Լրահոս
Օրվա լրահոսը

«Պո՜յ, տիխո, սուդը կյամ ա»

Սեպտեմբեր 19,2000 00:00
karen babayan

Դեռ շաբաթ օրը Ստեփանակերտում լուրեր էին պտտվում այն մասին, որ Ազգային անվտանգության մեկուսարանում գտնվող Կարեն Բաբայանը ատամի խոզանակ է կուլ տվել, ինչի կապակցությամբ հայտարարություն է արել եւ տեղափոխվել հիվանդանոց: Սակայն ոչինչ չի հայտնաբերվել եւ նա ետ է բերվել մեկուսարան։ Իսկ կիրակի օրը Ստեփանակերտի կենտրոնում, ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսի շրջանակներում ելույթներ ունեցան Արգենտինայից ժամանած պարուհիներ: Ոչ մի ակնարկ՝ թե երկուշաբթի առավոտյան կսկսվի մարտի 22-ի ահաբեկչության դատավարությունը:

Երեկ առավոտյան, ժամը 9.00-ին փակ էին ԼՂՀ գերագույն դատարան տանող փողոցները, շենքի մուտքը եւ ելքը հսկում էին «սպեցնազի» համազգեստավորները եւ Հայաստանից Արցախ ժամանած դատական նիստերի անցկացման անվտանգությունն ապահովող ՀՀ ՆԳՆ հասարակական կարգի ապահովման անձնակազմը՝ գնդապետ Գ. Զաքարյանի գլխավորությամբ: Նիստերի դահլիճը կարգավորված էր հավուր պատշաճի, խոսափողեր էին դրված մետաղյա վանդակաճաղերի, պաշտպանական կազմի, մեղադրող կողմի եւ դատավորի դիմաց: Դատարան կանչվեցին սկզբում տուժողների ներկայացուցիչները (որոնցից ներկա էին միայն ԼՂՀ նախագահ Ա.Ղուկասյանի ներկայացուցիչը՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Կարեն Բաբուրյանը, հետո՝ ամբաստանյալների հարազատները): Լրագրողների համար նախատեսված էին դահլիճի 3-4 շարքի նստարանները: Ամբաստանյալները դահլիճ բերվեցին ձեռնաշղթաներով, որոնք հանվեցին հենց վանդակաճաղի ներսում: Սամվել Բաբայանին բերեցին վերջում: Դատավորն է Սուրեն Ալեքսանյանը, կան երկու ատենակալներ, նույնիսկ՝ «պահեստային քարտուղար»:

Մեղադրանքը պաշտպանում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը եւ Ռաիսա Իգոշկինան (վերջինս Վահրամ Աղաջանյանի համար պահանջել էր պատժաչափ՝ 5 տարի ազատազրկում): Լուծված է նաեւ թարգմանչի հարցը, սակայն երբեմն Արցախի բարբառն առաջ է ընկնում եւ շատ հաճախ ստացվում են այսպիսի ոչ իրավական արտահայտություններ. «Պոյ, տիխո», «պաժալուստա, խոսեցեք», «ատվոդ ունե՞ս», «ատվոդն ի՞նչ ա»…

Հայաստանից անդրանիկ նիստին մասնակցելու էին եկել ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Գագիկ Կոստանդյանը, Մանուկ Գասպարյանը, Սամվել Ավետիսյանը: Ներկա էր հայտնի լրագրող Ցվետանա Պասկալեւան:

Դատական նիստը սկսվել է Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանի միջնորդությամբ, այն է՝ դատարանը ընդդատյա չէ լսել սույն քրեական գործը: Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ քրգործ Հայաստանից Ղարաբաղ մեկնած փաստաբանները երեքն են՝ Ժուդեքս Շաքարյան, Արմեն Մանուկյան, Էդվարդ Չինարյան։ Եվս հինգ փաստաբաններ Արցախից են։ Սա նշանակում է, որ 15 ամբաստանյալներից 8-ը պաշտպաններ չունեն։ «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործով մեղադրվում են Սամվել Բաբայանը, Էրիկ Փարամազյանը, Լեւոն Միրզոյանը, Դավիթ Ղուլյանը, Ալբերտ Առուստամյանը, Խաչատուր Պետրոսյանը, Վարդան Թաշճյանը, Արարատ Մուսայելյանը, Արմեն Անտոնյանը, Գագիկ Ահարոնյանը, Գառնիկ, Վալերի, Հենրիկ Ծատրյանները։ Դատական նիստը սկսվեց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ժուդեքս Շաքարյանի միջնորդությամբ, որով պաշտպանն առաջ էր քաշում գործը քննող դատարանի իրավասու չլինելու հանգամանքը։ Սակայն դատավորը, կարծես, չլսելու տվեց տվյալ միջնորդությունը եւ սկսեց անկետային տվյալներ լրացնելու պատրվակով ամբաստանյալներին ներքաշել դատավարության մեջ։

Ամբաստանյալ Սամվել Բաբայանի հարցաթերթիկը լրացնելիս դատավորը նույնիսկ իր հարցին ինքն էլ պատասխանում էր։ Օրինակ՝ Ս.Բաբայանին ուղղված այն հարցին, թե ի՞նչ պաշտոն եք վարել, դատարանի դահլիճից արձագանքեցին՝ իբր գիդում չե՞ս։ Մի քանի ամբաստանյալներ հրաժարվեցին պատասխանել այս հարցերին։ Սամվել Բաբայանն ասաց՝ «Ես իրավունք ունեմ չպատասխանելու հարցերին։ Մինչեւ դատաքննության օրինականության հարցը չքննարկվի՝ ես հրաժարվում եմ պատասխանել դատավորի ցանկացած հարցին»։ Հետաքրքիր բան տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Դատարանը խորհրդակցական սենյակում հարցը քննարկելուց հետո, 2 ժամ անց, դատարան գալով, ընդդատության մասին որոշման փոխարեն հրապարակեց դատարանին բացարկ հայտնելու որոշման մերժման մասին։ Առարկեցին փաստաբաններ Շաքարյանն ու Չինարյանը։

Ընդ որում, երբ Շաքարյանը դատավորին դիմեց, թե՝ «Մեզ մի զրկեք բացարկ հայտնելու իրավունքից», դատավորը նկատողություն արեց Շաքարյանին, թե՝ «ցուցում եք տալիս, պահանջելու իրավունք չկա, միջնորդո՞ւմ եք, թե՞ նկատողություն անում» եւ այլն։ Մի նկատողություն էլ բաժին հասավ փաստաբան Չինարյանին։ Դատավորը նաեւ մեղադրեց Շաքարյանին՝ բացարկը քննարկելու անընդհատ պահանջների համար։ Դատարանը հետագայում էլ, «պաժալուստա» ասելով՝ նկատողություն էր անում փաստաբաններին եւ մասնավորապես Շաքարյանին, թե նրանք թյուրիմացության մեջ են գցել բոլորին։

Ի պատասխան, Սամվել Բաբայանն ասաց, որ թյուրիմացություն իրականում չկա, եւ որ ինքը կասկածում է դատավորի անաչառությանը, քանի որ դեռ 1996 թվականին, երբ անվտանգության խորհրդում հինգ հոգանոց դատավորների խմբի կազմն էր որոշվում, վերջինս երկու դատավորներից մեկն էր, որ չէր ընդգրկվել հիշյալ խմբում։ Իր բացարկի հիմքում Սամվել Բաբայանը նշեց նաեւ այն հանգամանքը, որ դատավորն իրեն թույլ չէր տվել իր պաշտպանի միջոցով հագուստներ փոխանցել։ Այս հայտարարությանը հետեւեցին դահլիճի ծափերը։ Ամբաստանյալներ Ալբերտ Առուստամյանն ու Լեւոն Միրզոյանը ի պաշտպանություն Սամվել Բաբայանի ներկայացրած բացարկի, հայտարարեցին, թե Սամվել Բաբայանը ազգի հերոս է եւ ազգի «գարանտ»։ Այս ամենից հետո ատենակալներն անցան խորհրդակցական սենյակ։

Ի դեպ, Ղարաբաղում արդեն գործում է ատենակալների ինստիտուտը։ Այս դատաքննության ընթացքում ատենակալներն են իրավաբան Սեդա Ասրյանն ու ուսուցիչ Լյուդմիլա Սարգսյանը։ Խորհրդակցական սենյակում մեկ ժամ մնալուց հետո, նրանք վերադարձան եւ մերժեցին Սամվել Բաբայանի եւ նրա պաշտպանի բացարկը՝ այն անհիմն համարելով։ Նրանք հավաստեցին, թե հավատում են դատավորի անաչառությանն ու, նույնիսկ, անձնավորված մի հայտարարություն արեցին՝ «Հիմա, երբ Սամվել Բաբայանը նստած է ամբաստանյալի աթոռին, նրան թվում է, թե նույնը կկատարվի նաեւ այստեղ»։ Դատարանն ընդմիջում հայտարարեց մինչեւ այսօր, ժամը 10-ը, իսկ դրսում ժողովուրդը շրջապատել էր դատարանի շենքը։

Այսպիսի դատավարություն Ղարաբաղում առաջին անգամ է ընթանում եւ բնական է, որ դրա նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն այսպիսին պետք է լիներ։ Լրատվամիջոցներին միայն 15 րոպե թույլատրվեց դատարանի դահլիճում նկարահանել։ Ձայնագրել, ըստ էության, չի թույլատրվում եւ դատարանի դահլիճում հնչած որոշ «գոհարներ» լրագրողները պարզապես չեն հասցնում սղագրել։ 70-ամյա դատավոր Սուրեն Ալեքսանյանը որոշեց՝ «Արգելվում են հետագա նկարահանումները, իսկ տարբեր ձայնագրությունները՝ դատավորի հատուկ թույլտվությամբ»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930