Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում նշել են Քրիստափոր Իվանյանի տարեդարձը

Դեկտեմբեր 20,2021 18:55

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, որն այժմ տեղակայված է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անունը կրող ուսումնարանի շենքում, այսօր նշվել է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր Իվանյանի ծննդյան տարեդարձը:

Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ անվանի հայորդու ծննդյան օրվա առիթով ուսանողներն ու դասախոսները միջոցառումներ են կազմակերպել, իսկ նրա հուշարձանի մոտ ուղղակի ծաղիկների հեղեղ է եղել:

«101 տարի առաջ այս օրը ծնվել է հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկը գեներալ -լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը: Անցնելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա մի քանի անգամ ներկայացվել է Խորհրդային միության հերոսի կոչման, սակայն ինչ-ինչ պատճառներով միշտ մեկ աստիճան ցածր պարգեւատրումներ է ստացել, թեեւ լուրջ դերակատարություն է ունեցել իր ղեկավարած օպերացիաներով:

Երբ սկսվում է Ղարաբաղյան շարժումը եւ ընթանում են պատերազմական գործողություններ, նա առանց պատրաստվելու տնից դուրս է գալիս, եւ ընտանիքի անդամները մի քանի օր անց ստանում են հաղորդագրություն, որ գտնվում է Լեռնային Ղարաբաղում:

Իվանյանը մտնում է բանակի հրամանատարի մոտ, առաջարկում իրեն ուղարկել ռազմաճակատ; Նա ղեկավարում է մեծ թվով օպերացիաներ եւ դրանցից մեկի ժամանակ՝ Ջաբրայիլի տարածքում վիրավորվում է, սակայն խույս տալով բժիշկներից, կրկին վերադառնում եւ շարունակում է ղեկավարել մարտական գործողությունները՝ մինչեւ տարածքների լիակատար ազատագրումը»,- նշեց Հովհաննես Թոքմաջյանը:

Նա հավելեց, որ ցավոք, Քրիստափոր Իվանյանը Արցախի հերոսի կոչման է արժանացել հետմահու: «Ծնված լինելով Վրաստանում, ամբողջ կյանքն ապրելով Հայաստանից դուրս՝  հայրենիքի համար դժվարին ժամանակներում նա վերադարձել է Հայաստան եւ իր պարտքը կատարել իր ժողովրդի առաջ»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031