Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակողմանի զիջումներով դուք Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու, նրանք հայկական ինքնության ու հայկական գործոնի վերացումն են ուզում»․ Ռուստամյան

Ապրիլ 23,2024 18:50

«Հատվածական սահմանազատումն Ադրբեջանի հորինածն է, շատ պարզ պատճառով՝ ինքն ասել է՝ մենք պետք է ամեն տվյալ հատվածի վերաբերյալ կոնկրետ ինչ-որ քարտեզի մասին խոսենք։ Մարդիկ ասել են եւ իրենց գծով գնում են»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա հիշեցրեց, որ ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է որպես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ։ Այդ ակտը չի  փոխվել, իսկ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքները 114 հազար քկմ են։

«Փոխանակ մենք պահանջենք, որ իրենք այդ ակտը փոխեն, իրենք են մեզանից պահանջում, որ մեր Սահմանադրությունը փոխենք, եւ մենք հլու-հնազանդ դա կատարում ենք։ Ձեզ է թվում, թե Ադրբեջանն  Ալմա-Աթան ընդունում է։ Ալմա-Աթան հաստատում է այն ժամանակ, երբ մեզնից պետք է ինչ-որ բան ստանա։ Այդպես արեց, Արցախը տվեցինք, ասացինք՝ բռավո, Ալմա-Աթան ընդունում է։ Իրեն պետք էր Արցախն ստանալ, ստացավ, հիմա պետք է այս հատվածը՝ Տավուշը, որովհետեւ այստեղ մնացել է մեր ամուր առաջնագիծը։ Եթե ինքն ուզենա դա վերցնել, զոհեր է տալու, պրոբլեմ է ունենալու։ Ինչո՞ւ պետք է զոհերի ճանապարհով գնա, մենք կտանք։ Դրա համար Ալմա-Աթան նորից վերածնվել է, որովհետեւ ինքը բան ունի ստանալու։ Եվ հետո ասելու է՝ սա գործում է այնքան ժամանակ, քանի դեռ մենք համաձայնության չենք եկել։ Եվ եթե ինչ-որ համաձայնության մեջ այլ կարգավորում  եղավ, ուրեմն կգործի այդ կարգավորումը։ Ուրեմն Ալմա-Աթայի սկզբունքը չեղավ անվերապահորեն գործող»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքներ են Տավուշի այն տարածքները, որոնք հանձնվում են թշնամուն։ «Ուստի, այդ տարածքների հանձնումը, սահմանների ճշտումը հակասում է մեր սահմանների մասին օրենքին եւ Սահմանադրությանը։ Եվ ըստ էության անհրաժեշտություն է, որ դուք գնաք ժողովրդին հարցնեք՝ փոխեք, թե չփոխեք։ Դուք եք ասել՝ ժողովրդի ցանկությամբ ենք անում, հիմա գնացեք, այդ ժողովրդին հարցրեք՝ այս սահմանների փոփոխությունը ձեզ լավ է, թե՞ վատ է։

Ձեր դիվանագիտությունը հետեւյալն է՝ նախ հիմնավորվում է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները ճիշտ են, դրանով լեգիտիմացվում է Ադրբեջանի կողմից ցանկացած միջոցներով դրանք վերադարձնելու իրավունքը, ասել է, թե ապահովվում են Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հիմքերը։ Հիմա դուք արդեն պատերազմ սկսելու հիմքերը տվել եք իրենց, ասել եք՝ այս 4-ը ձերն է, հիմա եթե չտաք, իրենք կասեն՝ ո՞նց, դուք եք ասել, որ մերն է, չեք ուզում տալ, պատերազմով կվերցնենք։ Մի անգամ ձեր ղեկավարն ասել է՝ մենք պատրաստ ենք զիջել այս ագրեսիվ երկրին, բայց չգիտենք՝ մինչեւ ինչքա՞ն զիջենք, որ բավարարվեն։ Իսկապես, դուք չեք հասկանում՝ ինչքա՞ն է սրանց ախորժակը, անհնար է սրանց բավարարել։ Այս միակողմանի զիջումներով դուք Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու, նրանք մեր հայկական ինքնության ու հայկական գործոնի վերացումն են ուզում։ Եվ դա էլ անում, այս ճանապարհը, որը տվեցինք, մի կարեւոր ռազմավարական գիծ է։ Եվ, ուրեմն, այս շղթան կտրել է պետք, այս միակողմանի զիջումները տանելու են այս տարածքներում «արեւմտյան Ադրբեջանի» հաստատմանը»,- ասաց Ռուստամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930