Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 13,2000 00:00

ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ Կամ «օպերկոտ» ձախից Երեկ խորհրդարանը տապալեց այն օրենքը, որով կենսաթոշակառուներին եւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկության արտոնություն էր սահմանվում։ Ընդ որում, նախ չընդունեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությունը՝ այն է, այդ հարցին անդրադառնալ 2001 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ (ընդամենը 34-ը «կողմ» քվեարկեցին, 29-ը «դեմ» էին, 10-ը «ձեռնպահ»)։ Բայց հաջորդ քայլի ժամանակ, երբ պիտի նախագահի վետոն հաղթահարեին ու դարձյալ ընդունեին այս օրենքը՝ ձայները կրկին բավարար չեղան (ընդամենը 36-ն էին «կողմ», 22-ը «դեմ» էին եւ արդեն 11-ը՝ «ձեռնպահ»)։ Եվ սա այն օրենքն էր, որը մայիսի 3-ին ընդունվել էր գրեթե միաձայն՝ 91 «կողմ», 1 «դեմ» (Հակոբ Հակոբյան, 43 ընտրատարածք), 0 «ձեռնպահ»։ Մի կողմ թողնենք առայժմ՝ այս օրենքը դատապարտվա՞ծ էր թղթի վրա մնալու, ամբոխահաճ նկատառումներո՞վ էր թելադրված եւ այլն։ Դիտարկենք միայն, թե ինչպե՞ս են մեր պատգամավորները մեկ ամսվա ընթացքում փոխում իրենց դիրքորոշումները։ Պարույր Կարապետյանը, որ մայիսի 3-ին «կողմ» էր քվեարկել, երեկ օրենքն ընդունելուն արդեն «դեմ» էր։ Հարություն Փամբուկյանը, որը նույնպես նախկինում «կողմ» էր, այս անգամ չմասնակցեց քվեարկությանը։ Արմեն Մխիթարյանը տարօրինակ էր քվեարկել. առաջ «կողմ» էր, իսկ երեկ «դեմ» էր ե՛ւ նախագահի առաջարկությանը, ե՛ւ օրենքն ընդունելուն։ Մարտին Հովհաննիսյանը նույնպես մայիսի 3-ին «կողմ» էր եղել, երեկ օրենքի ընդունմանը «դեմ» քվեարկեց։ Ալեքսան Հակոբյանը՝ նույն կերպ վարվեց։ Մանուկ Գասպարյանը՝ նախկինում «կողմ» լինելով, նախագահի վետոն հաղթահարելու ժամանակ այլեւս չքվեարկեց։ Նույն կերպ վարվեց նաեւ Գագիկ Խաչատրյանը։ Ժորա Գալստյանը՝ առաջ «կողմ» էր այս օրենքի ընդունմանը, հիմա՝ «դեմ»։ Մանվել Ղազարյանը՝ 91-ից մեկը լինելով՝ այժմ ընդհանրապես չքվեարկեց։ Հակոբ Հակոբյանը (35 ընտրատարածք), նախագահի վետոն հաղթահարելու դեպքում «դեմ», էր, մայիսին՝ «կողմ» էր։ Սամսոն Սարգսյանը՝ այժմ նախընտրեց «ձեռնպահ» մնալ։ Այլեւս չարժե էլ հատուկ նշել, որ մեջբերում ենք մայիսի 3-ին «կողմ» քվեարկածների անունները միայն։ Նահապետ Գեւորգյանը օրենքի ընդունմանն այլեւս «դեմ» էր։ Ալեքսան Պողոսյանն այս անգամ չքվեարկեց, ինչպես նաեւ Վահրամ Բաղդասարյանը։ Կարեն Կարապետյանն օրենքի ընդունմանը «դեմ» քվեարկեց, ինչպես նաեւ Հովհաննես Քոչինյանը, Վռամ Գյուլզադյանը, Վրեժ Շահգելդյանը։ Արամ Հարությունյանը վճռորոշ քվեարկությանը չմասնակցեց, ինչպես նաեւ Ռոբերտ Ամիրխանյանը։ Կենսաթոշակառուներին եւ հաշմանդամներին