Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս 05,2000 00:00

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Ասում են, այն օրից ի վեր, երբ Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում որոշում է կայացվել հօգուտ Հայաստանի անդամակցությանն այս կազմակերպությանը, մեր երկիրն այլեւս դարձել է ժողովրդավարական։ Հենց այսպես, մեկ գիշերվա մեջ եւ այն 10 տարիների արդյունքում, որի ընթացքում հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության պայքարում էին մեր նախկին ու ներկա իշխանություններն ու ժողովուրդը։ Իսկ մենք հաճախ դժգոհում ենք, թե նախկին իշխանությունները բացի թալանից ուրիշ ոչնչով չեն զբաղվել, մինչդեռ նրանք 8 տարի շարունակ նախապատրաստել եւ ապահովել են Հայաստանի մուտքը Եվրախորհուրդ։ Ներկա իշխանություններն էլ շարունակում են նախկինների գործն ու արտասահմանից տուն չեն գալիս հանուն այս սուրբ նպատակի։ Իսկ ավելի լուրջ, կարծում ենք, ամենեւին էլ պարտադիր չէ չափազանց ազնիվ լինել՝ արձանագրելու համար, թե Հայաստանն, այնուամենայնիվ, հեռու է ժողովրդավարական կոչվելուց, եթե չլիներ Արեւմուտքի շահագրգռվածությունը Հայաստանին յուրովի «վերբովկա» անելու հարցում։ Հատկապես այսպես էր վերջերս բացատրել ադրբեջանցի մի քաղաքական գործիչ Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը։ Իսկ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգանքն առ այդ իրավունքները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ ՀՀ նախագահին կից գործող մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, թերեւս, համաձայնի այս կարծիքին, մանավանդ, որ ինքն էլ ստիպված է արձանագրել, թե մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից Հայաստանը դեռ բավականաչափ հեռու է Եվրախորհրդի անդամ երկրների որդեգրած բարձր չափանիշներից։ Այսուհանդերձ, պարոն Հայրիկյանը հույս հայտնեց, թե Եվրախորհրդին անդամակցելով մենք՝ հայերս, թերեւս, ստիպված լինենք գոնե փորձել մոտենալ այդ չափանիշներին։ «Այն, ինչ հայերիս չի հաջողվում անել այս ոլորտում, գուցե Եվրախորհուրդը ստիպի անել»։ Գուցե, իսկ այսօր դեռեւս, մարդու իրավունքների ոտնահարումները՝ սկսած ամենապարզագույնից՝ ազատ ու արդար ընտրելու իրավունքից, հազվադեպ երեւույթներ չեն։ Իսկ ովքեր փորձում են բարձրաձայն խոսել այդ մասին, հրապարակայնորեն արժանանում են «դավաճան» պիտակին։ Լավ է միայն, որ մեր իշխանություններն այնքան ժողովրդավար են, որ առայժմ այդպիսիներին չեն հետապնդում։ Իսկ ընդհանրապես, այսօր Հայաստանում մոտ 2000 իրավապաշտպան կազմակերպություններ կան, որոնց մի մասն, ըստ «Օգոստոսի 23, Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանի, գրեթե ամբողջովին զբաղված են գրանտներ հայթայթելով, քան իրավապաշտպան առաքելությամբ։ Կարծում ենք, պարզ է, որ իրավապաշտպան կազմակերպություններն էլ բարեհամբույր չեն միմյանց նկատմամբ, եթե չասենք, որ «իրար միս են ուտում»։ Այսուհանդերձ, պարոն Սերոբյանի վկայությամբ, Հայաստանում, այո, մարդու իրավունքները հաճախ ոտնահարվում են, բայց սրանում մեղքի իրենց բաժինն ունեն եւ այս իրավապաշտպան կազմակերպությունները, եւ զանգվածային լրատվամիջոցները։ Ինչ վերաբերում է Եվրախորհրդի անդամակցությանը, ապա Պ.Սերոբյանի կարծիքով, սա դրական է նաեւ այն իմաստով, որ Եվրախորհուրդը կօգնի Հայաստանին հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները, թեեւ Եվրոպայում էլ շատ հաճախ եւ ավելի կոպտորեն են ոտնահարվում մարդու իրավունքները։ Դե ինչ, մեր հույսը դարձյալ միջազգային հանրությունն է, որը պետք է օգնի մեզ ուղղվել եւ ժողովրդավարական երկիր դառնալ, առավել եւս, որ ինքն էլ այնքան ժողովրդավար չէ, որքան հեռվից թվում է։ Իսկ ահա «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանը որեւէ ակնկալիք Եվրախորհրդի անդամակցությունից, ի տարբերություն Պ.Հայրիկյանի եւ Պ. Սերոբյանի, չունի։ Նա այս կազմակերպությանը մեր երկրի անդամակցության մասին լուրն ընդունել է այնպես, ինչպես կընդուներ այն հայտարարությունը, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Ասել է թե՝ հումորով։ Երբ պարոն Դանիելյանին խնդրեցինք գնահատել Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների աստիճանը, միանգամից պատասխանեց՝ «Նիժե պլինտուսա»։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանից էլ փորձեցինք ճշտել, թե արդյոք Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ կան։ Պատասխանն, անշուշտ, միանշանակ չէր կարող լինել։ «Քաղբանտարկյալներ, որպես այդպիսիք՝ չկան։ Այլ է, երբ քրեական գործերի հարուցման ու դատավարությունների ենթատեքստում երբեմն քաղաքական շարժառիթներ են լինում»։ Անկեղծ ասած, այս ամենը տհաճ տպավորություն է թողնում։ Սովորական քաղքենիների նման մենք Եվրոպայի գիրկն ենք ընկնում՝ մոռանալով, որ ձեւական կողմը դեռ բովանդակություն չէ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել