Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 01,2000 00:00

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԱՆՈՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՆԱԻՐԻԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ Կենտրոնանալով զուտ Նաիրի Հունանյանի ցուցմունքների վրա՝ անցած մեկ տարում ուշադրությունից դուրս էինք թողել մյուս մեղադրյալներին։ Մինչդեռ նրանց վկայություններում էլ բազմաթիվ են հետաքրքրական դրվագները, որոնցից մեկի մասին տեղեկացանք քրեական գործին ծանոթացածներից մեկի միջոցով։ Խոսքը Դերենիկ Բեջանյանի մի հարցաքննության ժամանակ արված խոստովանության մասին է, չնայած նա նույն ցուցմունքները կրկնել էր մի քանի անգամ։ Գրավոր հայերենի թերի իմացության պատճառով՝ մեկ բացառությամբ՝ Դերենիկ Բեջանյանն իր ձեռքով չէր գրում ցուցմունքները։ Ուղղակի վերջում արձանագրությունը բարձրաձայն ընթերցում էին եւ նա ստորագրում էր, թե գրված է իր պատմածով։ Եվ այսպես, փետրվարի 11-ի հարցաքննության ժամանակ քննիչը փորձել էր մանրամասներ իմանալ 1999-ի նոյեմբերի 15-ին Դերենիկ Բեջանյանի այն ցուցմունքի վերաբերյալ, թե հոկտեմբերի 27-ի նախօրեին Նաիրի Հունանյանի բնակարանում իր հարցին Էդիկ Գրիգորյանը պատասխանել էր, որ իրենց թիկունքում Վանո Սիրադեղյանն է։ Եվ իր այդ ցուցմունքից երեք ամիս անց միայն Բեջանյանը պարզաբանել էր, որ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ իր ասածը չի համապատասխանում իրականությանը։ Նաեւ հայտնել էր, որ այդ ցուցմունքը տվել է մի անծանոթի ուղղակի թելադրանքով եւ իրեն ու իր ընտանիքին ոչնչացնելու սպառնալիքի տակ։ Դերենիկ Բեջանյանը մանրամասն պատմել էր, որ 1999-ի նոյեմբերի սկզբին իրեն հանել էին ԱԱՆ քննչական մեկուսարանի խցից (առանց համապատասխան պահանջագրի) եւ տարել մի սենյակ։ Քիչ անց այնտեղ էին մտել քաղաքացիական հագուստով երեք տղամարդ, որոնցից մեկը Բեջանյանի ազգանունը հարցնելուց հետո՝ առանց այլեւս որեւէ բան ասելու, սկսել էր խփել նրան։ Միայն դրանից հետո պահանջել էր. «Հիմա ամեն ինչ ճիշտը պատմիր»։ Դերենիկ Բեջանյանը պատասխանել էր, թե քննիչին է պատմել ամբողջ ճշմարտությունը եւ մի հարված էլ ստացել։ Հետո նրան խփողն ասել էր, որ իրեն չի հետաքրքրում, թե քննիչներին ինչ է պատմել՝ պիտի պատասխանի իր հարցերին։ Իսկ հարցերը մասնավորապես հետեւյալն էին, թե ի՞նչ էր իրեն խոստացվել, ո՞ւմ հրամանով էր կատարվել ահաբեկչությունը։ Բեջանյանը պատասխանել էր, թե չգիտի. «Գիտեմ միայն, որ այդ հինգ հոգով ենք եղել»։ Այս պատասխանից հետո նրան արդեն մյուս երկուսն էին ծեծել եւ բավական երկար։ Հետո երրորդ տղամարդը հարցրել էր, թե պիտի ասի՝ ով է եղել իրենց արածի կազմակերպիչն ու հիմնական ղեկավարը. «Վանո՞ն, Մուշե՞ղը, Սամվել Բաբայա՞նը»։ Նաեւ սպառնացել էին, որ ճիշտը չասելու դեպքում իրեն կտանեն երկու բավական հայտնի երկրապահ գեներալների մոտ. «Աչքիդ առաջ երեխայիդ ու կնոջդ կտոր-կտոր կանեն»։ Այդ պահին այդ տղամարդկանցից մեկի բջջային հեռախոսը զանգել էր։ Ըստ Բեջանյանի պատմածի, զանգահարողին այսպես էին պատասխանել. «Այո՛, պրն վարչապետ։ Դերենիկի հետ ենք զբաղվում»։ Նույն պահին սենյակ էր մտել մի գեր տղամարդ, որին փոխանցել էին հեռախոսը՝ նորից նշելով, թե խոսողը վարչապետն է։ «Մի հինգ րոպեից»,- ընդամենն այսքանն էր ասել այդ գեր տղամարդը զանգահարած վարչապետին (՞) եւ մոտեցել չոքած վիճակում գտնվող Դերենիկ Բեջանյանին։ Ոտքով հարվածել էր նրա գլխին։ Հետո սենյակ էր մտել մեկուսարանի պետի տեղակալը, ինչ-որ բան ասել այդ գեր տղամարդուն, որից հետո նա հրահանգել էր տանել Բեջանյանին։ Այդ դեպքից մեկ կամ երկու օր անց, նրան (դարձյալ առանց պահանջագրի) նույն կերպ տանում են այդ քննչական սենյակը, որտեղ Բեջանյանին անծանոթ մի անձ է նստած լինում։ Չի ներկայանում։ Մենակ մնալուց հետո նա Բեջանյանին առաջարկում է պատմել իրենց գործողությունների մասին՝ սկզբից մինչեւ վերջ։ Վերջինս էլ կրկնում է իր նախկին ցուցմունքները։ Եվ երբ հասնում է 1999-ի հոկտեմբերի 26-ի նախորդ օրը՝ Նաիրի Հունանյանի տանը գտնվելու ժամանակ երկու եղբայրների միջեւ երկխոսությանը («Նաիրին հարցրեց՝ «Ո՞նց է» եւ Կարենը պատասխանեց. «Լավ է, Դերենիկը համաձայն է»), անծանոթը նրան կանգնեցնում եւ առաջարկում է ուշադիր լսել։ Ըստ Բեջանյանի ցուցմունքի՝ հայհոյանքներից, սպառնալիքներից եւ հարվածներից հետո, անծանոթն իրեն հրահանգում է, որ քննիչին պիտի ասի, թե այդ օրն ինքն իբր Էդիկ Գրիգորյանին հարցրել է. «Վերջապես ո՞վ է մեր թիկունքում կանգնած» եւ նա պատասխանել է՝ Վանո Սիրադեղյանը։ Անծանոթը պարտադրել է կրկնել իր սովորեցրածը։ Սպառնացել է, թե իր ասած ձեւով ցուցմունք չտալու պարագայում կոչնչացնեն նրա ամբողջ ազգուտակին։ «Ես հուսահատված նույն օրը կրակվառիչի գլխիկով փորձեցի կտրել երակներս, բայց չստացվեց»,- պատմել էր Դերենիկ Բեջանյանը, որն ինքնասպանության փորձը հաջորդ օրն էլ էր փորձել կրկնել, բայց խցակիցներից մեկն իմաց էր տվել հսկիչներին եւ նրան օգնություն էին ցույց տվել։ «Տեսնելով, որ այլ ելք չկա՝ նոյեմբերի 15-ին տվեցի այդ մարդու պահանջած ցուցմունքը»,- այս խոստովանությանը փետրվարի 11-ի հարցաքննության ժամանակ հետեւել էր քննիչի հարցը, թե ինչու սպառնալիքների եւ իրեն պարտադրած ցուցմունքների մասին չէր հայտնել նոյեմբերի 15-ի նույն հարցաքննության ժամանակ։ «Ես վախեցել էի, որ այդ անծանոթը կիրականացնի իր սպառնալիքները,- պատասխանել էր Դերենիկ Բեջանյանը։- Բայց մեկ է՝ վաղ թե ուշ, պետք է խոստովանեի այդ կեղծիքը»։ …Մենք կփորձենք այս ցուցմունքի նախկին վարչապետին առնչվող հատվածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Արամ Սարգսյանից։ Եվ վաղուց արդեն ժամանակն է, որ ազգային անվտանգության նախարար Կարլոս Պետրոսյանն էլ պարզաբանի այն հարցը, որ մասնավորապես, Վանո Սիրադեղյանն էր արծարծել «Ա1+» հեռուստաընկերության եթերից հայտարարելով, թե ԱԱՆ-ի մեկուսարանում դեռ նոյեմբերի առաջին կեսից փորձել են մահվան սպառնալիքով իր եւ Վազգեն Սարգսյանի այլ զինակիցների դեմ ցուցմունքներ կորզել. «ԱԱՆ-ն ոստիկանության տարածքային բաժին չէ, որ անհայտ մարդը 100 մանեթ փող տա եւ ինչ-որ բան անի այնտեղ։ Սահմանափակ թվով մարդիկ թույլտվություն ունեն այնտեղ մտնելու եւ, բնականաբար, սահմանափակ թվով մարդկանց շարքում կարելի է գտնել այն մարդուն, որ կարող էր պատվիրել այդ բանն անել»։ Ի դեպ, մի ուշագրավ զուգադիպությամբ (՞) Վանո Սիրադեղյանն այս բացահայտումն արել էր փետրվարի 18-ին, այսինքն՝ Դերենիկ Բեջանյանի ցուցմունքից ընդամենը մեկ շաբաթ անց։ Ուրեմն, ովքե՞ր էին այդ «անծանոթները», որ հանգիստ ներսուդուրս էին անում ԱԱՆ մեկուսարան եւ ցուցմունքներ պարտադրում մեղադրյալներին։ Եվ ամենակարեւորը՝ ո՞ւմ ուղղորդմամբ եւ թելադրանքով էին նրանք գործում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել