Երբ երգը միավորում է մարդկանց, ծնվում է ոչ միայն համույթ, այլև մշակութային նոր պատմություն։ Նոյեմբերյանի մշակութային կյանքում մի գեղեցիկ ու հուսադրող իրադարձություն է արձանագրվել. իր առաջին բեմելն է ունեցել նորաստեղծ «Նոյենի» ժողովրդական երգի անսամբլը՝ իր շուրջը համախմբելով ազգային երգի սիրահարներին՝ պարգևելով ջերմ ու անմոռանալի պահեր։
Վերջերս Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը նախաձեռնում է այցելելություն «Մեծերի արվեստանոց»՝ ներկա լինելու գորգի կտրման մշակութային արարողությանը, որի ժամանակ էլ Գրետա Զալինյանն առաջարկում է ստեղծել մեծերի երգչախումբ։ Հաջորդ օրն իսկ տիկին Սոնյան հենց ինքն էլ դառնում է գեղարվեստական ղեկավար, մշակույթի տուն է հրավիրում երաժշտական դպրոցի խմբավար Աշխեն Ամիրաղյանին, կազմում են երգացանկը՝ նպատակ ունենալով մոռացության մատնված երգերը ներկայացնել այսօրվա երիտասարդ սերնդին։
Կարդացեք նաև
Երգչախմբի կայացման համար իր նշանակալի դերն է ունեցել եւ անհրաժեշտ հանդերձանքի ձեռքբերման ու այլ հարցերով աջակցել մշակույթը մշտապես սիրող ու գնահատող, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
Հայտարարված ընդունելությունը մեծ արձագանք է գտնում Նոյեմբերյան համայնքում, և ժողովրդական նվագարաններով համեմված համույթն արդեն բեմում է։
Առաջին ելույթը դարձավ սպասված իրադարձություն, մշակութային ոգևորության ալիք, որը մեծ արձագանք գտավ տեղի բնակիչների շրջանում։ Դահլիճում տիրող ջերմ մթնոլորտը, հանդիսատեսի անկեղծ հիացմունքն ու գնահատանքի խոսքերը վկայեցին, որ Նոյեմբերյանում կա ազգային երգի նկատմամբ մեծ սեր, կա գեղեցիկի պահանջ և կա պատրաստակամություն՝ աջակցելու նոր մշակութային նախաձեռնություններին։ «Նոյենի» համույթի բեմելն ապացուցեց, որ ժողովրդական երգը ժամանակի մեջ չի հնանում։ Այն մեր հիշողությունն է, մեր արմատների կանչը, մեր նախնիներից ժառանգած հոգևոր հարստությունը։ Այն երգը, որի մեջ ապրում են հայրենի հողի կարոտը, մայրական օրհնանքը, սիրո քնքշությունն ու հայ մարդու կենսասիրությունը։
Նորաստեղծ համույթի յուրաքանչյուր կատարում իր մեջ կրում էր մի կարևոր խորհուրդ՝ պահպանել ազգային երգի գեղեցկությունը, այն փոխանցել նոր սերնդին և դարձնել առօրյա մշակութային կյանքի անբաժանելի մասը։ Առաջին բեմելը միշտ էլ առանձնահատուկ է։ Այն իր մեջ ունի հուզմունք, պատասխանատվություն, սպասում և, ամենակարևորը, ապագայի հանդեպ հավատ։ «Նոյենի» առաջին քայլն արդեն արժանացել է հանրության ջերմ ընդունելությանը, իսկ դա լավագույն խրախուսանքն է շարունակելու սկսած ճանապարհը։ Նոյեմբերյանին այսօր անհրաժեշտ են նման նախաձեռնություններ, նախաձեռնություններ, որոնք ոչ միայն հարստացնում են համայնքի մշակութային կյանքը, այլև մարդկանց մեջ արթնացնում են միասնականության, ազգային ինքնության և սեփական մշակույթի հանդեպ հպարտության զգացում։
«Նոյենին» դեռ նոր է սկսում իր ճանապարհը, բայց նրա առաջին բեմելն արդեն իսկ հուսադրող սկիզբ է։ Թող այս առաջին ծափահարությունները դառնան երկար ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհի սկիզբ, իսկ համույթի երգը հնչի ոչ միայն Նոյեմբերյանում, այլև նրա սահմաններից դուրս։ Ցանկանանք, որ «Նոյենին» դառնա այն գեղեցիկ ձայնը, որի մեջ կզգացվի Նոյեմբերյանի հոգին, հայ ժողովրդական երգի անմար ուժն ու մեր մշակութային վաղվա օրվա հույսը։
Արմենուհի ԾԱՏՈՒՐՅԱՆ
Իգնատ Մամյանի թանգարանի պատասխանատու
«Առավոտ» օրաթերթ
04.11.2026



























































