Բաբայանը /նրան սատարող «Երկրապահով»/ թուր ու թվանքը կապած դուրս էր ելնում նախագահ Արկադի Ղուկասյանի /եւ նրան սատարող Արցախի պատերազմի վետերանների/ դեմ: Մյուս կողմից էլ լեռներից իջնում էր թուրքը ու անգութ խփում աջ ու ձախ: Մղձավանջային այս տեսարանները ի դերեւ ելան, երբ ձյունածածկ Լաչինը անցնելով, հասանք Շուշի ու հետո մայրաքաղաք՝ 2000 թվականի առաջին ձյունը լուսաբացին Ստեփանակերտը դարձրել էր հեքիաթային մի քաղաք՝ խաղաղ ու կատարյալ: Առաջին տպավորիչ հանդիպումներս Ստեփանակերտում՝ ՀՕՄ-ուհի, ՀՅԴ անդամ Արտեմիս Գրիգորյանի եւ վարչապետի տիկնոջ հետ էին: Արտեմիսը տաս տարի առաջ Ավստրալիայից եկել է Ղարաբաղ ու մնացել այս երկրում: Արտեմիսը ոչ միայն ղարաբաղյան բարբառն է յուրացրել, այլեւ ռուսերեն բավականին շատ բառեր գիտի: Վարչապետ Անուշավան Դանիելյանի կինը՝ Զոյան, կես տարի է, ինչ ապրում է Ղարաբաղում, հիացած է մեր բնությամբ /նա կենսաբան է/ եւ զարմացած է մեր, մեղմ ասած, փնթիության վրա: «Պատկերացնո՞ւմ եք, Տատիկ ու Պապիկի վրա բազմաթիվ նորագույն «փորագրեր» կան՝ անուններ, տարեթվեր: Բայց չէ՞ որ դա Ղարաբաղի խորհրդանիշն է»,- անկեղծորեն զարմացել էր վարչապետի այլազգի կինը: Ամուսնու հետ Ղարաբաղով շրջելիս տեսել էր նաեւ 2000-ամյա պատմական Ծառը՝ սոճին, որն իբրեւ բնության բացառիկ նմուշ պատկերվել եւ նկարագրվել է բուսաբանական զանազան աշխատություններում: Դարձյալ զարմացել էր, որ փչակում վառվող մոմերը փաստորեն կործանում են Ծառը: Ստեփանակերտում էլ ես զարմանալի շատ բաներ նկատեցի: Կրպակներից մեկից սփռվող ակնհայտ թուրքական երաժշտությունը լսելով սկսեցի հարցուփորձ անել։ Վաճառողը ժխտեց ենթադրություններս. «Հա, թուրքական մուզիկա յա, էս տարի 200 հատ ունեի, լոխ վաճառվալ ա, մինն ա մնացալ, գինը 500 դրամ»: Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում «ալտերնատիվ» տոնածառեր կային՝ մեկը նախագահականի դիմաց /«սա Արկադի Ղուկասյանն ա տրյալ»/, մյուսը՝ քաղաքապետարանի նվերն էր երեխաներին: Քաղաքական հարցերին այս առաջին նյութում չանդրադառնալով ասեմ, որ Ղարաբաղի թե պետական «Ազատ Արցախ», թե անկախ՝ «10-րդ նահանգ» թերթերի լրագրողներն էլ հայաստանցիներիս պես դատական գործերի մեջ են, ինչը, մեր խորին համոզմամբ, եւս ժողովրդավարական ընթացքների վկայությունն է: Տարիներ առաջ «ԼՂ հանրապետություն» թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ Հայաստանի մամուլում տպագրված մեր հարցազրույցը գործընկերոջս պաշտոնանկության եւ ռազմաճակատի առաջին գիծ ուղարկվելու պատճառ հանդիսացավ: Առայժմ՝ այսքանը: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել