Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ

Փետրվար 26,2000 00:00
ynddimadir

Կան եկամտաբեր պորտֆելներ

Բացի «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանից՝ նոր ձեւավորվելիք կառավարության գործունեության արդյունավետությունը կասկածի տակ են առել նաեւ նախորդ «հանցագործ ռեժիմի» ներկայացուցիչները։ Թե՛ պարոն Գեղամյանը, թե՛ նախկին ղեկավարներն այդ կառավարությունում ներգրավված չեն։ Ուստիեւ կարող են լիարժեքորեն շարունակել իրենց համարել ընդդիմադիր ուժ։ Ու եթե Արտաշես Գեղամյանը հասցրել է դեմքի վշտահար արտահայտությամբ հարցազրույցներ բաժանել տարբեր լրատվամիջոցներին, նախկինները (գոնե մինչեւ այսօր) ձեռնպահ էին մնում որեւէ կարծիք հայտնելուց։

«Առավոտն», ամեն դեպքում, դիմեց նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներին՝ ճշտելու նրանց մտորումները կառավարության վերաձեւման շուրջ։

Արա Սահակյան (ԱԺ երբեմնի փոխխոսնակ, սրամիտ, ինչ-որ չափով փիլիսոփա). «Այսօր կառավարության կազմի մասին կարող են խոսել միայն նրանք, ովքեր չեն կարողանում թաքցնել իրենց անբավարարվածությունն այնտեղ չլինելու պատճառով։ Պետք է սպասել նոր կառավարության կազմի հրապարակմանը, խորհրդարանին նրա ծրագրի ներկայացմանը եւ նոր կառավարության առաջին քայլերին։ Այդ ժամանակ իրեն քիչ թե շատ հարգող քաղաքական ուժ կարող է իրեն թույլ տալ տեսակետ հայտնել»։ Չտպագրելու համար նա արտաբերեց նաեւ «Կարճ ասած՝ վառված սրտի մխիթարանք» միտքը։

Մեր հարցին՝ արդյո՞ք պրն Սահակյանին ծանոթ չէ նորընծա կառավարության կազմը՝ առավել կոնկրետ խոսելու համար, նա ճշտեց, որ կազմի մասին գաղափար ունի… զոքանչի պատմածներից (սույն աղբյուրի ինֆորմացիային վստահող պրն Սահակյանի թերահավատությունը նորընծա կառավարության հանդեպ լիովին հասկանալի է)։

Նույն հարցով դիմեցինք նաեւ «արմատական» Տեր Հուսիկին։

Տեր Հուսիկ Լազարյան (կարգալույծ չեղած քահանա, որը դեռեւս շարունակում է համալրել Աստծո սպասավորների շարքերը, ԱԺ նախկին պատգամավոր, բիզնեսմեն). «Դեռեւս հայտնի չէ, թե ինչ ծրագրի շուրջ են համախմբվել այդ քաղաքական ուժերը։ Չեմ կարծում, որ այս կամ այն կուսակցությանը կառավարությունում տեղ տալով՝ կարող են երկիրը փրկել։ Իմ կարծիքով, նոր կառավարության անդամները համախմբվում են չեղած ծրագրի շուրջ։ Գուցե հրաշք կատարվի եւ ծրագիր հայտնվի»,- քրիստոնեական հեզությամբ ասաց Տեր Հուսիկ Լազարյանը։

«Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության մյուս անդամը, որը համաձայնեց իր «տեսակետն» արտահայտել, Շահեն Պետրոսյանն էր. «Ինչ կարծիք որ նախկին կառավարության մասին ունեի, նույն կարծիքն ունեմ նաեւ նախորդի նախորդ եւ նոր ձեւավորվելիք կառավարության մասին։ Այսինքն՝ կարծիք չունեմ։ Ինձ շատ քիչ է հետաքրքրում այս ամենը։ Եվ հետո, ինչպե՞ս կարելի է կարծիք հայտնել գոյություն չունեցող բանի մասին։ Ո՛չ, կարծիք չունեմ»։ Շահեն Պետրոսյանն իր խոսքն ամփոփեց այսպես. «Քանի Բլեյանը բանտում է նստած, բոլորն էլ դատապարտված են։ Այդ թվում եւ դուք»։ (Թե ինչու եմ դատապարտված նաեւ ես, արդեն պրն Պետրոսյանը կիմանա)։

Կարապետ Ռուբինյանը, ինչպես եւ իր գործընկեր քաղաքական գործիչները, տարակուսած էր «համաձայնության կառավարություն» ստեղծելու գաղափարի վրա. «Քաղաքական որեւէ շրջանակի մեջ այս իրադարձությունը չի տեղավորվում։ Անհեթեթություն անհեթեթության հետեւից։ Աբսուրդի թատրոն։ Ապաքաղաքականացված մի խորհրդարան, հատուկ ծրագիր եւ կողմնորոշում չունեցող ապաքաղաքականացված կառավարություն»։

Մեր հարցին. «Ըստ Ձեզ՝ նորաստեղծ կառավարությունը դատապարտված է անհաջողությա՞ն», պրն Ռուբինյանը պատասխանեց. «Ցանկացած կառավարություն դատապարտված է։ Խնդիրն այն է, որ փորձ է արվում դատապարտել նաեւ երկիրը»։

Կարծիքները գրի առավ

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Հ. Գ. Զավեշտական իրավիճակ է՝ «ռեւանշիստները» եւ Արտաշես Գեղամյանը միասի՛ն հայտնվեցին միեւնույն՝ ընդդիմության դաշտում։ Պարոն Գեղամյանի վաղեմի երազանքը՝ բանտեր նետել, ապա եւ հրապարակային պատժի ենթարկել «նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներին», անորոշ ժամանակով հետաձգվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829