այս արտոնությունը տալուն դեմ քվեարկածներից է Սամվել Բալասանյանը։ Եվս մի տարօրինակ քվեարկություն՝ Արամ Հովհաննիսյանը չնայած առաջ «կողմ» էր, այժմ «դեմ» է քվեարկել ե՛ւ նախագահի առաջարկությանը, ե՛ւ նրա վետոն հաղթահարելուն։ Գրիգոր Հարությունյանն այժմ նախընտրել էր «ձեռնպահ» մնալ, ինչպես նաեւ ՀԺԿ-ի նրա գործընկերներ Գագիկ Ոսկանյանը, Գագիկ Ասլանյանը։ Արտակ Գրիգորյանը՝ նախագահի առաջարկին՝ «կողմ», օրենքին՝ «ձեռնպահ»։ Աշոտ Գալոյանը՝ չի քվեարկել։ Վարդան Բոստանջյանն օրենքի ընդունմանը «ձեռնպահ» մնաց։ Գուրգեն Եղիազարյանն, ի վերջո, «դեմ» քվեարկեց։ Վազգեն Խաչիկյանը՝ «ձեռնպահ»։ Արմեն Հակոբյանը՝ օրենքի ընդունմանը «դեմ»։ Սամվել Թումանյանը, Ստեփան Բարսեղյանը չքվեարկեցին։ Ամփոփենք. «Հայաստան» խումբը եւ ՀԿԿ-ն «դեմ» էին նախագահի առաջարկին եւ «կողմ» նրա վետոյի հաղթահարմանը։ ՀԺԿ-ի եւ ԱԺՄ-ի մեծ մասը նույն կերպ էր քվեարկել։ Օրենքի ընդունմանը «կողմ» էին նաեւ «Օրինաց երկիրն» ու «Իրավունք եւ միաբանությունը» (բացառությամբ վերջինիս առաջնորդ Արտաշես Գեղամյանի, որ այս օրենքի եւ ոչ մի քվեարկության չմասնակցեց)։ ՀՅԴ-ն «կողմ» էր նախագահի առաջարկին եւ խուսափեց քվեարկել օրենքի ընդունման օգտին։ Փաստորեն, օրենքին սկզբունքորեն «դեմ» էին միայն ՀՀԿ-ի պատգամավորները։ Եվ որ ամենաուշագրավն է, 1 ամսվա ընթացքում նույն օրենքի նկատմամբ տրամագծորեն հակառակ դիրքորոշում որդեգրեցին «Կայունություն» խմբի անդամները, որ «կողմ» քվեարկեցին արդեն միայն նախագահի առաջարկին։ Հիշեցնենք, որ այս խումբը կազմված է բացառապես մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից, որոնք սիրում են պարծենալ, թե իրենցից յուրաքանչյուրին 30 հազար մարդ է ձայն տվել եւ իրենք պատասխանատու են նրանց առջեւ։ Ենթադրե՞նք, որ նրանց ընտրողների մեջ կենսաթոշակառուներ եւ հաշմանդամներ չկան, իսկ եթե կան էլ՝ գիտակցում են, որ իրենց ընտրյալի համար կառավարության եւ նախագահի հետ փոխհարաբերություններ չփչացնելն առավել կարեւոր է։ … Թերեւս հեշտորեն ծախվող եւ սեփական կարողության անձեռնմխելիությունից բացի՝ այլ սկզբունք չճանաչողների ու նրանց միշտ օգտագործողների դեմն առնելու մտահոգությամբ էր՝ թե երեկ ԱԺ-ի կուսակցական 5 կազմավորումների ներկայացուցիչները փորձում էին օրակարգ մտցնել «Ընտրական օրենսգրքում» հետեւյալ փոփոխությունների հարցը, որ համամասնական կարգով ընտրվողների թիվը 56-ից դառնա 101, իսկ մեծամասնականը՝ 75-ից 30։ Բնականաբար, այս փորձը տապալվեց՝ 45 «դեմ» քվեարկածների մեջ գերազանցապես մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներն էին եւ «Միասնության» որոշ ներկայացուցիչները։ Փաստն ինքնին, կարծում ենք, բավական խոսուն է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930