Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը բեղավո՞րն էր

Ապրիլ 15,2000 00:00
Petros makeyan

Թեեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարներից եւ ոչ մեկին ՀՀ նախագահը պաշտպանության փոխնախարարի պաշտոն չի տվել, սակայն կուսակցությունը ներքին հակասությունների, որոշ կուսակցականների կարծիքով՝ անգամ պառակտման եզրին է։

Դա պարզ դարձավ կուսակցության երեկ կայացած 2-րդ համագումարի ընթացքում, երբ պետք է ընտրվեր «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահը։ Մինչ թեկնածուների առաջադրումը, իր հաշվետու զեկույցում փոխնախագահ Պետրոս Մաքեյանը քննադատեց նախագահ Քոչարյանին՝ ապօրինաբար իշխանության գալու, իր վարչապետության օրոք երկրի համար ստրատեգիական կարեւորություն ունեցող կապի համակարգը վաճառելու եւ այլ մեղքերի համար։ Ըստ պրն Մաքեյանի՝ երկրի իրական տերը ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանն էր, որը նաեւ ստվերային տնտեսության հայրն էր։ Սերժ Սարգսյանի պատվերով ԱԺ-ում ընդունվում էին օրենքներ, որոնք ոչ մի տրամաբանության չէին ենթարկվում։

«Որոշ ուժեր՝ գործարքի մեջ մտնելով իշխանության հետ, ամայացրին քաղաքական դաշտը, իսկ դաշնակցականների հայտնի միտինգից հետո (98 թ. հոկտեմբերի 30- Լ. Ա.), որը պատվիրված էր, սկսվեցին հալածանքներ»։ Որպես հալածվածներ պրն Մաքեյանը տվեց Աշոտ Բլեյանի եւ «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանի անունները։ Իսկ Սերժ Սարգսյանը՝ ԱԱ եւ ՆԳ նախարար լինելու «երեք հանցավոր տարիներից» հետո՝ փոխանակ պատժվելու, առաջ քաշվեց։ Այս փաստը պրն Մաքեյանին եւ նրա միտքը ծափերով ողջունողներին հիմք է տալիս ենթադրելու, որ նա հովանավորվում է նախագահի կողմից։ Կարճ ասած՝ Քոչարյանը պետք է հրաժարական տա, իսկ նոր նախագահը՝ ցրի խորհրդարանը։ Նույն մոտիվն իր ելույթում զարգացրեց «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը՝ ավելացնելով, որ Մեղրին փոխանակելու տարբերակը լրջացել է, եւ, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի գալուց հետո սառեցվել է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը։

«Կենգուրուներ թամաշա անելու համար էկզոտիկ երկրներ գնացող» ԱԺ նախագահի թիկնապահներին էլ անդրադարձավ պրն Թոքմաջյանը՝ մտածե՞լ է, արդյոք, ԱԺ նախագահը, թե իր թիկնազորի պահվածքի պատճառով քանի շտապօգնության մեքենա պետք է այդ օրը դուրս գա աշխատանքի։ Հռետորը նաեւ ապշած էր, որ բենզինի գնի աճը շուկայում այլ ապրանքների գների աճ չարձանագրեց. «Անոմալ երեւույթ է, տնտեսագիտական մտքին անհարիր»։ ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը նկատեց, որ ԱԺ-ում Քոչարյանին ծնկաչոք ծափահարող ուժեր կան, որոնք չդիմագրավեցին «այս այլանդակություններին»։ Իսկ նախկինների հետ հաշվեհարդար տեսնելուն միտված «էս մարդիկ չեն պատկերացնում, որ իրենք ընդդիմություն չեն, իշխանություն ունեն»։ «Նոր ուղի» կուսակցության փոխնախագահ Գեորգի Վանյանն՝ առիթից օգտվելով՝ ողջունեց Աշոտ Բլեյանին, որը «ճաղավանդակի հետեւից իր աննկուն խոսքը հասցնում է այս թշվառ ազգին»։

Հետո սկսվեցին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի ընտրության քննարկումները, ու պարզ դարձավ, որ կուսակցության ներսում լուրջ տարաձայնություններ կան։ Կուսակցության նախագահի երեք թեկնածուներ կային՝ Պետրոս Մաքեյան, Արմեն Կիրակոսյան, Գարիկ Ազատյան։ Սոս Գիմիշյանը (որի թեկնածությունը եւս քիչ անց դահլիճից առաջադրեցին) ելույթ ունեցավ եւ ասաց, որ քանի որ կուսակցության հիմնադրի՝ Էդվարդ Եգորյանի նման լիդեր իրենք չունեն, մեկ հոգի, մեկ նախագահ ունենալու դեպքում (եթե անգամ դա ինքը լինի) կուսակցությունը կտարրալուծվի։ Դրան Պետրոս Մաքեյանն առարկեց՝ ասելով, որ կուսակցությունն առնվազն 10 լիդեր ունի։ Ինքնաբացարկ հայտնեց Արմեն Կիրակոսյանը, ապա Մաքեյանը կրկին խոսեց. «Համանախագահությանը դեմ եմ։ Ես էլ եմ պատրաստ ետ վերցնել թեկնածությունս։ Սակայն մնում է Գարիկ Ազատյանը, որը հրաժարվել է լինել քաղաքական խորհրդի անդամ։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է կուսակցությունը տանի առաջ»։

Գարիկ Ազատյանը ճշտեց, որ Էդվարդ Եգորյանի նման որեւէ մեկը չի կարող առաջնորդել կուսակցությունը, այդ պատճառով է ինքը հեռացել քաղխորհրդից եւ նույն պատճառով էլ ինքնաբացարկ է հայտնում։ Ինքնաբացարկ հայտնեց եւ քաղխորհրդից դուրս եկավ նաեւ Սոս Գիմիշյանը՝ լքելով դահլիճը։ Ցուցակում մնաց Պետրոս Մաքեյանը՝ այլեւս դառնալով «ԺՀ» կուսակցության նախագահը։

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ պրն Գիմիշյանն ասաց, որ «վտանգավոր էր նախագահ ընտրել, որովհետեւ այսօրվա գործող քաղխորհրդում չկա մշակված ուղի, ռազմավարություն։ Մենք շատ տարբեր ենք մտածում, լուրջ գաղափարական պրոբլեմներ կան։ Սրանից ելնելով՝ առաջարկում էինք վճիռները միասնական կայացնել»։ Պետրոս Մաքեյանը «Առավոտին» ասաց, որ համագումարն է որոշել ընտրել նախագահին եւ «Պետրոս Մաքեյանի կամ Սոս Գիմիշյանի դուրս գալով կուսակցության հետ որեւէ բան չի կատարվի։ Իհարկե, շատ մեծ կորուստ է»։

Թեեւ պրն Մաքեյանն իր ելույթում նշում էր, որ կուսակցությունն ունի առնվազն 10 լիդեր, ակնհայտորեն ուռճացված է։ Կուսակցությունն ուներ մեկ լիդեր, որը, սակայն, ողջ չէ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930