Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 05,2000 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՆԵՐԻ ՍԿԻ՞ԶԲ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օգոստոսի 4-ի որոշմամբ Վյաչեսլավ Յարալովն ազատվել է ՀՀ տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են նաեւ Ռուբեն Տոնոյանը եւ Աշոտ Գրիգորյանը։ Նրանց փոխարեն փոխնախարարներ են նշանակվել Վաղինակ Քոչարյանը եւ Հրաչիկ Թումանյանը։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ է նշանակվել Հովհաննես Երիցյանը։ Նորաթուխ նախարարներից Վաղինակ Քոչարյանը ՀՀԿ անդամ է։ Մյուսների կուսակցական պատկանելությունը դեռեւս հայտնի չէ։ Բայց դժվար չէ ենթադրել, որ վարչապետական «թիմ»-ից են։ Ռուբեն Տոնոյանը ՀԺԿ անդամ է եւ չի բացառվում, որ նրան աշխատանքից ազատելն ազդարարում է ՀԺԿ-ի դեմ քաղաքական հալածանքների սկիզբը։ Կարող է լինել մեկ այլ բացատրություն։ Երբ «ԱրմենՏելը» վճռեց հեռախոսային ծառայությունների համար կիրառել րոպեավճարը, Ռուբեն Տոնոյանը կապի եւ հեռահաղորդակցության նախարարն էր։ Րոպեավճարի դեմ նա այնքան խոսեց, մինչեւ զրկվեց նախարարի պաշտոնից եւ դարձավ փոխնախարար։ OTE-ի ներկայացուցչի եւ Հունաստանի փոստի եւ հեռահաղորդակցության փոխնախարարի վերջին այցի ժամանակ որոշ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ չի բացառվում, որ արտոնագրային փաստաթղթերում փոփոխություններ կկատարվեն։ Հնարավոր է, պարոն Տոնոյանը փորձեր խանգարել այդ պահին։ Ինքը՝ Ռուբեն Տոնոյանն ասաց՝ պաշտոնանկության հարցում «ԱրմենՏելը» ոչ մի մեղք չունի։ Նա չբացառեց, որ իրեն պաշտոնից ազատելը քաղաքական է։ Նա ասաց նաեւ, որ ինքն աշխատանքի ընթացքում ժողովրդի համար արել է՝ ինչ ի վիճակի էր եւ իր խղճի դեմ մաքուր է։ Պարոն Տոնոյանի ասելով, եթե կառավարությունը գտել է, որ այդպես պետք է արվեր, ուրեմն ճիշտը դա է։ Մեր հերթին փորձենք շարունակել ենթադրությունների շարքը։ Չի բացառվում, որ ՀԺԿ-ի դեմ քաղաքական հաշվեհարդարի ալիքը կապված լինի բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ։ ՀԺԿ-ն հաստատակամ էր իր որոշումներում եւ դեմ քվեարկեց բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին օրինագծին։ Սա, անշուշտ, չէր կարող այսօրվա իշխանություններին դուր գալ, մանավանդ, եթե ճիշտ են այն վարկածները, թե վարչապետ Մարգարյանի գլխավոր առաքելությունը հենց ցանցերի մասնավորեցումն է։ Հենց բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ կապված էլ ՀԺԿ-ի ներսում որոշ շարժում սկսվեց։ Արմեն Խաչատրյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը տարածքային կազմակերպությունների կողմից խստագույնս դատապարտվեցին՝ նոր թեմայով ԱԺ-ում ծավալված քննարկումներից եւ քվեարկությունից բացակայելու համար, իսկ Արմեն Հակոբյանը օրինագծին կողմ քվեարկելու պատճառով հեռացվեց կուսակցությունից։ Վլադիմիր Բադալյանի հարցը դեռեւս օդում կախված է, իսկ Դավիթ Հովհաննեսն ասում են, շատ է ամաչում, որ թեպետ ՀԺԿ-ի ցուցակներով է պատգամավոր դարձել, բայց սկզբունքային հարցում դեմ գնաց կուսակցության դիրքորոշմանը։ Լուրեր կան, որ Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 6 սկզբնական կազմակերպությունը պատրաստվում է կրկին ժողովի օրակարգ մտցնել Հմայակ Հովհաննիսյանի անդամության հարցը։ Կազմակերպության քարտուղար Արայիկ Մարգարյանը մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց, թե կազմակերպությունը, իրոք, պատրաստվում է ժողով հրավիրել, պարզապես հիմա ամառ է եւ մարդկանց հավաքելու խնդիր կա։ ՀԺԿ աշխատակազմի ղեկավար Ստեփան Մինասյանն այս մասին ասաց. «Հմայակ Հովհաննիսյանի հարցը մի քանի անգամ քննարկվել է կազմակերպությունում։ Նա խուսափել է ներկա լինել ժողովին։ Մեկ անգամ եւս փորձ կարվի, արդեն երրորդ անգամ։ Եթե այս անգամ էլ նա չներկայանա, ըստ իս, ժողովականները ստիպված կլինեն առանց իրեն քվեարկել։ Առաջին դեպքը չէ, որ նա խախտում է կանոնադրական պահանջները եւ արհամարհում կուսակցական ընկերների հրավերը»։ Կուսակցությունից կտրուկ չասացին, բայց նաեւ չժխտեցին, որ սկզբնական կազմակերպության առաջիկա ժողովը կլուծի Հմայակ Հովհաննիսյանի անդամության հարցը։ Նույնպիսի վճռականությամբ կուսակցությունը տրամադրված չէ ԱԺ խոսնակ, ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանի հանդեպ։ Թերեւս, Արմեն Խաչատրյանի մասով կուսակցությունը կբավարարվի բանավոր նկատողությամբ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել