Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 20,2000 00:00

ՉԵ՛Մ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ՉԵ՛Մ ԼՍԵԼ, ՉԵ՛Մ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ «Հարկային պարտավորությունների կանխատեսման պայմանագրի» վերաբերյալ «Առավոտի» օգոստոսի 16-ի հրապարակումը պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանի արձագանքին արժանացավ։ Նախարար Գագիկ Պողոսյանի հետ զրույցը մի անմեղ եւ ընդհանուր հարցից սկսեցինք. փորձեցինք պարզել նրա տեսակետը, թե արդյոք յուրաքանչյուր հաջորդ կառավարություն պիտի՞ նախորդի ձեռք բերած պայմանավորվածությունների ժառանգորդը լինի, թե՞ ամեն կառավարություն պիտի նոր էջից սկսի իր գործունեությունը՝ հաշվի չառնելով այն ամենը, ինչ եղել է նախկինում։ Սակայն պրն Պողոսյանը ընդհանրական դատողությունների փոխարեն նախընտրեց միանգամից որոշակիացնել. «Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Ես այդ բառի իմաստը չեմ կարողանում հասկանալ։ Ի՞նչ պայմանավորվածություններ, եթե կա օրենք եւ մենք ուզում ենք կառուցել իրավական երկիր։ Օրենքի շրջանակներում կարելի է պայմանավորվել, բայց դրանից դո՞ւրս… ի՞նչ պայմանավորվածություններ կարող են լինել։ Ես չեմ ուզում սխալ կամ ճիշտ հանել նախկին կառավարություններին, պաշտոնյաներին կամ նախկին վարչապետին՝ դա իմ խնդիրը չէ, այլ պատմաբանների կամ քննադատների։ Ես քննադատ չեմ։ Բայց ես նման հասկացողություն չեմ ըն-դո՛ւ-նո՛ւմ»։ 1999-ի փետրվարի 13-ին, երբ վարչապետ Արմեն Դարբինյանը 80-ից ավելի խոշոր գործարարների հետ շուրջ 4 ժամ տեւած խորհրդակցություն էր անցկացրել եւ պայմանավորվածություն ձեռք բերել, Գագիկ Պողոսյանը վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարն էր եւ պիտի որ քաջածանոթ լիներ, թե ինչ կարգի պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Հարկային պարտավորությունների կանխատեսման պայմանագրի» վերաբերյալ։ Մինչդեռ այդ մասին նախապես մեր տված հարցին պրն Պողոսյանը պատասխանել էր, թե չի հավատում, որ Արմեն Դարբինյանը նման բան է ասել։ Իսկ այժմ, երբ պաշտոնական հաղորդագրությունը մեջբերելով՝ կարողացանք ապացուցել հակառակը, նախարարն արդեն նոր պատճառաբանություններ բերեց. «Այո, կառավարությունում էի աշխատում, բայց այդ խորհրդակցությանը չեմ մասնակցել եւ, իրոք, չեմ լսել, որ Արմեն Դարբինյանը նման բան է ասել։ Չեմ ուզում խորանալ, բայց միգուցե դա ուղղակի իր ծրագի՞րն է եղել, մոտեցումնե՞րը, որ ցանկացել է կյանքի կոչել, օրենքով ամրագրել։ Չէ՞ որ օրենքով պիտի իրավունք տրվեր հարկային մարմիններին պայմանագրային հիմունքներով աշխատել տնտեսվարող սուբյեկտների հետ»։ Ցավոք, Արմեն Դարբինյանն իր այդ նորարարությանն օրենքի ուժ տալու փորձ անգամ չէր արել։ «Ես չեմ պատկերացնում, որ առանց օրենքի, վարչապետի մի հրահանգով… ո՞նց… օրինակ՝ պայմանագրի ձեւը, տեքստը… Միգուցե դրանք ուղղակի մտքե՞ր են եղել,- չէր հանձնվում նախարարը։- Հիմա ես էլ մտքեր ունեմ, որոնց կարիք կա օրենսդրական լուծում տալ։ Բայց ես իմ մտքերը չեմ թելադրում, չէ՞, տնտեսվարող սուբյեկտներին, որովհետեւ պետք է նաեւ օրենքով ամրագրել»։ Նկատեցինք, որ պրն Պողոսյանն այժմ ամենալայն հնարավորություններն ունի ստուգելու՝ Արմեն Դարբինյանն այդ առաջարկը միայն տվյալ խորհրդակցության ժամանա՞կ էր արել, թե՞ հարկային տեսչությունները հետո կիրառել են նրա այդ մոտեցումները. «Պայմանագրեր չեն կնքվել,- պատասխանեց նախարարը։- Եթե կնքած լինեին՝ ես տեղյակ կլինեի։ Եվ խոստանում եմ, եթե նման պայմանագրեր օրինական ձեւով կնքված են՝ նախկին վարչապետի այդ պայմանավորվածությունները չեղյալ չեմ համարի։ Ես ԱԺ-ին կդիմեմ կամ կառավարությանը, որ նոր ձեւ մշակվի։ Բայց ես չեմ տեսել, չեմ լսել ու չեմ հավատում, որ նման պայմանագիր կա։ Եթե չկա կառավարության կամ վարչապետի գրավոր որոշում, ո՞նց էին պայմանագիր կնքում, պիտի՞ կանոնակարգվեր ու կետ առ կետ հրահանգավորվեր այդ աշխատանքը»։ Այդ խորհրդակցությանը մասնակցած ձեռնարկատերերին մեր հարցումները ցույց տվեցին, որ Գագիկ Պողոսյանը ճիշտ է հետեւյալ առումով՝ գրավոր փաստաթուղթ իրոք չի եղել։ Հարկային մարմինները հետո նրանց հետ հարկային պարտավորությունների վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել միայն բանավոր հիմունքներով։ Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են, թե ինչ ասպարեզ է սա հարցերը «հայավարի» լուծելու համար։ Այդ պայմանավորվածությունների վերաբերյալ մեր համառ հիշատակումները պրն Պողոսյանի հետեւյալ տպավորությունն էին առաջացրել. «Դուք ուզում եք կա՛մ ինձ հանել նախկին վարչապետի դեմ՝ մեկ։ Կա՛մ էլ երկրորդը՝ տնտեսվարող սուբյեկտների կատարած աշխատանքը ոնց որ թե ուզում եք արդարացնել։ Բայց եթե նրանք ստվերային են աշխատում՝ ե՛ւ ձեզ է վնասում, ե՛ւ ինձ, ե՛ւ երկրին, ե՛ւ ժողովրդին։ Իսկ եթե ուզում եք ինձ հանել վարչապետ Արմեն Դարբինյանի դեմ՝ միանգամից ասեմ, որ իրոք հարգում եմ նրան։ Ի վերջո, նրա հետ շուրջ երկու տարի աշխատել եւ գոհ եմ մնացել՝ ես լիակատար ազատություն եւ վստահություն էի վայելում։ Եվ ես չեմ կարող այդ մարդու հասցեին ինչ-որ վատ բան ասել»։ Արդարանալը նվաստացուցիչ զբաղմունք է, ուստի, չենք փորձելու երդվել, թե որեւէ մեկի ստվերային գործունեությունը պաշտպանելու միտում չունենք բնավ։ Այլ հարց է առաջին ենթադրությունը։ Եթե իրոք Արմեն Դարբինյանը խոշոր սխալ էր թույլ տվել, որի մասին ժամանակին ահազանգում էին մամուլն ու ընդդիմությունը եւ լռում չինովնիկները՝ անգամ նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին թույլ չտալ, որ օրենքը շրջանցվի՝ ինչո՞ւ գոնե այժմ սկզբունքայնությունը չի հերիքում նախկին վարչապետի սխալը մատնանշելու։ Փոխարենը, նրա արածի պատճառով, նախընտրում են պատժել գործարարներին։ Սակայն, հանուն արդարության, հարկ է վերջում նշել, որ Արմեն Դարբինյանը սույն առաջարկն արել էր բարի նպատակներով։ Այսպես, փետրվարի 13-ի այդ խորհրդակցության ժամանակ նշելով, որ շուրջ 50 %-ը չի հարկվում, նա նաեւ հայտարարել էր. «Կառավարության խնդիրն է՝ թույլ չտալ, որ ավելանա հարկային բեռն այն հարկատուների վրա, որոնք աշխատում են եւ վճարում հարկեր»։ Գագիկ Պողոսյանը, ճիշտ է, կիսում էր այդ մտահոգությունը, բայց ասաց. «Հարկային բեռն այլ հարց է, ստվերում աշխատելը՝ մեկ այլ բան։ Չեմ ուզում իմ հետագա քայլերն ասել՝ ես էլ եմ մտածում հարկային բեռի թեթեւացման մասին։ Բայց դա չի նշանակում, որ պետք է թողնենք ստվերում աշխատեն»։ Իսկ 50 տոկոս ստվերային շրջանառության վերաբերյալ էլ նախարարն ասաց. «Այդպիսի հաշվարկներ դեռեւս չկան ու չեն էլ կարողանում հաշվել։ Այնպիսի՜ թշվառ պատկեր է։ Ըստ ապրանքատեսակների կարելի է կարծիքներ արտահայտել։ Օրինակ, ես գիտեմ, որ որոշ ապրանքատեսակների մասով ստվերային շրջանառությունը 2,5 անգամ ավելի է։ Բայց ամբողջ հանրապետությունում տոկոսային ստույգ հարաբերություն ոչ ոք չի կարող ասել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել