Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՌՆ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՂՄՈՒԿ

Մարտ 10,2000 00:00
agasi arshakyan

– Պրն Արշակյան, կարծիք կա, որ Հայաստանի անդամակցության խնդիրը Ռուսաստան-Բելառուս դաշինքին, լուրջ մտածված եւ վերլուծված չէ…

– Դա փուչ կարծիք է։

– Փուչ են նաեւ այն լուրե՞րը, թե դաշինքին Հայաստանի անդամակցության համար կազմակերպված ստորագրահավաքն ու այս նախաձեռնությունն ընդհանրապես, ֆինանսավորվում է Ռուսաստանից։

– Դա էլ լրբություն է, եղա՞վ։

ԱԺ միջխմբակցային պատգամավորական խմբի նախաձեռնությամբ երեկ առաջին անգամ լսումներ եղան Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս («Ռ.-Բ.») դաշինքին անդամակցելու թեմայով։ Արտգործնախարարությունից մասնակցում էր փոխնախարար Արտաշես Թումանյանը, որը սթափեցնող մի հարց տվեց. «Ինչո՞ւ են Ռուսաստանն ու Բելառուսը ձգտում այս միությանը. իրե՛նց մոտիվները որոնք են, մե՛ր մոտիվները որոնք են։ Մենք միանում ենք, որ, ինչպես ասում եք, փրկվենք։ Նրանք է՞լ են միացել, որ փրկվեն։ Եթե մոտիվները նույնը չեն, մենք նույն տեքստով չենք կարող միանալ»։

Հետաքրքիր է, որ պատգամավորները 15 րոպեն մեկ պարբերականությամբ հարցնում էին. «Եկեք նախ ճշտենք՝ ինչ ենք քննարկում»։ Շատերն իրենց համար անակնկալ պարզեցին, որ այդ դաշինքին միանալը տնտեսական համագործակցությունից զատ, նաեւ քաղաքական հետեւանքներ է ենթադրում։ Հատկապես իր ուշագրավ հռետորական հարցերով աչքի էր ընկնում Նապոլեոն Ազիզյանը։ Օրինակ՝ «Տարբերություն կա՞ Եվրամիության եւ ա՛յս միության միջեւ։ Ո՞րն ա»։

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը հարցն անպատասխան չթողեց՝ շարադրելով իր իմացություններն այս թեմայով, ապա նաեւ ցուցադրեց ռուսերենի փայլուն իր իմացությունը՝ ընթերցելով մի հատված «Ռ.-Բ.» դաշինքի պայմանագրից, որը նվիրված էր եվրոյին եւ ռուբլուն։ Չփախցնելով պահը՝ Աղասի Արշակյանը գոչեց. «Ես չե՜մ թաքցնում. մենք ապագայում պիտի մտնե՜նք ռուբլու գոտի։ (…) 2-3 հարյուր հատ չեյնջ պահելու համար ուզում եք ազգային դրամ պահե՞ք»։ Այս մտքից հետո հավաքված բոլոր պատգամավորները միաբերան իրենց տեսակետները սկսեցին արտահայտել։ Աղմուկ էր։ Այդ պահին աղմուկի միջից մեկը խնդրեց պարզաբանել, թե… վերջապես ինչ հարց են քննարկում. «4-րդ անգամ եմ ասում, էս վիճակից դուրս գալու ելք եմ առաջարկում»,- հոգոց հանեց Աղասի Արշակյանը։ «Փոքր երկիր ենք, ի՜նչ պիտի անես։ Հիմա՝ մեզ ԱՄՆ-ն պիտի պահի՞, թե Եվրոպան»։ Իր կողքին նստած Հրանտ Ոսկանյանին պրն Արշակյանը ներկայացրեց վերոնշյալ հարցի հեղինակին. «Վրեժն ա մեր։ Շահգելդյան։ Ջա՜ն, Վրեժ»։

«Օրինաց երկրի» մի ներկայացուցչի հետաքրքրում էր, թե միանալով դաշինքին՝ ազգային վալյուտա ունենալո՞ւ ենք։ Սակայն Աղասի Արշակյանը հարցը այլ հարթություն տեղափոխելու վտանգ զգաց՝ ասելով՝ դա «սադոյանականություն» է. «Ես անձամբ ոչ մեկի համար ապագա չեմ տեսնում։ Դրա համար տանջվում եմ, ձեզ էլ հավաքել եմ։ Հրավիրել եմ նաեւ մեր կարծիքը չկիսող մարդկանց։ Հիմա մեզ չէ ասողը պիտի ասի՝ որն ա՞ հա-ն»։ Հայաստանի անդամակցությունը «Ռ.-Բ.» դաշինքին, ըստ պրն Արշակյանի, կարող է բարենպաստ լինել նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրում։ Սակայն Արտաշես Թումանյանը պարզաբանեց, որ, ըստ պայմանագրի, այդ միությանը կարող է անդամակցել միայն միջազգային սուբյեկտը։ Իսկ Արցախը միջազգային սուբյեկտ չէ։ Ուրեմն ինչպե՞ս պետք է կարգավորվեն միջպետական հարաբերությունները, սահմանները եւ այլն։ Այն, որ մեր արտաքին քաղաքականության օրակարգում դաշինքին անդամակցելու հարց չկա, պրն Թումանյանն այս կերպ հիմնավորեց. «Բացում եմ նախագահի նախընտրական ծրագիրը, այնտեղ չեմ տեսնում դաշինքին անդամակցելու հարցը։ Բացում եմ «Միասնության» ծրագիրը։ Այնտեղ եւս նման բան չկա։ Ուզում եք, որ արտգործնախարարությունը սկսի ինքնուրո՞ւյն գործընթաց»։

Անկասկած է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմական բազմաթիվ պայմանագրեր, եւ այս միության անդամակցությունը, կոնկրետ Ռուսաստանի հարցում մեզ ոչ մի նոր բան չի տա։ Սակայն պրն Արշակյանը մի լուրջ հակափաստարկ ուներ. «Բելառուսը, բառացիորեն եմ ասում, պատրաստ է տրակտորն ու ծիրանը իրար հետ մեկը մեկին (՞) փոխել, չենք ուզում խոսակցության մեջ մտնել»։ Իսկ ավելի լուրջ՝ պրն Թումանյանը փաստեց, որ ե՛ւ տակտիկայում, ե՛ւ ստրատեգիայում գործադիր իշխանության աշխատանքի հնարավորությունները Հայաստանում հասցված են զրոյի։ Հարցի լրջությունն ու կոնսպիրացիան ապահովելու համար լրագրողները դուրս հրավիրվեցին։ Միայն հավաքարարը նեղսրտեց. ուզում էր դահլիճի դուռը շուտ փակել, տուն գնալ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031