Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 05,2000 00:00

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ (ԱՐՑԱԽԻ) ՀԵՐՈՍՆԵՐԸ Բնության մեջ (գոնե մինչեւ երեկ) ազատ վիճակում գտնվող Արցախի հերոսի կարգավիճակ ունեցող մեկը չկար։ Արցախի երկու հերոսներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, մյուսը՝ Սամվել Բաբայանը, նույն Արցախի ՆԳ մեկուսարանում է։ Հետեւաբար չի կարելի ասել, թե որքան երջանիկ հեռանկարներ է խոստանում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագիրը՝ Արցախի նոր հերոսների կոչմանն արժանացնել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Ստեփանակերտի գնդի հրամանատար Սամվել Կարապետյանին։ Արցախի հերոսի կոչմանն արժանացած Քրիստափոր Իվանյանին ոչինչ այլեւս չի սպառնում, քանի որ կոչումը նրան շնորհվել է հետմահու։ Թեեւ Հայաստանում մահն էլ կյանքի տրամաբանական ավարտը չէ. բոլորի գլխին էլ կախված է վերաթաղվելու վտանգը։ Եվ այսպես, Հայաստանն այլեւս ունի Արցախի երկու ազգային հերոս։ Այս բարձր պատվին պաշտպանության նախարարության վերոնշյալ երկու այրերն արժանացել են սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակման 9-րդ տարեդարձի կապակցությամբ։ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հակիրճ հաղորդագրությունը բառ անգամ չի ասում, թե կոնկրետ ո՛ր արժանիքների եւ ծառայությունների համար են Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը պարգեւատրվել սույն շքանշանով։ Առավել եւս խոսք չկա, թե ինչու են Արցախի պատերազմի ավարտից այսքան տարի անց պարգեւատրվում։ Մանավանդ որ, որքան մեզ է հայտնի, դեռեւս ձեռնափայտով շրջող ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նրանց որեւէ երաշխիք չի տվել, թե վաղը-մյուս օրը Արցախի նորաթուխ հերոսները չեն համալրի, ասենք, Շուշիի բերդը։ Թեեւ արդարության առաջ չմեղանչելու համար նաեւ նշենք, որ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Մանվել Գրիգորյանի շուրթերից չի հնչել, թե նրանք էլ մի օր չեն կրակի պրն Ղուկասյանի ոտքին։ Այս ամենից մեկ այլ եզրակացություն էլ կարելի է անել՝ մեդալների հանձնումը տեղի է ունեցել փոխադարձ ըմբռնման եւ համաձայնության մթնոլորտում։ Իմ ավագ գործընկերը ինձ հիշեցրեց մի դեպք, երբ 1975 թվականին, այսինքն՝ Հայրենական Մեծ պատերազմից 30 տարի անց, ՍՍՀՄ կոմկուսի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն արժանացավ Հաղթանակի մեդալին։ Մեկ այլ մեդալ էլ նրան տրվեց պատերազմում արիություն ցուցաբերելու համար։ Երեկ մենք անհույս փորձեր էինք անում կապվել օրվա «մեղավորների» հետ։ Մասնավորապես Մանվել Գրիգորյանի՝ ճշտելու, թե ինչպիսի զգացումներ ունի այսքան անհույս տարիներ անց իրո՛ք վաստակած Արցախի հերոսի կոչմանն արժանանալուց հետո։ Նրա բջջայինն ազդարարում էր պրն Գրիգորյանի անհասանելի լինելը։ Նույնքան անհասանելի էր նաեւ Սեյրան Սարոյանը, որն առայժմ նման կոչում չի ստացել, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է։ Փորձեցինք Սերժ Սարգսյանի եւ գեներալ Մանվելի վաղեմի բարեկամ Աստվածատուր Պետրոսյանի վերաբերմունքն իմանալ վերոնշյալ իրադարձության մասին, սակայն վերջինս էլ էր անհասանելի։ Ինչեւէ։ Չմոռանանք, որ ԼՂՀ էր մեկնել նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա իր ղարաբաղյան կոլեգայի հետ Հայաստանի եւ Արցախի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Ավելի կոնկրետ ինֆորմացիա ստանալ չհաջողվեց։ Սակայն կոմպյուտերով ստացած լուսանկարներից պարզ երեւում է, որ պրն Մարգարյանը համբուրել է Արցախում կանգնեցված Վազգեն Սարգսյանի արձանի ուսը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել